Կախվել է տան պատշգամբից

Կախվել է տան պատշգամբից
Անցյալ շաբաթ Ստեփանավանում ինքնասպան է եղել Մեսրոպյան փողոցում բնակվող 15-ամյա Գեւորգ Վարդանյանը: Տղայի մարմինը գտել են տան պատշգամբում, առաստաղից կախված: Ոստիկանության Ստեփանավանի բաժինը պարզել է, որ Գեւորգին ինքնասպանության է դրդել 17-ամյա Վլադիմիր Ս.-ն, որը նրանից պարբերաբար գումարներ էր պահանջում: Տղան ինչ-որ ժամանակ բերել է այդ գումարները, հետո էլ չի դիմացել ճնշումներին եւ վերջ է տվել կյանքին: Վլադիմիրը ձերբակալված է: Ձերբակալել են նաեւ Վլադիմիրի հորը, որը, ըստ որոշ լուրերի, նախկինում դատապարտված է եղել, եւ մեկ օր պահելուց հետո բաց են թողել: Ստեփանավանցիք, որ խնդրեցին չհրապարակել իրենց անունները,  պատմեցին, որ տղաները՝ Գեւորգը եւ Վլադիմիրը, այլ անչափահասների հետ հաճախ էին հավաքվում խմբով եւ քարտ խաղում: Քաղաքում տղայի ողբերգական մահվան մեղավորն են համարում ոստիկաններին, որոնք չեն կարողանում պատշաճ ձեւով հսկել անչափահասների ժամանցը: Բայց գործազրկության մակարդակով առանձնացող Ստեփանավանում թղթախաղը անչափահասների շրջանում լայնորեն տարածված է, եւ նման հսկողություն սահմանելը հեշտ չէ: Ասում են, Գեւորգ Վարդանյանը մեծ պարտք էր կուտակել, որը Վլադիմիրը պարբերաբար փորձում էր "ստանալ": Մյուսներն էլ վստահեցնում են, որ երեխաների շրջանում եղել է ղումար խաղացող մեկը, որն էլ այդ փողը ստացել է երեխաներին վախեցնելով եւ ճնշելով: Երբեմն Գեւորգին հաջողվել է իր դասարանցիներից 100 կամ 200 դրամ խնդրել եւ տալ Վլադիմիրին: Ինքնասպան երեխայի պապը՝ Ջոնիկ Սահակյանը, վստահեցնում է, որ Վլադիմիրը վախեցրել է թոռնիկին: Բայց ոչ ինքը, ոչ էլ երեխայի ծնողներն այդ մասին չեն իմացել. "Բա որ իմանայի, չէի ջարդի էդ լակոտին",- ասում է թոռանը թաղած ծերունին: Ընտանիքում ամենածանր վիճակում Գեւորգի 14 տարեկան քույրիկն է: Նա անընդհատ հիշում է եղբորը, նրա իրերից եւ խաղալիքներից չի բաժանվում: "Մենք անհանգստանում ենք էդ երեխի վիճակի համար",- ասում է Ջոնիկ Սահակյանը