ՀՀՇ վարչության քաղխորհրդի շաբաթօրյա նիստում փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի անձի շուրջ պայթած կոնֆլիկտը երեկվա թոփ-նորությունն էր: Քոքոբելյանի գործունեության, հատկապես իշխանությունների հետ նրա բիզնես կապերից դժգոհություններն ու անվստահությունը մեկ օրում չեն հասունացել: Հիշեցնենք, որ Խաչատուր Քոքոբելյանը "Արթիկտուֆ" ձեռնարկության փայատերերից է եւ ընդհանուր շահեր ունի մյուս, ամենեւին էլ ոչ ընդդիմադիր բիզնեսմենի` Վահան Հովհաննիսյանի հետ: Խոսքը ոչ թե ԱԺ պատգամավոր, այլ նախկին լրագրող եւ Տիգրան Նաղդալյանի ընկեր Վահան Հովհաննիսյանի մասին է: Ի դեպ, դեռեւս Նաղդալյանի ժամանակներից եւ նրա միջամտությամբ այդ "Արթիկտուֆի" գրասենյակը տեղավորվում էր Ռադիոտան շենքում: Խաչատուր Քոքոբելյանի նկատմամբ անվստահությունը պայմանավորված էր նրա կախյալ վիճակով եւ բիզնես շահերով, ահա ինչու ՀՀՇ վարչությունում ոմանք նրան համարում էին իշխանությունների մարդ, եւ նույնիսկ շշուկներ տարածվեցին, որ այս խոսակցություններից խուսափելու եւ իր մեջքն ամրապնդելու համար էր Խաչատուր Քոքոբելյանը վերջերս կարճ ժամանակով մեկնել ԱՄՆ: Ինքը՝ Քոքոբելյանը, երեկ անջատել էր հեռախոսը, եւ նրանից որեւէ տեղեկություն ճշտելն անհնար էր: Իսկ ՀԱԿ-ում եւ ՀՀՇ գրասենյակում երեկ առավոտվանից պարտիզանական լռություն էին պահպանում եւ սկսեցին խոսել միայն այն ժամանակ, երբ լուրերը սկանդալային մանրամասներով համալրվեցին: Կեսօրին տեղեկություն տարածվեց, թե ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանին եւ նոր տեղակալ Խաչատուր Քոքոբելյանին 5 մլն. դոլար է տրվել՝ կուսակցությունը պառակտելու նպատակով, եւ որ այս մասին հայտնի է դարձել ՀԱԿ ղեկավարությանը: "Եթե դա այդպես է, գնամ իմ բաժինը ուզեմ Խաչիկից",- փորձեց կատակի տալ ՀՀՇ վարչության անդամ Մասիս Այվազյանը, իսկ Դավիթ Մաթեւոսյանն ասաց, թե ինչ-որ բան լսել է Քոքոբելյանի հրաժարականի մասին, բայց ստույգ չգիտի ինչի մասին է խոսքը: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը նույնպես հրաժարվեց խոսել միջադեպի եւ առաջիկա համագումարի մասին եւ մեզ ուղարկեց կուսակցության մամուլի պատասխանատու Կարեն Կարապետյանի մոտ: Վերջինս էլ հայտնեց, որ Քոքոբելյանը դիմում է ներկայացրել կուսակցության վարչությունից դուրս գալու վերաբերյալ, որը վարչությունում չի քվեարկվել, այլ ընդամենը ընդունվել է ի գիտություն: Պատճառը իր ունեցած որոշակի տարաձայնություններն են Հայ ազգային կոնգրեսի քաղաքական գծի վերաբերյալ, ինչի մասին միշտ հրապարակավ հայտարարել է: "Մասնավորապես` միշտ կողմ լինելով ավելի բաց, թափանցիկ քաղաքականությանը, Քոքոբելյանն առաջարկել է ընդդիմության անորոշ քաղաքական ուղեգիծը փոխարինել ավելի կոնկրետ, որոշակի, վճռական գործողություններով": Կարելի է ենթադրել, որ բիզնեսմեն Քոքոբելյանը դեմ է եղել ՀԱԿ անգործությանը, ինչը ձեռներեց մարդու համար, համաձայնեք, այնքան էլ բնական պահվածք չէ: Մանավանդ, եթե հիշենք ՀԱԿ մյուս հայտնի ձեռներեցներին, օրինակ, Սուքիասյաններին, որոնք վերջերս բավականին պասիվ, բայց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին շատ ավելի բնորոշ քաղաքական պահվածք են դրսեւորում: "Քիչ առաջ հնչած լուրերը, որ իբրեւ թե 5 մլն. դոլար են տվել Արարատ Զուրաբյանին եւ Խաչիկ Քոքոբելյանին, որպեսզի նրանք պառակտեն ՀԱԿ-ը, զուտ հերյուրանքներ են, Զուրաբյանին եւ Քոքոբելյանին հեղինակազրկելու ջանքեր են, իսկ այդ լուրերը տարածողները զբաղվում են բանսարկությամբ: Կան մի խումբ անձինք, որոնք ի դեմս Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի՝ տեսնում են քաղաքական լուրջ մրցակիցների եւ այդպիսի խոսակցությունների միջոցով փորձում են նրանց վարկաբեկել",- շարունակեց Կարեն Կարապետյանը: Զուրաբյանի "մրցակիցների" անունները Կարապետյանը չնշեց, կոռեկտություն պահպանելով այդ մարդկանց նկատմամբ: "Կստացվի, որ ես նույնպես զբաղվում եմ բանսարկությամբ: Բայց ակնհայտ է, որ այս պրոցեսում շահագրգիռ կողմեր կան: Կարող եմ ասել, որ էդ պրոցեսը նոր չէ, որ արդեն բավականին տեւական ժամանակ է, որ սիստեմատիկաբար փորձեր են արվում վարկաբեկել ՀՀՇ-ին",- ասաց նա: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀՇ առաջիկա համագումարում, որը օրերս է սպասվում, կուսակցության նախագահը փոխվի, նա դժվարացավ պատասխանել. "Բայց կարծում եմ, որ Արարատ Զուրաբյանը ՀՀՇ կուսակցության ներսում այնքան ահռելի վստահության քվե ունի, որ դա քիչ հավանական է": Արամ Մանուկյանը, որը հոգնած եւ շոգած դեմքով նստած էր ՀՀՇ աշխատասենյակներից մեկում, եւս պառակտման նշաններ ՀՀՇ-ի ներսում չի տեսնում: "Պահանջներ կան ավելի վճռական գործողությունների, եւ Քոքոբելյանի այդ հրաժարականն էլ դրա հետ է կապված: Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել,- ասաց նա:- Ես շատ ուրախ եմ, որ ՀՀՇ-ն միշտ եղել է բազմակարծության կուսակցություն, եւ մենք ուժեղանում ենք, մենք կանք դրա հաշվին: Բացախոսությունը կամ այլ կարծիք հարգելը մեր հիմնական հատկությունն է: Մենք գոնե մեզ լիբերալ ենք համարում, եւ կարծիքների սպեկտոր, ակտիվ քննարկումներ միշտ էլ կան ՀՀՇ-ի ներսում: Ես չեմ հիշում, որ մենք երբեւէ կոմունիստական քննարկում անենք, կամ միաձայն որոշում լինի որեւէ հարցի վերաբերյալ": Արամ Մանուկյանն ասաց, որ ՀՀՇ համագումարում ռադիկալ փոփոխություններ ոչ մարտավարության, ոչ էլ խնդիրների առումով չեն լինելու, սակայն նա չթաքցրեց, որ սպասվում է վարչության կազմի նորացում, ինչն ինքը նորմալ պրոցես է համարում: "Կարո՞ղ է վարչության նախագահի ուրիշ թեկնածություն լինի, բացի Արարատ Զուրաբյանից" հարցին նա պատասխանեց, որ իր մոտ այդպիսի հարց չկա: Երեկ ՀՀՇ գրասենյակը գրությամբ կառավարությունից խնդրել է հնարավորինս կարճ ժամկետում տրամադրել Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող նիստերի դահլիճը՝ ՀՀՇ համագումար անցկացնելու համար, եւ այժմ, ըստ էության, համագումարի օրը որոշվելու է ըստ կառավարության պատասխանի:
Կարծիքներ