Իսպանիայի կառավարությունը թուրքամետ և ադրբեջանամետ է, որը պայմանավորված է հայ-իսպանական դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ

Իսպանիայի կառավարությունը թուրքամետ և ադրբեջանամետ է, որը պայմանավորված է հայ-իսպանական դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ

Վերջին շրջանում միջազգային հանրության ուշադրությունը բևեռվեց Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության վրա: Փորձեցինք պարզել՝ որքանով է այն անդրադարձել Իսպանիայի հայ համայնքի վրա: Երբ խոսք է լինում Իսպանիայի հայ համայնքի մասին, պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. Իսպանիան դասական հայկական համայնք չունի: Ասել է թե, Իսպանիայում հայ համայնքը ձևավորվել է վերջին 20-25 տարիների ընթացքում՝ Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախությունից հետո:



Ներկայումս Իսպանիայում մոտ 10.000 հայ ազգաբնակչություն կա, որոնցից 3000-ը բնակվում են Վալենսիայի մարզում, 2.800-ը՝ Կատալոնիայում, 2.500-ը՝ Մադրիդի մարզում, իսկ մնացյալը Բասկերի երկրում, Անդալուսիայում (Մալագա, Սևիլիա...), Գալիցիայում և այլուր: Ըստ բնակչության քանակի, ամենից շատ հայեր բնակվում են Վալենսիայի շրջանի Միսլատա քաղաքում, որտեղ ներկայումս ավելի քան 300 հայ կա, այն դեպքում, երբ քաղաքի բնակչությունը մոտ 45.000 է: Իսպանիայում առաջին հայկական կազմակերպությունը՝ «Արարատ» Հայկական Միությունը, ստեղծվել է 2004 թվականին հենց Միսլատա քաղաքում:



Hraparak.am-ի զրուցակիցը «Արարատ» հայկական միության հիմնադիր-նախագահ Արարատ Ղուկասյանն է:



-Պարո՛ն Ղուկասյան, ինչպիսի՞ տրամադրություն է Իսպանիայում,հատկապես հայ համայնքի շրջանում: Ինչո՞ւ ահաբեկչական գործողություններ կատարվեցին հենց Բարսելոնայում:



- Իսպանիայում համեմատաբար նոր ժողովրդավարություն է: Խոան Կառլոս I թագավորը 1975 թվականին, գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո միայն ստանձնեց բռնապետությունից ժողովրդավարական կարգերին անցման դժվարագույն գործը: Այս 40 տարիների ժողովրդավարությունը, սակայն, հարթ ճանապարհով չի ընթացել՝ մասնավորապես հաշվի առնելով բասկերի ԷՏԱ կազմակերպության պայքարը, որը կենտրոնական իշխանությունը որակավորել է որպես ահաբեկչական կազմակերպություն և որն էլ հենց այդպես ընդունվում է միջազգային հանրության կողմից: Ճիշտ է ահաբեկչական խմբավորումը դեռևս ամբողջովին զենքերը վայր չի դրել, սակայն կանգնած է արդեն լուծարման եզրին: ԷՏԱ-ն իր գործունեության ընթացքում մոտ 1000 մարդ է սպանել:



Վերջին տասնամյակների իսպանական ներքին քաղաքականությունը բնորոշվում է նաև անհամեմատ բարձր մակարդակի վրա գտնվող կաշառակերությամբ, որը բոլորովին վերջերս ջրի երես հանեց բազմաթիվ քաղաքական գործիչների, ձեռնարկատերերի և անհատների միլիարդների հասնող դրամաշորթումները: Եվրամիություն մուտք գործելուց ի վեր (1985 թ.) Իսպանիայում լվացվել է մոտ 70 միլիարդ եվրո հանրային գումար, որի ճիշտ տնօրինման դեպքում երկիրն այդքան չէր տուժի համաշխարհային ճգնաժամի հարվածից: Ահա այս հանգամանքները հիմք հանդիսացան, որ երկիրը դառնա ավելի ապակենտրոն, քան առաջ էր: Տարիների խորքից եկող բասկերի և կատալանների անկախության համար մղվող ժողովրդավարական պայքարն ավելի մեծ թափ է ստացել վերջին տասնամյակում: Այս մարզերում անցկացվում են անկախության հանրաքվեներ, որոնք, ճիշտ է, չեն ճանաչվում կենտրոնական կառավարության կողմից, այդուհանդերձ ավելորդ անգամ հիշեցնում են նրան իր համար տհաճ խնդրի մասին:



Ահա այս օրեցօր ուժգնացող պայքարի և հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվելիք հերթական հանրաքվեի մթնոլորտում տեղի ունեցավ Բարսելոնայի և Կամբրիսի ահաբեկչությունը, որը 15 մարդու կյանք խլեց (չհաշված ահաբեկիչները) և որը, կամա-ակամա ինչ-որ չափով շեղել է անկախության ձգտող կատալան քաղաքական գործիչների ու բնակչության ուշադրությունը:



-Այսօր արաբներին, մահմեդականներին ինչպե՞ս են վերաբերվում երկրում, հատկապես հայտնի ակտից հետո:Կա՞ խտրականություն նաև հայերի նկատմամբ, հնարավո՞ր է Իսպանիա մեկնած հայերը սկսեն վերադառնալ, ի վերջո՝ ամենաապահով երկիրը պարզվեց Հայաստանն է:



- Ժողովրդավար հիմունքների վրա զարգացող Իսպանիայի քաղաքական էլիտան ամեն կերպ փորձում է զերծ մնալ խնդիրը կրոնական հարթակ տեղափոխելուց, այնուամենայնիվ, ընդհանուր դժգոհությունը մահմեդական բնակչության հանդեպ բավականին աճել է: Իսպանացիների մոտ դեռ թարմ է 2004 թվականին ջիհադիստների իրագործած ցայսօր ամենամեծ ահաբեկչությունը, որը 192 մարդու կյանք էր խլել:
Ինչ վերաբերում է հայ ազգաբնակչությանը, ապա հարկ է նշել, որ եթե տարիներ առաջ մենք՝ հայերս, իսպանացիներին պետք է բացատրեինք, թե ինչ է ասել հայ և Հայաստան ու նաև տեղեկացնել նրանց, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն ենք, ապա հիմա արդեն դրա կարիքը չկա. Իսպանացին այլևս մեզ ու մուսուլմաններին, ինչպես այստեղ են ասում, «մեկ պարկի մեջ չեն տեղավորում»: Բացի դրանից, այս 20-25 տարիների ընթացքում իսպանահայն ի ցույց է դրել իր բարի կամքը ո՛չ միայն ինտեգրվելու նոր հասարակության մեջ, այլև, պահպանելով արմատները, նպաստել երկրի զարգացմանը: Այնպես որ, հայ ազգաբնակչությունն այս վերջին ահաբեկչությունից հետո մտահոգվելու ոչինչ չունի:



-Գերմանական Deutsche Welle-ն հայտնում էր, որ հրեական համայնքի ռաբբի Մահիր Բար-Խենը հայտարարել է, որ հրեաները պետք է հեռանան Իսպանիայից, քանի որ Իսպանիան դարձել է ողջ Եվրոպայի համար ահաբեկչությունների կենտրոնը, ինչո՞ւ այդպես արտահայտվեց:



- Ռաբբի Մահիր Բարխենի հայտարարությունը չեմ կիսում, քանի որ, նախ ուզում եմ նշել, որ Իսպանիայի ազգային ոստիկանությունը շատ լավ է աշխատում, մի փորձ, որը նա ձեռք է բերել ԷՏԱ-ի դեմ երկարատև պայքարի ընթացքում, և հետո էլ այստեղ մահմեդականներն այնքան էլ մեծ թիվ չեն կազմում, ինչպես, օրինակ, Ֆրանսիայոմ, Բելգիայում կամ Գերմանիայում: Թեև դարեր են անցել Ալ-Անդալուսից, սակայն իսպանացիների հիշողության մեջ դեռ արթուն է արաբական լուծը: Այսուհանդերձ, վերադառնալով մեր պայքարին, պետք է նշեմ, որ Իսպանիայի կառավարությունը թուրքամետ և ադրբեջանամետ է, որը պայմանավորված է արդեն վերը նշված հայ-իսպանական դիվանագիտական հարաբերությունների բացարձակ բացակայությամբ և թուրք-իսպանական առևտրային սերտ կապերով (Իսպանիան Թուրքիային մոտ 980 միլիոն եվրոյի հասնող ապրանք է վաճառում, որի մեծ մասը զենք-զինամթերքն է կազմում):



-Ի՞նչը ստիպեց Ձեզ ժամանակին լքել հայրենիքը:



- Ամենևին նպատակ չեմ ունեցել հեռանալ հայրենիքից: Պարզապես 90-ական թվականներին, աշխատելով դպրոցում և ստանալով ընդամենը 10.000 դրամ աշխատավարձ, հնարավոր չէր ընտանիք պահել: Ես համարում եմ, որ իմ պարտքը կատարել եմ հայրենիքիս նկատմամբ (ունեմ բարձրագույն կրթություն, ծառայել եմ Հայոց բանակում, որպես վաշտի հրամանատար՝ լեյտենանտի կոչումով, աշխատել եմ դպրոցում Հայաստանի համար ամենածանր տարիներին՝ պատմություն դասավանդելով աշակերտներիս) և մինչև հիմա էլ կատարում եմ (հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու հիմնել եմ հայկական միություն, դպրոց, թերթ, ռադիոժամ... Իսպանիայի 5 նահանգ և 31 քաղաք մեր գործունեության հետևանքով՝ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը...)... Սակայն, համարում եմ, որ հայրենիքի վերածված իշխանությունն իր պարտքն իմ և իմ նման միլիոնավոր մարդկանց հանդեպ չի կատարել (ուզում եմ մտածել, որ ԴԵՌ չի կատարել) ու չի կատարում: Անձամբ ինձ համար ոչինչ չեմ խնդրում և պահանջում իմ երկրից: Միակ ցանկությունս է, որ կարողանանք հաստատուն լինել մեր պայքարի մեջ, դիմակայել թուրք-ադրբեջանական ապատեղեկատվությանն ու լոբբինգին և Հայկական սփյուքի նկատմամբ ցուցաբերենք ազգային գաղափարախոսություն՝ պետական մակարդակով:



Սփյուռքի համայնքների հիմնախնդիրների շարքում ավանդական տեղ են զբաղեցնում ինքնության պահպանման հարցերը։ Որքանո՞վ է այն Ձեզ հաջողվում:



- Դժվար է դիմակայել ուծացմանը, պայքարել ձուլման դեմ և հայապահպանության համար: Դիցուք իսպանացիներն ու հայերս շատ նման ենք իրար՝ արտաքինով, բնավորությամբ, մի քիչ էլ ավանդույթներով: Խառնամուսնություններն այստեղ հիմնականում վերջանում են հայ ինքնության կործանմամբ: Այս ասպարեզում մեծ դեր են խաղում հայկական մեկօրյա կրթօջախները: Ինչպես արդեն նշել էի, Իսպանիայում առաջին հայկական դպրոցը հիմնվել է Միսլատայում 2004 թվականին: Այնտեղ դասավանդում եմ նաև ինքս, և պետք է գոհունակությամբ նշեմ, որ ամեն տարի 20-30 հայ երեխաների մենք փրկում ենք ուծացումից: 2008 թվականին ծնունդ առած «Հայրենիք» շաբաթաթերթը մեծ դեր կարող է խաղալ հայապահպանության գործում, եթե իսպանահայությունն ավելի լրջորեն և սրտացավորեն մոտենա դրա հետևում թաքնված ծանրագույն աշխատանքին: Եթե յուրաքանչյուր հայի օջախ մեկ համար թերթ մուտք գործի, ապա հայերենը մաս կկազմի տվյալ օջախի: Թերթում զետեղվում են հայ գրականություն, հայոց պատմություն և Սփյուռքի կազմակերպությունների նախաձեռնությունները: Հայապահպանության և հայածանուցման գործում մեծ դեր է խաղում նաև «Հայկական ռադիոժամը», որը ծնունդ առավ 2015 թվականին, երբ առաջին անգամ Իսպանիայի հանրային ռադիոյով հնչեց «Ողջույն հայեր» արտահայտությունը:



- Ո՞րն է այստեղի եւ այդտեղի հայերի տարբերությունը:Եւ առհասարակ՝ Իսպանիայի հայության առանձնահատկությունը:



- Իսպանահայության և Հայաստանի հայության միջև սովորույթային գրեթե ոչ մի տարբերություն չկա: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Իսպանիայում բնակվող հայերի գրեթե 95 տոկոսը ներկայիս անկախ Հայաստանից են վերաբնակվել այստեղ: Այնպես որ, մեր հայրենիքում տեղի ունեցող ցանկացած լավ թե վատ իրադարձություն ուղղակի կամ անուղղակի ձևով առնչվում է նաև մեզ: Եթե որևէ տարբերություն նշած լինեմ, ապա թերևս այն վերաբերի նոր միջավայրի սովորույթների յուրացմանը, որը ոչ թե արմատներից հեռացում է, այլև ժողովրդավար հիմունքների գնահատում. կցանկանայի Հայաստանը տեսնել օրինապաշտ ու օրինական երկիր, որտեղ իքներս մեզ օտարացած չզգայինք: Ի վերջո, մենք չենք լքել մեր հայրենիքը, մեզանից հեռացել ու մեզ վտարանդի են դարձրել մեր իշխանությունները: Վերջերս եղա հայրենիքում, և առանց չափազանցելու, կարող եմ ասել, որ 10-ից 9-ը ցանկանում է լքել երկիրը: Եվ ցավալին այն է, որ լքողների շարքում են հայտնվել նաև միջին և նույնիսկ բարձր խավերը: Բոլորս էլ ցանկություն ունենք վերադառնալ մեր հայրենիք, սիրել այն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռվից, այլև հենց նրա միջից:



- Գրեթե ամեն տարի դուք գալիս եք հայրենիք, ի՞նչ փոփոխություններ եք տեսնում, դրանք տխրեցնո՞ւմ, թե՞ ուրախացնում է ձեզ: 



-Այո՛, գրեթե ամեն տարի գալիս եմ հայրենիք: Կարոտում եմ: Առիթ եմ փնտրում, որպեսզի այցելեմ իմ հարազատներին, ընկերներիս, բարեկամներիս... Ինքս ինձ երդվել եմ, որ այսուհետ պիտի այցելեմ ո՛չ թե տխուր առիթների ժամանակ, այլև ուրախ առիթներին: Ի վերջո, Հայաստանը գերեզմանոց չէ, որպեսզի հարազատի մահվան համար գնալ կամ բարեկամին տանել այնտեղ հողին հանձնել: Ցավոք սրտի ոչ մի փոփոխություն դեպի լավը չեմ տեսնում: Իմ կարծիքով՝ Երևանի կենտրոնից բացի Հայաստանի ամեն մի անկյուն յուրովի մեռած է: Մենք ուզում ենք զարգացնել զբոսաշրջությունը մեր երկրում, սակայն մի կարգին ճանապարհային ցանց չունենք: Ունենք բազմաթիվ ու բազմապիսի տեսարժան վայրեր, սակայն չունենք ճանապարհ՝ դրանց հասնելու համար: Մարզերում դեռևս հովհարային անջատումներ կան, ջուրը կտրում են, երբ ցանկանում են: Գյումրին դեռևս աղետի գոտի է համարվում: Իսկ արդեն գրեթե 30 տարի է անցել: Մենք այստեղ իսպանացի մեր ընկերներին գլուխ ենք գովում մեր երկրից, սակայն ի՞նչով պիտի բերենք զարմացնենք նրանց՝ հուշարձանների կողքին կուտակված աղբո՞վ, թե՞ առնետներով լի մուտքերով: Իմ կարծիքով, մենք չունենք ո՛չ պետական մտածելակերպ և ո՛չ էլ ազգային գաղափարախոսություն: Մենք շրջապատված ենք թշնամի երկրներով, որոնց մենք ի զորու ենք հաղթել միմիայն ուժեղ տնտեսությամբ, այլ ո՛չ թե անիմաստ զոհերով լի պատերազմով:



Նշենք, որ ներկայումս Իսպանիայում հայկական կազմակերպություններ և կրթօջախներ կան Մադրիդում, Բարսելոնայում, Ալիկանտեում, Մալագայում, Սան Սեբաստիանում և այլ քաղաքներում: Մեր զրուցակցի խոսքերով 2007-2010 թթ. Վալենսիայում բացվել էր Պատվո Հյուպատոսություն, որի գործունեությունից նորահաստատ հայ ազգաբնակչությունն այնքան էլ գոհ չէր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ո՛չ պատվո հյուպատոսը և ո՛չ էլ աշխատակիցները, տեղյակ չէին իրենց աշխատանքի բնույթից և շատ դեպքերում նրանց գործունեությունը հիմնված էր կեղծիքի վրա: 2010 թվականին Մադրիդում հիմնվում է նաև Հայկական դեսպանություն, թեև հայ-իսպանական դիվանագիտական հարաբերությունները գտնվում են գրեթե զրոյական մակարդակի վրա:



Արևիկ Հակոբյան