Նվեր Պողոսյանը մեծ տրամաչափի խողովակներ չի տեսել

Նվեր Պողոսյանը մեծ տրամաչափի խողովակներ չի տեսել
Օրերս մամուլը հեղեղվեց Գեղարքունիքի մարզի հինգ գյուղերը, ինչպես նաեւ Սեւանա լիճը սնուցող Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունի փոփոխության մասին տեղեկություններով, ինչի դեմն առնելու համար տեղի բնակիչները նախօրեին անգամ փակել էին Երեւան-Մարտունի ճանապարհը՝ պահանջելով վերջ դնել բնության դեմ ոճրագործությանը, քանի որ այսկերպ իրենք ոչ միայն ոռոգման ջրից էին զրկվելու, այլեւ Սեւանա լճի բալանսն էր խախտվելու: Իսկ  վտակի հունի փոփոխության պատճառը Վայոց ձորում ՀԷԿ կառուցելն էր, ինչն անխափան ընթացք կունենար, եթե տեղի բնակչությունը չահազանգեր այդ մասին եւ բողոքի ցույց չկազմակերպեր. միայն այդկերպ հնարավոր եղավ կասեցնել շինարարությունը: Այս ընթացքում էլ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը փորձեց համոզել, թե ժողովուրդը թյուրիմացության մեջ է եւ ընդամենը ինչ-որ բարերար Աղնջաձոր համայնքը ոռոգող ջրատար խողովակներն է վերանորոգել: Այս բացատրությունները բնապահպանության նախարարությունից տարածվում են նույնիսկ այն դեպքում, երբ այնտեղ նախկինում տեղադրված ջրատար խողովակների 215 մմ տրամաչափն ընդլայնվել է մինչեւ 513-ի: Այսինքն՝ սա վկայում է այն մասին, որ այնտեղ ընթացող շինարարությունը ոչ թե ոռոգման, այլ վտակի հունի փոփոխությանն էր ուղղված: Խնդրի առնչությամբ նախօրեին մարզ է գնացել նաեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որը Գեղարքունիքի ու Վայոց ձորի համայնքապետերի հետ խորհրդակցություն է ունեցել: Մենք Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանից փորձեցինք պարզել, թե ինչ են որոշել մարզպետը, նախարարն ու համայնքապետերը:



- Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքային խումբ է ստեղծվելու եւ այդ ուղղությամբ աշխատելու է, վերջում քննարկումներ են լինելու նաեւ մարզպետարանում, մինչեւ այս պահը ոչ մի ջրօգտագործման թույլտվություն չկա: Ներկա են եղել Աղնջաձորի ու մի ուրիշ համայնքապետ էլ ա եղել, ու ներկայացրել են, որ իրենք իրականում ջուր տանում են:



- Ամեն դեպքում Գայլաձոր վտակի հունի փոփոխությանը վտանգ սպառնո՞ւմ է:



- Գետի հունի փոփոխության աղմուկ չի կարող լինել, այդտեղ միշտ ջուր գնացել է, ոռոգման համար ջուր միշտ գնացել է, բայց քանակություն ես չեմ կարող ասել:



- Իսկ այդ տրամաչափի խողովակները Ձեզ համար ոռոգո՞ւմ են նշանակում:



- Ո՞ր տրամաչափի, ես տրամաչափի խողովակ չեմ տեսել, հարգելիս, այնտեղ միացված խողովակ չկա այս պահին: Միգուցե Վայոց ձորում ինչ-որ բան պատրաստվում է, ես այդ համայնքի հետ խնդիր չունեմ:



- Ամեն դեպքում` վտակի հունին վտանգ չի՞ սպառնում:



- Քննարկումը նորմալ է եղել, աշխատանքային խումբը կաշխատի, որից հետո պարզ կլինի:



- Աշխատանքային խումբը ի՞նչը պետք է ուսումնասիրի:



- Աշխատանքային խումբը ուսումնասիրություններ պետք է կատարի, թե ջուրը ինչ քանակությամբ է գնացել նախկինում, ավել չի գնալու:



- Նկատի ունեք 20-25 լի՞տր, թե բնապահպանության 86 լիտրի թույլտվությունը:



- Այս պահին 86-ի թույլտվություն չկա, մինչեւ 2009 թվականն է եղել, որ պետք է ավելացվեր, չի ավելացվել:



- Այսինքն՝ միտինգների ու բողոքի ակցիաների անհրաժեշտություն այսուհետ չի՞ առաջանա:



- Ի՞նչ միտինգ, ոչ մի միտինգ էլ չկա: