Ականապատված ենք, պարոնայք

Ականապատված ենք, պարոնայք
Երեկ քաղաքը բռնեց Խորենացու (Մարքսի) փողոցում տեղակայված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր շենքում տեղադրված ռումբի մասին լուրը: Սա այս տարվա մեջ արդեն երրորդ նման ահազանգն է, որը ՊԵԿ   աշխատակիցներին ստիպում է դուրս գալ շենքից ու սպասել, մինչ պատկան մարմինները կհայտնաբերեն ռումբը: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները` փոխնախարար Վրեժ Գաբրիելյանի գլխավորությամբ: Հետները բերել էին վարժեցրած շներ: Շենքը զննելուց հետո պարզվեց, որ ինչպես նախորդ երկու անգամ, այս ահազանգն էլ էր բարեբախտաբար կեղծ: Նշենք, որ նախորդ ահազանգերի ժամանակ, ի տարբերություն երեկ կատարած միջոցառումների, դեպքի վայրում շատ ավելի շատ մարդ էր հավաքվել՝ ԱԻՆ աշխատակիցներ, ոստիկաններ, անցորդներ: Երեկ ահազանգը ստուգելու համար բավարարվել էին մի փոքր խմբով: Ամեն ինչ պարզելուց հետո ՊԵԿ աշխատակիցները վերադարձան իրենց գրասենյակները: Շենքի պահակը հումորով ու խոհեմ մարդ էր, կատակում էր, ասում էր՝ խասյաթ ա դարձել, զգոնություններս չբթացնե՞ն ու իսկական ռումբ տեղադրեն:  Տեղեկացնենք, որ վերջին շրջանում Հայաստանում ինչպես անոնիմկա գրողները, այնպես էլ ռումբերի մասին անանուն տեղեկություններ հաղորդողներն են շատացել: Երեկ մենք ՀՀ ոստիկանության տեղեկատվական ծառայությունից փորձեցինք պարզել, թե ինչ վիճակագրություն ունեն, կապված այդ երեւույթի հետ:  Մեզ տրամադրած տվյալներով, միայն այս տարի, բացի ՊԵԿ-ի տակ ռումբ տեղադրելու մասին կեղծ տեղեկություններից, նույն իրավիճակում են հայտնվել "Տաշիր" հանրախանութի աշխատակիցները՝ մեկ անգամ, "Հարավկովկասյան երկաթուղին"՝ երկու անգամ, եւ թիվ 7 դպրոցի ուսուցչական ու աշակերտական կազմը: Ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ ահազանգը հնչեցրած միայն երկու "հեղինակի": Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, մարտի 29-ին "Հարավկովկասյան երկաթուղիների" մուտքի մոտ ռումբ տեղադրելու մասին "ահազանգը" հնչեցրել է քաղաքացի Արա Վ.-ն, որը տառապում է "դաուն" հիվանդությամբ, իսկ   թիվ 7 դպրոցի ռումբի մասին "ահազանգը"՝ 9-րդ դասարանի աշակերտ Հրաչ Քեշիշյանը, որը հետո ինքնակամ է ներկայացել ոստիկանություն եւ խոստովանել արարքը: Իսկ ինչպես երեկվա, այնպես էլ մյուս կեղծ ահազանգերը դեռ չեն բացահայտվել, որովհետեւ "ձեռնարկվում են միջոցառումներ՝ հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ":