Աշոտյանի հետեւողականության կուրիոզը
Տղան՝ արեւահարված, փոքր-ինչ գանգրահեր, սպիտակազգեստ, ճիշտ գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչ էր: Նրանք մոտեցան նախարարին այն պահին, երբ վերջինիս հետ հարզազրույց էինք անում: Աշոտյանը ձեռքով հասկացրեց, որ սպասեն, սակայն մայրը շտապեց շնորհակալական խոսքեր ասել, հավանաբար, որ լրագրողները լսեն: Աշոտյանն ընդհատեց, սակայն մոտ 30 րոպե անց, երբ կառավարության շենքից դուրս եկանք, մայրն ու որդին կրկին մոտեցան մեզ, շարունակելու Աշոտյանին ուղղված ձոներգը՝ արդեն նախարարի բացակայության պայմաններում:
Այս անգամ չկարողացանք անտարբեր մնալ ու հետաքրքրվեցինք, թե ինչ է վերջապես արել Աշոտյանը, որ նման երախտագիտության է արժանացել: Մայրը սկսեց պատմել, թե տղան ասպիրանտ է, ում դիմել է, չեն օգնել: Հարցրինք՝ ի՞նչ հարցով, ասաց, որ աշխատանքի պիտի տեղավորվի, եւ ոչ ոք վերեւներից իրենց չփորձեց օգնել, միայն Աշոտյանը "իրենց հասավ": Հարցրինք՝ տեղավորե՞լ է աշխատանքի, համոզված լինելով, որ դրական պատասխան է հնչելու: Պատասխանատու պահը որդին չվստահեց մորն ու բուհերից մեկում աշխատանք գտածի բավարարվածությամբ պատասխանեց. "Չէ, նա էլ չկարողացավ մեզ օգնել, ուղղակի պարոն Արմեն Աշոտյանը մինչեւ վերջ հետեւողական եղավ՝ ամեն ինչ արեց, բայց չստացվեց"": Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ աշխատանքի հարցը լուծվեր, երեւի նրա արձանը կկանգնեցնեին:
Երեկ մենք կրթության եւ գիտության նախարարին մի քանի հարց տվեցինք ընդունելության քննությունների արդյունքների շուրջ:
- Պարոն Աշոտյան, ամփոփվեցին քննությունների արդյունքները, թափուր տեղերի քանակը մեծ է, իջել է ընդունելության քննությունների անցողիկ շեմը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Տարվա մեկնարկից ես տարբեր առիթներով ազդարարել էի, որ մենք այս տարի հատկացնում ենք մեծ քանակությամբ տեղեր, որպեսզի թուլացնենք լարվածությունը, որպեսզի կարողանանք նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ ընդունելության քննությունների աժիոտաժն ու թույլ տալ մեծ թվով քաղաքացիների ստանալ բարձրագույն կրթություն: Սա արվեց ու աշխատեց, իհարկե, թափուր տեղեր մնացին, քանի որ դիմորդների թիվը երկու հազարով պակաս էր, քան հատկացված տեղերի թիվը: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գալիք տարի շրջանավարտներ չլինելու պատճառով կտրուկ նվազում կունենանք դիմորդների քանակի մեջ, եւ բուհերի մանկավարժական կոլեկտիվները կհայտնվեն ծանր վիճակի մեջ:
- Այդ պատճառո՞վ թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթ չկազմակերպվեց:
- Երբեք չի եղել նման բան, մինչ իմ նշանակվելը եղել է թե չէ՝ չգիտեմ, իմ ժամանակ չի եղել...
- Գնահատման եւ թեստավորման կենտրոնն այս տարի նախարարությունից անցավ կառավարության ենթակայության տակ: Ձեզ համար փոփոխությունը նկատելի՞ է:
- Կարծում եմ՝ այս տարի այս մեխանիզմը դրական արդյունքների բերեց, որովհետեւ իրականում լիազորությունների, իրավունքների, պարտականությունների տարանջատումը բերեց նրան, որ կազմակերպական եւ բովանդակային առումով գործընթացը մեկ քայլ առաջ արձանագրեց: Միաժամանակ նախարարությունը ժամանակ ունեցավ զբաղվելու իր ոլորտային քաղաքականությամբ, որովհետեւ տարիներ շարունակ այս ժամանակահատվածում նախարարությունը հիմնականում զբաղվում էր ընդունելության քննություններով, ինչը կտրուկ նվազեցնում էր մեր աշխատանքների արդյունավետությունը ոլորտային քաղաքականություն իրականացնելիս: Այս տարի նախարարությունը ողջ իր կարողություններով աշխատեց իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար, եւ քննությունները մեզանից շատ ժամանակ չեն խլել:
- Իսկ պատասխանների արտահոսքի ու այդ բիզնեսի այս տարվա անարխիայի ուղղությամբ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել:
- Այդ մասին պարբերաբար ԳԹԿ-ի հետ կոնտակտ ունենք, տեղեկատվական փոխանակում ունենք, իրենք շատ ակտիվ աշխատել են մամուլի հետ, եւ կարծում եմ, որ այդ հարցերի պատասխաններն իրենք ժամանակին տվել են:
- Իսկ Ձեր հռչակած բարեփոխումներն իրականացե՞լ են:
- Սա առանձին թեմա է, կխոսենք իմ՝ ուսումնական տարվա մեկնարկի ասուլիսին:
Կարծիքներ