Առանց քաղաքական բարեփոխումների զարգացում չկա

Առանց քաղաքական բարեփոխումների զարգացում չկա
Հարցազրույց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ



- Պարոն Ասատրյան, եկեք մեր զրույցն սկսենք ԿԲ վերջին նախաձեռնությունից: Խոսքս վարկային կազմակերպությունների կապիտալի նվազագույն չափի բարձրացման մասին է:



- Նախ արձանագրենք, որ հարցը բավականին լուրջ է եւ բազմաբովանդակ: Առաջին հայացքից թվում է, թե ի՞նչ է, փոքր վարկային կազմակերպություններ են, կապիտալը այնքան էր, այսքան դարձավ, գործունեությունը ռիսկային է` բերեք սահմանափակենք, բայց ընդունեք, որ խոսքը գնում է Հայաստանի ֆինանսական համակարգի հետագա ճակատագրի մասին, թե ինչպիսին է լինելու մեր երկրի ֆինանսական համակարգի ճարտարապետությունը, իսկ լայն իմաստով Հայաստանի տնտեսական զարգացման բնութագրերը: Ընդհանրապես Հայաստանի տնտեսության մեջ կապիտալիզացիայի մակարդակը բավականին ցածր է, եւ առանձին սուբյեկտների նկատմամբ կապիտալի մակարդակի բարձր պահանջ դնելն արդարացված չէ, առավել եւս, որ բանկերի կապիտալի նվազագույն կապիտալի պահանջը բավականին բարձր է: Նման պարագայում կապիտալիզացիայի համեմատաբար ցածր մակարդակով վարկային հաստատությունները պետք է լրացնեն ծառայությունների մատուցման բնագավառում այն բացերը, որոնք բնականաբար ձեւավորվում են բանկերի գործունեության պարագայում: Խիստ կարեւոր է նաեւ ֆինանսական միջնորդության եղանակների կանոնակարգման հարցը: Այս իմաստով նախագծում տեղ գտած սահմանափակումը գերզգուշավորության դրսեւորում է, իսկ կապիտալի նվազագույն մակարդակի նման մեծության պարագայում՝ նաեւ անիմաստ: Ֆինանսական միջնորդության տեսակների զարգացումն այսօր Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման նախապայման է, քաղաքացիներին առաջարկվող ֆինանսական գործիքները, փաստորեն, միայն բանկային ավանդներն են եւ ոչ շատ գրավիչ պետական պարտատոմսերը: ԿԲ-ն պետք է ջանք չխնայի գործիքների զարգացման, նոր գործիքների կիրառման համար, բայց նախընտրում է արգելքներ կիրառելու ճանապարհը: Ես կողմնակից եմ կարգավորումների, բայց ձեւերն ու եղանակներն ընտրելիս պետք է հաշվի առնել դաշտում առկա իրողությունները: Ի վերջո այսօրվա բավականին կոշտ կարգավորումների հիմքը, որի համար ժամանակին խստագույն քննադատություն է եղել, ես եմ դրել, եւ ըստ էության, դրանք մինչեւ հիմա չեն փոփոխվել: Այս առումով պահանջս է՝ շարունակեք զարգացնել այն ժառանգությունը, որը մենք ունենք, եւ ոչ թե այսպիսի չհիմնավորված վճիռներ կայացրեք: Անձինք են մտնում համակարգ, որոնք չեն էլ պատկերացնում Հայաստանի ֆինանսական համակարգի էությունը, խնդիրները եւ ինչ-որ լուծումներ են առաջարկում:



- Իսկ քաղաքական ենթատեքստ կարո՞ղ է լինել այստեղ: Ասենք, օլիգարխներից մեկը որոշել է ոլորտին տիրանալ:



- Չեմ բացառում, թեեւ չեմ էլ պնդի: Իրականում օլիգարխները կարճ փողերի հետ են աշխատում, ոչ մի օլիգարխ լուրջ ներդրումների ճանապարհով առայսօր չի գնացել: Այդ է պատճառը, որ մեր երկրում օլիգարխները հիմնականում ձեւավորվում են ներկրման, առեւտրի, գույքի բնագավառում,  որտեղ շատ մեծ են հնարավոր արտոնությունները եւ ըստ այդմ՝ եկամուտները, իսկ արտադրության, ֆինանսական լուրջ հաստատություններում նրանց մասնակցությունը ցածր է: Բայց մեր երկրում ոչ մի բանի վրա զարմանալ չի կարելի: Եթե իսկապես ինչ-որ անհատի կամ խումբ մարդկանց պահանջ է, ապա տեղի կունենա այն, ինչը, օրինակ, առկա է ներկրման բնագավառում: Մենք պարզապես գործ կունենանք թանկ, անորակ ծառայությունների, թերզարգացող համակարգի հետ, որի նպատակը պետք է լինի գերշահույթ ստանալը, որովհետեւ բոլոր ոլորտներում գերշահույթ ստանում են հենց չզարգացման հաշվին: Առանձնահատուկ պետք է նշեմ հարցի քննարկման եղանակը: ԿԲ-ից ստացված գրության համաձայն՝ մեկ օրվա ընթացքում պետք է ներկայացվեին առաջարկություններ փոփոխությունների վերաբերյալ: Խնդիրն իհարկե նոր չէ, նախկինում եւս այս խոսակցությունները եղել էին, նաեւ քննարկումներ նախաձեռնվեցին, սակայն թվում էր, թե հարցը սպառվել է: Նման անակնկալ ձեւով հարցադրում անելն ուղղակի անլուրջ է: Ավելացնեմ նաեւ, որ մամուլից տեղեկացա ԿԲ-ում տեղի ունեցած քննարկման մասին, իսկ դրան հետեւած մամուլի հաղորդագրությունը միայն զայրույթ կարող է առաջացնել եւ, օգտվելով առիթից, ուղղակի պահանջում եմ` մի հեղինակազրկեք այդ լուրջ հաստատությունը՝ Կենտրոնական բանկը:



- Պարոն Ասատրյան, իսկ ի՞նչ խնդիրներ կան հայրենական ֆինանսական շուկայում:



- Մենք ունենք բանկային  համակարգ, որն ակտիվ զարգացող է, բայց այսօր չի բավարարում տնտեսության առկա պահանջները, եւ, իմ կարծիքով, վարկային  կազմակերպությունները կոչված են այդ բացերը լրացնելու՝ սկսած տարածքային տեսանկյունից, ասենք` փոքր քաղաքներում ու գյուղական վայրերում կամ տնտեսության այն հատվածներում, որոնք բանկերի համար հասու չեն: Տեսեք, օրինակ, անցած դարի սկզբում, երբ տնտեսության զարգացման մակարդակն անհամադրելի էր այսօրվա հետ, մինչ խորհրդայնացումը Երեւանի նահանգում գործում էր 5 տասնյակից ավելի վարկային ու փոխատվախնայողական ընկերություն՝ մոտ 40 հազար անդամներով: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ բանկերը ձգտում են աշխատել քիչ ռիսկով,  թափանցելի համակարգի հետ, եւ տնտեսության այն հսկայական հատվածը, որն ինչ-ինչ վարչարարական, քաղաքական ու ֆինանսատնտեսական  պայմաններում գործող է, բայց թափանցելի չէ, մնում է առանց ֆինանսական օժանդակության հնարավորության: Այ այստեղ պետք է հանդես գան վարկային կազմակերպությունները, որոնց գործունեությունը կարող է լինել՝ այո, ավելի ռիսկային: Կանոնակարգումը չոր մոտեցումներով չպետք է լինի, կապիտալի նվազագույն պահանջի մեծացումը ոչ մի հարց չի լուծելու այս տեսանկյունից: Հիմնական ռիսկը, որ այստեղ կա, ֆինանսական արդյունավետ միջնորդությունը կամ հնարավոր կորուստներն են: Բերեք այնպես անենք, որ շրջանցենք այս ռիսկերը, օրինակ՝ դնելով կապիտալի համարժեքության պահանջ կամ, ինչու չէ՝ ներգրավված միջոցներ-կապիտալ համամասնության խնդիր, բայց կացնով կտրելը խելամիտ չէ: Չմոռանանք նաեւ այն, որ այսօր Հայաստանի ֆինանսական համակարգում առկա է բավականին ծավալուն ստվերային հատված, անհատները իրար տարբեր եղանակներով փող են պարտքով տալիս, իսկ տվյալ նախաձեռնությունները կհանգեցնեն փողի փախուստին դեպի ստվերը:



- Կկոնկրետացնե՞ք:



- Երկու տարի է, ահազանգում եմ, ասում եմ՝ կանոնակարգեք բնակարանային շինարարության ոլորտում ֆինանսական միջնորդությունը: Գաղտնիք չէ, որ բոլոր նորակառույցներում գործում է մինչեւ շենքի շինարարության ավարտը միջոցների հավաքագրման սկզբունքը: Սա դասական ֆինանսական միջնորդության օրինակ է եւ խնդիր, որը  ԿԲ-ն պետք է կանոնակարգի:  Դրա ձեւերը կարող են տարբեր լինել. թե անունը դնես շինարարական կոոպերատիվներ, թե նեղ մասնագիտական վարկային կազմակերպություններ, անպայման պետք է կանոնակարգել: Այսօր  այդ դաշտում անհատներ են առաջ գալիս, մեկ-երկու ծանոթ են մեջ  գցում, մի հողակտորի տեր դառնում եւ միջոցներ հավաքագրում մարդկանցից: Արդյո՞ք բավարար ռեսուրսներ ունեն, արդյո՞ք  ռիսկ չէ սա: Ամբողջ աշխարհում այս ոլորտը խստորեն կանոնակարգված է, իսկ մեր երկրում անուշադրության է մատնված: Որեւէ կերպ չեմ հասկանում: Հավանաբար մտածում են, որ  ընդդիմադիր կեցվածք ունեցողը վատ բան պետք է ասի:  Մեր տիպի հասարակություններում լուրջ պրոբլեմ է քաղաքականությունը պրոֆեսիոնալիզմից չտարանջատելը: Ընդհանրապես ֆինանսական համակարգը քաղաքականությունից վեր պետք է լինի, իսկ ԿԲ-ն կարողանա զտել մասնագիտականը քաղաքականից, պոպուլիստական կոնյուկտուրայինից:



- Ընդհանրապես ինչպիսի՞ն է վարկերի դերը մեր տնտեսության մեջ: Կխնդրեի անդրադառնալ նաեւ կառավարության կողմից վերջերս թմբկահարվող երիտասարդ ընտանիքներին տրվող   հիպոթեքային վարկերին: Գործնականում դրանք անիրական են թվում:



- Շատ բան չեմ ասի, այստեղ պետք է բերել վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, որը եւ լավագույնս բնութագրում է վարկային միջոցների դերը տնտեսության մեջ: Միանշանակ է, որ բավականին ցածր է: Ողջունելի են իհարկե այդ բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը, ասենք՝ Ձեր նշած վարկերը երիտասարդ ընտանիքներին, բայց այսօր ակնհայտ է, որ սա մեր իրականության մեջ գործող համակարգ չէ, որովհետեւ համարյա չկան այդպիսի երիտասարդ ընտանիքներ, որոնք առկա պահանջներին համապատասխանեն եւ ի վիճակի լինեն նմանատիպ եղանակով իրենց ապագան կառուցել: Պետք է ավելի ճկուն լինել, օրինակ՝ նորապսակներին տրամադրել հատուկ սերտիֆիկատներ եւ ընձեռել հնարավորություն այդ սերտիֆիկատների հաշվին (ինչպես Ռուսաստանում մայրական կապիտալի հաշվին)  բնակտարածքներ ձեռք բերել: Մենք ունենք նաեւ մյուս պրոբլեմը՝ օլիգարխիկ հոգեբանություն կամ սոցիալական մեծ բեւեռացման տրամաբանություն, որը մտել է նաեւ այս բնագավառը: Եկեք նայենք Հայաստանի բնակարանաշինության ոլորտում ինչ է կատարվում: Վերջին 5 տարիներին Հայաստանում տարեկան կառուցվում է ընդամենը 2 հազար հատ տուն-բնակարան, եւ մեկ բնակարանի միջին տարածքը գերազանցում է 300 մետրը: Շինարարության 90 տոկոսը, ինչպես գովազդվում է, այդ անհեթեթ  VIP անունը կրողն է: Ներեցեք, սա ո՞ւմ համար է կառուցվում, ո՞ր երիտասարդը չէ, ահելը կարող է սրանից օգտվել: Այսինքն, շինարարության բնույթը պետք է փոխվի, իշխանությունները պետք է խրախուսեն "էկոնոմ" կարգի բնակարանաշինությունը: Ինչ-որ արտոնություններ, թեկուզ հարկային, պետք է սահմանվեն, որ այս համակարգը շրջվի դեպի սովորական մարդը, դեպի երիտասարդ ընտանիքը, դեպի շատ միջոցներ չունեցող քաղաքացին:



- Պարոն Ասատրյան, իսկ ի՞նչ  կարծիքի եք վերջին կենսաթոշակային բարեփոխումների մասին: Համակարգի ներդրման ռիսկերը որո՞նք են:



- Կենսաթոշակային համակարգի  բարեփոխումների հարցը խիստ  կարեւոր է մի շարք առումներով: Հանդիսանալով տնտեսական բարեփոխումների կարեւոր տարր, այն ունի ոչ միայն զգալի սոցիալական նշանակություն, այլեւ մեծ ազդեցություն կարող է ունենալ ֆինանսական համակարգի զարգացման համար: Սա մի փոփոխություն է, որն իր ազդեցությունն է ունենալու մեր հանրապետության առանց բացառության բոլոր քաղաքացիների կենսագործունեության վրա: Ես զարմանքով, անգամ զայրույթով ընդգծում եմ, որ կարծես ոչ մեկին այն պետք չէ: Այսօր սկզբունքներն արդեն հաստատվել են, սակայն հրապարակայնությունը խիստ անբավարար է: Այ իշխանություններ, եթե ուզում եք լիարժեք լինեն ձեր վճիռները, հնարավորինս  շատ քննարկեք, հրապարակ հանեք, որ հասու լինի բոլորին, մանավանդ  եթե խոսքը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին: Եթե ես՝ քաղաքացիս, չհասկանամ ինչի մասին է խոսքը, որն է բարեփոխումների իմաստն ու նպատակը, ապա այդ համակարգը տապալվելու է: Առաջին պահանջն իհարկե սա է: Խնդիրների մյուս հատվածը վերաբերում է միջոցների հավաքագրմանը` ո՞վ է վճարելու, ինչքա՞ն, ի՞նչ եղանակով եւ ինչպե՞ս են այդ միջոցները վերադարձվելու քաղաքացիներին: Բավականին լուրջ է հավաքագրված  միջոցների տնօրինման հարցը: Չմոռանանք, որ սա առաջիկայում դառնալու է մի համակարգ, որը ֆինանսական առումով ավելի ծավալուն կլինի, քան պետբյուջեն: Այստեղ ավելի շատ միջոցներ  կարող են հավաքագրվել, քան բանկային համակարգում կամ ֆինանսական այլ հատվածներում: Ինքնին սա ապահովագրական համակարգ է, եւ պետք է աշխատեն այն սկզբունքները, որոնք ապահովագրության դաշտում են աշխատում, բայց ամեն դեպքում առանձնահատկություններ կան: Լայն իմաստով այստեղ ամենակարեւորը քաղաքացի-համակարգ կապն է, քաղաքացու վստահությունը: Քննարկման դրված հարցերի շարքում առկա է նաեւ երաշխիքների հատված: Այստեղ էլ շատ զգույշ պետք է լինել: Մի կողմից, իհարկե, լավ է, որ երաշխիքներ կան, մյուս կողմից դա հսկայական բեռ է բյուջեի համար: Խոսքը լուրջ միջոցների մասին է, եւ այստեղ չափավորության խնդիր կա, ի վերջո սրանք մասնավոր կառույցներ են եւ կարող են առիթից օգտվել՝ թիկունքներն ամուր են եւ... Ամեն դեպքում այս անցումն անհրաժեշտ է, մեր տնտեսական քաղաքականության բացթողումներից մեկն է, որ մենք այսքան ուշացրել ենք համակարգի ներդրումը, պետք է ընդունենք նաեւ՝ տարիների անգործությունից հետո ամենածանր պահին է այս վճիռը կայացվում: Տեսեք, 2011-ը ժողովրդագրական զարգացումների առումով ամենաբարդ տարին է: Մենք մտնում ենք այն փուլը, երբ թոշակի են անցնելու պատերազմից հետո ծնվածները, այսինքն կտրուկ ավելանում է կենսաթոշակային տարիք մուտք գործող անձանց թիվը, նվազում է աշխատանքային տարիք մուտք գործողների թիվը: Այսինքն կենսաթոշակային բեռը մեկ աշխատողի վրա գնալով աճելու է, որն ավելի դժվար է դարձնելու արժանապատիվ կենսաթոշակ ստանալու, ապահովված ծերության խնդիրը:



Կարեւոր է նաեւ այն, որ մեր հասարակությունը խոր անվստահություն ունի իշխանությունների հանդեպ, այստեղ մենք  առնչվում ենք գլոբալ, այդ թվում նաեւ քաղաքական խնդիրների հետ: Ինչպե՞ս կարող է հասարակությունն արդյունավետ լուծումներ ակնկալել մի իշխանությունից, որը գնում է իրեն վերարտադրելու այն մեթոդներով, որը մեր երկրում են կիրառում: Իշխանությունները միշտ պետք է մտածեն անօրինականությունն այս դաշտում բացառելու մասին, որովհետեւ ընտրակեղծիքներով, ընտրակաշառքներով, սպանդի միջոցով ձեւավորված իշխանությունը չպետք է հույս կապի հասարակության կողմից համապատասխան ըմբռնման հետ: Եթե այս խիստ կարեւոր բարեփոխումները չուղեկցվեն համապատասխան քաղաքական զարգացումներով, ապա հարկ է հրաժարվել որեւէ փոփոխությունից եւ պահպանել բաշխողական համակարգը: