Ժառանգությունը կսատարի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին

Ժառանգությունը կսատարի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին
Այսօրվանից արդեն քաղաքական դաշտում հստակեցում է գնում, թե ով որ դաշտում է լինելու, ում հետ է գնալու ընտրությունների: Երեկ հրավիրած ասուլիսում "Ժառանգության" ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրինք, թե եթե նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի որպես ընդդիմության թեկնածու, "Ժառանգությունը" կսատարի՞ նրան: Պարոն Հովհաննիսյանը խուսափեց ուղիղ պատասխանից՝ ասելով, թե "դա պետք է հարցնել առաջին նախագահին", եւ որ ինքը վստահ չէ, որ Տեր-Պետրոսյանը ցանկանում է լինել թեկնածու: Ապա հավելեց, թե դեռ պետք է պարզել ով է ընդդիմության հավաքական թեկնածուն:



Մեր հաջորդ հարցին, թե ո՞ր ուժի հետ է "Ժառանգությունը" պայքարելու խորհրդարանական ընտրություններում, քանի որ միասնական հանդես գալու կողմնակից է, "Ժառանգության" ղեկավարը պատասխանեց. "Որեւէ մեկի հետ համագործակցությունը չբացառելով, ես ասում եմ, որ "Ժառանգությունը" հետայսու կոչ է անում կլոր սեղանի՝ թե հասարակության, թե ընդդիմադիր ուժերի հետ՝ ճշգրտելու համար այդ օրակարգերը, բայց երկրորդը՝ իմ կարծիքով, դա արդեն վարչության ապագա որոշումն է, "Ժառանգությունը" չի մտնելու որեւէ դաշինքի մեջ, առանց նախապես ամեն ինչ ճշգրտելու՝ թե մասնակցության մեթոդիկան, թե արտաքին ու ներքին խնդիրների օրակարգը: ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, ՌԱԿ-ը, ՆԺԿ-ն, բոլոր մյուս ընդդիմադիր եւ հասարակական հոսանքները, այդ թվում եւ "Ժառանգությունը", պետք է հստակեցնեն իրենց արտաքին եւ ներքին խնդիրները, եւ ես հույս ունեմ, որ դրա արդյունքում մենք կգտնենք համատեղ ինստիտուցիոն այլընտրանք մեր ժողովրդի համար: Բոլոր դեպքերում, ելնելով անցած դառը փորձից, "Ժառանգությունը" նաեւ չպետք է ամեն ինչ թողնի վերջին րոպեին եւ ինքը նաեւ նախապատրաստվի առաջիկա գործընթացներին, եւ դա մենք անում ենք անմիջապես": "Ժառանգության" ղեկավարը նաեւ ասաց, թե ինքը "հավատաքննիչ" չէ, բայց գտնում է, որ "Հայաստանի հիմնական՝ ինստիտուցիոնալ սխալները գալիս են երեք նախագահություններից, եւ այդ երեք նախագահներից գոնե մեկը-երկուսը պիտի ընդունեն": Մեր դիտարկմանը, թե այսօր արդեն տեսանելի չե՞ն քաղաքական ուժերի տեսակետները՝ եւ արտաքին, եւ ներքին հարցերի հետ կապված, "Ժառանգության" ղեկավարն այսպես պատասխանեց. "Անհատական մակարդակով՝ այո, բայց ես պիտի ուզենայի, որ այդ մոտեցումները՝ թե արտաքին, թե ներքին, հստակ լինեն որպես ինստիտուցիոնալ, հանրակարգային մոտեցումներ: Ես ուզում եմ, որ ՀԱԿ-ի ղեկավարությունն ասի, որ ներքին խնդիրներից եւ քաղբանտարկյալներից բացի ասի, որ սա է ՀԱԿ-ի ընդհանրական տեսակետը Արցախի եւ Թուրքիայի հարցում: Կուզենայի, որ ՀՅԴ-ն ասի՝ տեսակետը մարտի 1-ի եւ քաղբանտարկյալների վերաբերյալ սա է":



"Ժառանգության" համագումարից հետո ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ կուսակցության համագումարում հնչած որոշ մտքեր հանրության համար պարզաբանելու համար: Խոսքը մասնավորապես իշխանությունների հետ համագործակցությանն է վերաբերում: Բնականաբար հավաստեց, որ "քաղաքական, նախընտրական առումով" "Ժառանգությունը" բացառում է համագործակցությունն իշխանության հետ, բայց կան "համապետական, համազգային խնդիրներ, որոնք, թեկուզ կեղծված ընտրությունից ընտրություն, ենթադրում են քաղաքական եւ հասարակական երկխոսութուն՝ դա արտաքին մարտահրավերն է, աշխարհաքաղաքական զարգացումներն են, դա միջազգային դատարանի երեկվա արձակած դատավճիռն է Կոսովոյի պահով": Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին ԼՂ լուծման մասով, բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ի հետ անհնար է համագործակցել:



Ակնհայտ է նաեւ, որ "Ժառանգությունն" ու Րաֆֆի Հովհաննիսյանը չեն ուզում լինել ՀԱԿ-ի ստվերում: Տեւական ժամանակ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ընդդիմադիր համագործակցության նոր ֆորմատ ձեւավորել ու համագործակցության կոչ է անում ընդդիմադիրներին: Ճիշտ է, դեռ արդյունք չկա: Որեւէ կերպ ՀԱԿ-ի կողքին "Ժառանգությանը" չի ուզում տեսնել նաեւ իշխանությունը, որը, որոշ տեղեկություններով, արդեն մտմտում է այդ ուղղությամբ: Ապագա քաղաքական դաշտի ձեւավորման առումով "Ժառանգության" վարքագծից կախված են շատ պրոցեսներ: Արդյոք "Ժառանգությունը" կընդդիմանա՞ իշխանության խաղերին՝ ցույց կտա ժամանակը: Մյուս կողմից "Ժառանգությունը" չի ուզում "կուլ գնալ" ՀԱԿ-ին՝ դառնալով խամաճիկ: Ուզում է մեջտեղում խաղալ: Դրա համար էլ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է համագործակցության նոր դաշտ ձեւավորել: Ակնհայտ է նաեւ, որ թե ընդդիմությունը, թե իշխանությունը փորձելու են ներքաշել "Ժառանգությանն" իրենց խաղի մեջ. այնպես որ, այն երկար մանեւրել չի կարող: