Ո՞րն է Ալիեւի հետ նորից բանակցելու իմաստը

Ո՞րն է Ալիեւի հետ նորից բանակցելու իմաստը

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը կհետեւի՞, արդյոք, Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Դժվար է այսօր միանշանակ ասել, որ այդ հանդիպումը կկայանա, բայցեւ կրկնակի ավելի դժվար է պնդելը, որ Հայաստանը կմերժի այն` պատճառաբանելով, որ Ադրբեջանը որեւէ քայլ չի ձեռնարկել շփման գծում կայունություն ապահովելու ուղղությամբ: Ալիեւն արդեն իսկ հայտարարել է, որ մերժել է հայկական կողմի այդ նախապայմանը, եւ հիմա, կարծես, գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է:



ՄԽ համանախագահները Սարգսյանին եւ Ալիեւին կոչ են արել վերսկսել բանակցությունները: Չի բացառվում, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ փորձ արվի նախապատրաստել նախագահների նոր հանդիպումը, բայց նույնիսկ դա չի կարող երաշխիք լինել, որ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն, որովհետեւ



Ադրբեջանի պահվածքը, մեղմ ասած, ամենեւին էլ բանակցային չէ:
Հուլիսի 13-ի գրեթե ողջ օրը Սերժ Սարգսյանն անցկացրել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտու զորամասերում, պաշտպանության դիրքերում, կարճ` առաջին գծում, հայ զինվորների հետ: Սա առաջին դեպքը չէ, իհարկե: Սերժ Սարգսյանը նման այցերով լինում է ոչ միայն հայաստանա-ադրբեջանական սահմանում, այլեւ արցախա-ադրբեջանական շփման գծում: Վերջին այցը, սակայն, գրեթե մեռած բանակցային գործընթացի վերակենդանացման փորձերի ֆոնին բոլորովին այլ երանգ է ստանում:



Կարող է, իհարկե, հարց առաջանալ` ինչո՞ւ Տավուշ եւ ոչ Արցախ, ինչը, թերեւս, ավելի կընդգծեր սպասվող բանակցություններում Հայաստանի մտահոգությունը: Մեր կարծիքով, այցելելով Տավուշ` Սերժ Սարգսյանն ամենաանսպասելի մեսիջը հղեց ոչ միայն Մինսկի խմբի եռանախագահներին, որոնք ջանում են հերթական անպտուղ հանդիպումը կազմակերպել ի պետս իրենց հաշվետվություն, այլեւ Ադրբեջանին` Բաքվի տաք գլուխներին հիշեցնելով եւ մեկ անգամ եւս հասկացնելով, որ Հայաստանը չի հապաղի գործադրել իր հզորությունները` Արցախի դեմ նրանց հերթական խոշորամասշտաբ ահաբեկչությունը կանխելու համար: Սարգսյանի զինվորական հագուկապը, անմիջական շփումները զինվորների հետ, տեխնիկայի ու դիրքերի սեփական դիտարկումները եւս մեկ անգամ փաստեցին, որ ավելի վաղ Ադրբեջանին արված նախազգուշացումը` ընդհուպ հրթիռային հարված հասցնելու մասին, հերթապահ խոսքեր չեն:



Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր առաջին հարցազրույցն էր տալիս արտասահմանյան ԶԼՄ-ներին` պատմելով ռուս-ադրբեջանական հերթական, այս անգամ՝ արդեն 5 միլիարդ դոլար արժողությամբ զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրի մասին: Ըստ Հասանովի` արդեն իսկ Ադրբեջան է հասցվել այդ պայմանագրով նախատեսված զենքի մոտ 80 տոկոսը: Առաջին անգամ Հասանովը խոսել է նաեւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին, որոնք Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից եւ կկարողանա հաջողությամբ չեզոքացնել հայկական «Իսկանդերի» հրթիռային հարվածները: Բացի այդ, Հասանովը հայտարարեց, թե Ադրբեջանն ուսումնասիրում է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները եւ այժմ ՌԴ ՊՆ-ի հետ քննարկում է «իր տարածքում» այդ փորձը ներդնելու հնարավորությունը: Մասնագետների համար պարզից էլ պարզ է, որ Հասանովի հայտարարությունները, մասնավորապես` հայկական «Իսկանդերի» հարվածները չեզոքացնելու եւ Սիրիայում Ռուսաստանի փորձն Ադրբեջան բերելու մասին սովորական սալդաֆոնություն են: Դրանք գուցե տպավորություն թողնեն Ադրբեջանի հասարակության վրա, բայց ինքը` գեներալ-գնդապետ Հասանովը, լավ է հասկանում, որ Հայաստանից արձակված հրթիռն ավելի շուտ կհասնի իրեն, քան ինքը կհասցնի շորերը հանել: Էլ ո՞ւր մնաց, ուրեմն, որ հասցնի չեզոքացնել այն: Իսկ ինչ վերաբերում է Սիրիայում ռուսական զինուժի գործողություններն Ադրբեջանում կապկելու ցանկությանը, ապա դա պարզապես զավեշտ է, որովհետեւ դրա համար պետք է լինել ռուսական բանակ եւ ռուս զինվոր, իսկ մեր հարեւանին դա տրված չէ ի վերուստ:



Հասկանալի է, որ Ադրբեջանն էլ Հասանովի բերանով էր այդ օրը մեսիջներ հղում ՄԽ համանախագահներին եւ Հայաստանին: Եվ թե փորձենք համադրել հակամարտող կողմերի մեսիջները հնարավոր հանդիպումից առաջ, ապա կստացվի, որ փորձ է արվում հանդիպում կազմակերպել մի պահի, երբ հակառակորդ կողմերը պատրաստ են միանգամայն այլ` թնդանոթների երկխոսության: Դատելով Հասանովի հիստերիկ տոնից, որով նա հայտարարել էր, որ բանակցություններն արդյունք չեն տալիս, կարելի է ասել, որ այժմ այն հազվադեպ պահերից մեկն է, երբ հայկական կողմն ունի նախաձեռնություն եւ հաղթում է հեռակա պայքարում: Ալիեւի հետ նոր ձեռքսեղմումը կրկին հավասարություն կստեղծի կողմերի միջեւ: Եվ, ուրեմն, ինչո՞ւ գնալ դրան, երբ պարզ է, որ հայ-ադրբեջանական այս հակամարտությունը խաղաղ, բանակցային լուծում չունի: Դրա ապացույցն ապրիլյան պատերազմն էր, նաեւ վերջին շրջանի սրացումները, որոնք կշարունակվեին, եթե չլիներ հայկական զինուժի անհամարժեք պատասխանը:



Ժամանակը չէ՞, արդյոք, Ադրբեջանի հետ միշտ այդ լեզվով խոսելու, օգտագործելով հետախուզության տվյալները` առաջինը հարվածելու եւ Ալիեւի ահաբեկչական պլանները հենց օրորոցում խափանելու: Ի՞նչ ձեռքսեղմման մասին է խոսքը, երբ ամեն անգամ նման արարողության նախորդ եւ հաջորդ օրերին Ադրբեջանը միտումնավոր կրակում է` անմեղ զոհեր պատճառելով մեզ: Այնպես որ՝ ճիշտ ժամանակն է Բաքվին հասկացնելու, որ Հայաստանը, ոչ պակաս, քան Ադրբեջանը, կարող է գործել ի հեճուկս անպտուղ խաղաղասիրական առաքելությունների, որովհետեւ իր թանկ կորուստների մեծ մասը, Բաքվից զատ, նաեւ այդ առաքելությունների խղճին է ծանրացած:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ