Ռուսաստանից ցորեն դուրս չի գա

Ռուսաստանից ցորեն դուրս չի գա
Ռուսաստանի կառավարությունը ցորենի ու դրանից պատրաստվող մթերքների արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու որոշում է ընդունել՝ կապված երկրում երաշտի հետ։ Այս մասին երեկ ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։



Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար պահուստներ ունի, սակայն անհրաժեշտ է «թույլ չտալ մթերքների ներքին գների բարձրացում, ինչպես նաև անհարժեշտ է պահպանել անասունների գլխաքանակն ու ձևավորել հաջորդ տարվա պահուստները»։



«Մենք պետք է խնամքով գործենք. այս արգելքը ժամանակավոր բնույթ է կրում»,– ասել է նա։



Ռուսական ցորենի միության գնահատականների համաձայն՝ ՌԴ–ից 2010–2011թթ. ցորենի արտահանումը պետք է կազմեր մոտ 20 մլն տոննա։ Ինչ վերաբերում է ՌԴ–ում ցորենի ընդհանուր պահուստին, «Ռոստատի» տվյալներով՝ այն 2010թ. հուլիսի 1–ի դրությամբ կազմել է 21,7 մլն տոննա։ Այս մասին հայտնում է РБК–ն։



Նշվում է, որ ԱՄՆ–ում այսօր գրանցվել է վերջին 2 տարիների ընթացքում ցորենի գնի ռեկորդային թռիչք՝ կապված մինչև 2010–ի դեկտեմբերի 31–ը ցորենի արտահանման արգելք սահմանելու Ռուսաստանի որոշման հետ։



tert.am