Արի գնանք Նարեկացի

Արի գնանք Նարեկացի

Անկախության 26 տարիների ընթացքում մեր երկրի մշակութային ներկապնակը դեռևս մնացել է կիսաաղճատված. դժվար է ասել ստեղծվող արվեստի գործերում եվրոպական վարք ու բարքերն են գերիշխում, ասիականը, թե ավանդական հայկականը։



Ուրախալի է թերևս սոսկ այն հանգամանքը, որ հրամցվող բազմաբնույթ ժանրերում այսօր կա ընտրության մեծ հնարավորություն։ Ընտրել՝ ինչ ունկնդրել՝ ասիական, թուրքական ծորացող մեղեդայնությամբ, եվրոպական համարվող անհասկանալի ռիթմեր, թե մաքուր հայկական մշակումներ։ Կամ նախընտրել երեկոն անցկացնել դասական երաժշտության, դաշնամուրի մոգական հնչյուններ ունկնդրելով, թե տանը՝ հնդկական երանգներով սերիալների էկրաններին գամելով նաև երեխաներին։ Կեցցե այն հայ մայրը, որ սերունդ է կրթում դաշնամուրի, երգեհոնի հնչյուններով։



Եվ մեր քաղաքում կա այդպիսի մի վայր, որտեղ մուտքն ազատ է, որտեղ հավաքվում են դասական երաժշտության սիրահարները ու գալիս են անգամ մանկահասակ երեխաների ուղեկցությամբ։



Երաժշտական ճաշակ ձևավորելու գործում յուրովի ներդրում ունի մեր քաղաքի ամենագունեղ ու ինքնատիպ կենտրոններից մեկը՝ արդեն 13 ամյա Նարեկացի արվեստի միությունը։ Այս մարդասիրական, բարեգործական կենտրոնը, ինչպես հիմնադիր Նարեկ Հարությունյանն է ասում՝ կոչված է ծառայել հայ մշակույթին, համագործակցելու արվեստագետների հետ, ստեղծել այնպիսի հարթակներ, որոնց միջոցով կարելի է հայ արվեստը ներկայացնել աշխարհին:



Եվ ամռան տապին անգամ հերթական երեկոն զով ու հագեցած էր քաղաքի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գործող Նարեկացի արվեստի միությունում։



Բեմում էր արդեն 30 տարի բեմական գործունեություն ծավալող, սիրված դաշնակահար Հարություն Թագվորյանը՝ դաշնամուրի, կլավիսինի անզուգական հնչյուններով։



Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից մեղմ և խելագար հնչյուններ՝ երևույթների լայն ընդգրկմամբ, տրամադրությունների կենսունակությամբ, գաղափարների համամարդկայնությամբ...



Հիրավի ինքնատիպ մշակութային երեկո, որն ավարտվեց արվեստասեր հասարակության՝ միմյանց հետ հաղորդակցվելով, գաղափարներ փոխանակելով, ցուցասրահում ներկայացված գեղանկարչական արվեստին ևս հաղորդակից դառնալով...



Վարդինե Իսահակյան