Արցախն արդեն քաղավիացիայի վարչություն ունի

Արցախն արդեն քաղավիացիայի վարչություն ունի
Մեկը ընկերոջն ուրախ հայտնում է. "Որոշել եմ ավտոմեքենա գնել։ Գործի կեսն արված է. ավտոտնակ կառուցելու համար արդեն թույլտվություն են տվել... Մնում է փող գտնեմ եւ ավտոմեքենա գնեմ"։ Շուտով Արցախը կունենա իր սեփական ավիացիան։ Այստեղ եւս գործի կեսն արված է. վարչապետ Արա Հարությունյանի օրերս ստորագրած որոշմամբ Դմիտրի Ատբաշյանը նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ:



Դեռ ավելին, կառավարության մամլո ծառայության տեղեկատվությամբ՝ "Քաղաքացիական ավիացիայի վարչության նորանշանակ պետին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել վարչության կանոնադրությունը եւ աշխատակազմի կառուցվածքը": Ոչ մի կասկած չկա, որ սահմանված ժամկետում կներկայացվեն վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը։ Վերջինիս հիման վրա կհաստատեն հաստիքացուցակն ու ձեռնամուխ լինեն այդ հաստիքները կադրերով համալրելուն։ Հետո նրանք ամսեամիս աշխատավարձ կստանան՝ մինչեւ Ստեփանակերտի նախկին օդանավակայանի տեղում նոր օդանավակայանի կառուցման աշխատանքներն ավարտվեն, ապա ինքնաթիռի հարցը լուծեն, փորձնական թռիչքներ իրականացնեն, մինչեւ...



Թե այդ "մինչեւը" երբ կգա, դա այնքան էլ կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ փոքրիկ Արցախում մի նոր վարչություն է ստեղծվել՝ համապատասխան աշխատատեղերով։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ