Հիլլարի, Հիլլարի, դու մեր հախից մի արի
Հիշեցնելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին` Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցել է ՌԴ նախագահ Մեդվեդեւը, տիկին Քլինթոնը շեշտել է. «Այժմ մենք հուսով ենք տեսնել ղարաբաղյան կարգավորման իրական առաջընթաց՝ հիմնարար սկզբունքներն ամբողջացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա մշակել վերջնական փաստաթուղթը»: ՀՀ արտաքին քաղաքական մտքի գիգանտը՝ արտգործնախարար Նալբանդյանը, գրեթե նույնությամբ կրկնել է Հիլլարիի տեսակետը:
Մինչ այդ, իհարկե, աներեւակայելի հրճվանքով է հիշել ԱՄՆ անկախության օրվա խորհուրդն ու ոչ ավել, ոչ պակաս հայտարարել, որ ինչպես ԱՄՆ ժողովուրդը 234 տարի առաջ, այնպես էլ մենք՝ հայերս ենք քսան տարի առաջ ապացուցել, որ կարող ենք ու վերականգնել ենք մեր պետականությունը: «Անկախության հենց առաջին օրերից ամերիկացիները եղել են մեր կողքին»,-շողոքորթել է Նալբանդյանը: Հավելենք միայն, որ 234 տարի առաջ ԱՄՆ-ն պետականություն չէր վերականգնում, իսկ մենք այսօր գտնվում ենք ԱՄՆ-ում իրենց ինքնությունը կորցրած հնդկացիների ճակատագիրը կրկնելու վտանգի առջեւ:
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
Մինչ տիկին Քլինթոնի համար հայերենից անգլերեն թարգմանությունը Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ կրում էր ավանդական տեխնիկական անհարմարությունը, նրանց դիվանագիտական լեզուն Հայաստանի ու Արցախի հասարակ ժողովրդին հասկանալի մատուցելու համար պահանջվում է կրկնակի թարգմանություն: Քլինթոնը Հայաստանում ասաց, որ այլեւս պետք է ամբողջացնել ու վերջնական տեսքի բերել կարգավորման վերջնական փաստաթուղթը՝ պետերբուրգյան առաջարկների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում: Ադրբեջանին ենք հանձնելու բոլոր այն յոթ շրջանները, որոնք ազատագրել ենք երկարամյա պատերազմի ընթացքում եւ որոնցից ընդամենը հինգը զիջելու եւ ԼՂ վերջնական անկախությունը ստանալու Տեր-Պետրոսյանի «փուլային» տարբերակի դեմ ընդվզեց ողջ հայ ժողովուրդը՝ ի դեմս քաղաքական կուսակցությունների, ու հասավ առաջին նախագահի հրաժարականին:
Այսօր այդ ընդվզողները պապանձված հետեւում են ազատագրված տարածքներն առանց որեւէ շահի Ադրբեջանին հանձնելու գործընթացին: Մադրիդյան լրամշակված փաստաթղթում առկա հաջորդ կետերը՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը, խաղաղապահ զորքերի տեղակայումն ու ադրբեջանցի փախստականների վերադարձից յոթ տարի հետո նախատեսված հանրաքվեն էլ այն հարցերն են, որոնք պիտի «քննարկեն» ու ամբողջացնեն տիկին Քլինթոնի ասած «վերջնական փաստաթուղթը»: Քլինթոնը Երեւանում մի քանի ընդհանրական հայտարարություններ էլ արեց հարցը խաղաղ ճանապարհով լուծելու գաղափարի շուրջ: Նա մի քանի անգամ կրկնելով”ցավում ենք□ (ըստ երեւույթին, ԱՄՆ ամբողջ վարչակարգի անունից), Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող միջադեպերի ու հատկապես վերջին դեպքի առիթով ասել է. «Սրանք 1994 թվականի հրադադարի համաձայնագրի անընդունելի խախտումներ են»:
Նա իր բարձունքներից երկու նախագահներին կոչ է արել չվերադառնալ բռնություններին: Հասկանալի է, չէ՞, երկու նախագահներին: Դժվար է հավատալ, թե ԱՄՆ-ն չգիտի, որ այդ բռնությունների մասին ինչպես կոչերը, այնպես էլ գործնական կիրառությունը ցուցաբերում է Ադրբեջանը ու ինքն էլ խախտում 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը: Տիկին Քլինթոնը ոչ թե դատապարտել է այդ հանդգնությունը կամ գոնե Ալիեւին է կոչ արել զերծ մնալ իր մեթոդներից, այլ «երկու երկրների նախագահներին»: Նշանակո՞ւմ է արդյոք այս դիրքորոշումը, որ ԱՄՆ-ն փորձում է կողմերի նկատմամբ պահպանել «հավասարության սկզբունքը», խիստ կասկածելի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Քլինթոնից առաջ տարածաշրջան էր եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Գեյցը ու, ի տարբերություն պետքարտուղարի, շրջանցել էր Երեւանը եւ ԼՂ հարցը քննարկել միայն Բաքվում:
Նույնիսկ ամենամոտավոր վերլուծությունն է ենթադրում, որ տարածաշրջանում իր դիրքերը հաստատելու ծրագիրը ԱՄՆ-ն իրականացնում է տնտեսական առաջնահերթությունների սկզբունքով՝ նավթի ու գազի այլընտրանքային աղբյուրներ, տարանցիկ ճանապարհներ, պայքար միջազգային տեռորիզմի դեմ: Այս ամենի համար անհրաժեշտ է կայուն տարածաշրջան, ու հենց դա է պատճառը, որ Քլինթոնը պատվել է ՀՀ իշխանություններին իր այցելությամբ: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դուրս բերել փակուղուց, իսկ դրա համար պետք է լուծել Ղարաբաղի հարցը ցանկացած գնով: Այնպես որ՝ եկավ, նալբանդեց, գնաց:
ՍԵԿՏՈՐ Բ
Երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի մասին անցյալում մի անեկդոտ էր շրջանառվում: Անապատում բարբառողի օրինակով փորձում է մարդկանց ինչ-որ բան ասել: Դուրս է գալիս հրապարակ ու կանչում. «Ժողովո՜ւրդ, ժողովո՜ւրդ»: Տեսնելով, որ արձագանք չկա, ինքն իրեն պատասխանում է. «Տո ո՞ւր է այստեղ ժողովուրդ»: Քանի որ օրը կիրակի էր, այցն էլ՝ կիսագաղտնի ու հույժ պաշտոնական, ԱՄՆ պետքարտուղարի կորտեժը ծաղիկներով, ծափերով, ողջույններով չուղեկցեցին Երեւանի բնակիչները: Արարողակարգով Հիլլարի Քլինթոնն այցելեց նախ մեռյալներին՝ ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Հետո հանդիպեց հասարակական սեկտորի ներկայացուցիչներին՝ իրավապաշտպաններին:
Հանդիպումը, դու մի ասա՝ փակ է եղել, ու պայմանավորվել են, որ իրավապաշտպանները լրատվամիջոցներին բան չասեն: Նրանցից մի քանիսը թեպետ համաձայնեցին խոսել, բայց սահմանափակվեցին ընդհանուր տեղեկատվությամբ: «Խոսել ենք քաղբանտարկյալների, խոսքի ազատության սահմանափակումների, մարդու իրավունքների ոտնահարման փաստերի մասին»,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Քլինթոնին մոտիկից տեսնելու պատվին արժանացածներից մեկը:
Կարծիքներ