Մի խրամատում

Մի խրամատում
Ընկերներիցս մեկը՝ Մհերը, Մոսկվայում ժամանակավոր աշխատանքի մեկնելով, առիթ էր ունեցել շփվելու աշխատանքի փնտրտուքով Ադրբեջանից արտագաղթած մի ադրբեջանցու հետ՝ Մահմուդ անունով։ Սոցիալական կարգավիճակը, ընդհանուր խնդիրները, հայրենիքից հեռու գտնվելու հանգամանքը ընկերացրել էին Մհերին ու Մահմուդին, եւ Մահմուդը Մհերին ասել էր. "Մհեր, ես ու դու կռվում ենք մի խրամատում"։ Խոսքն այն "կռվի" մասին չէր, որ նրանք մղում էին օտար մեգապոլիսում իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար։ Խոսքը պատերազմի արդյունքում առաջացած իրավիճակի մասին էր, որում հայտնվել են ժողովուրդները եւ մարդիկ։



Շրջափակումը միայն տնտեսական ու քաղաքական իրողություն չէ, այն անդրադառնում է նաեւ աշխարհի եւ տարածաշրջանի մասին մեր պատկերացման վրա, փոքրացնում, նեղացնում եւ ձեւախեղում այն։ Շրջափակումը ձեւախեղում է մեր պատկերացումը ոչ միայն մեր հարեւանությամբ ապրող մարդկանց մասին, այլեւ մեր իսկ մասին։ Այդ պատճառով չափազանց կարեւոր են այն մշակութային եւ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք կոչված են վերականգնել տարածաշրջանի ամբողջական պատկերը եւ հնարավորինս վերացնել խզումները (հասկանալի է, որ ամբողջությամբ վերացնել` շրջափակման եւ չլուծված կոնֆլիկտի պարագայում, դա անհնար է)։ Շարքային հայ քաղաքացիների պատկերացումները մեր հարեւանների մասին շատ տարբեր են։ Նրանք, ովքեր գտնվում են պաշտոնական ԶԼՄ"ների ազդեցության տակ, ադրբեջանցուն ընկալում են որպես ատելությամբ եւ վրեժխնդրությամբ լցված արնախումի, մյուսները, որ քաղաքական կուրսի փոփոխման արդյունքում ի պաշտոնե կամ քաղաքական կողմնորոշման պատճառով ստիպված են վերանայել իրենց պատկերացումները ազգայնականության, հայրենասիրության, դարավոր թշնամության մասին, զարմանքով հայտնաբերում են, որ ադրբեջանցին նույնպես մարդ է, ընդ որում՝ շատ նման հային։



Մի խրամատում կռվելու զգացողություն ես ունենում, երբ այցելում ես ադրբեջանական կայքերը։ Իհարկե, հայաստանյան եւ ադրբեջանական մամուլը չի կարելի համեմատել՝ նկատի ունենալով հանգամանքը, թե ինչ վիճակում է գտնվում ադրբեջանական ընդդիմությունը։ Ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ ստիպված են շատ ավելի զգույշ արտահայտել իրենց անհամաձայնությունը իշխանությունների հետ, դիմել փոխաբերությունների, խարտել սրությունները։ Բայց կատարյալ "խոսքի ազատություն" է տիրում ադրբեջանական մամուլում այն մասով, որը վերաբերում է Հայաստանի իշխանությունների քննադատությանը։ Մի պահ նույնիսկ կարող է թվալ, թե հայաստանյան որեւէ ընդդիմադիր կայք ես կարդում։  Ադրբեջանցիներն իհարկե՝ ավելի լավ են ճանաչում մեր պետական չինովնիկներին անուններով, քան Հայաստանի շարքային քաղաքացին։ Այս տեսանկյունից շատ զվարճալի են մեր ԱԳՆ"ի մասին երգիծական պատմությունները, որտեղ հիմնական գործող անձինք Էդվարդ Նալբանդյանից ու Շավարշ Քոչարյանից զատ Կարինե Ղազինյանը, Արման Կիրակոսյանը եւ այլ՝ լայն հանրությանը ոչ այնքան հայտնի դեմքեր են։



Ադրբեջանական մամուլը նախանձելի օպերատիվությամբ է անդրադառնում մեր երկրի իրադարձություններին։ Եթե նույն օպերատիվությամբ, քննադատական եռանդով ու սարկազմով անդրադառնար նաեւ իր երկրում տեղի ունեցող ապօրինություններին, երեւի մեր նախանձին չափ ու սահման չլիներ։ Բայց, հաշվի առնելով խոսքի ազատության վիճակը մեր հարեւան երկրում, կարելի է ներողամիտ լինել եւ հուսալ, որ մեր իշխանություններին քննադատելով, նրանք ձեռք կբերեն իշխանություններին քննադատելու որոշակի փորձ, որը հետագայում կօգտագործեն նաեւ ի շահ իրենց հասարակության։



Հայաստանի պաշտոնական մամուլը նույնպես թիրախ է ընտրել հարեւան երկրի իշխանություններին: Երկու երկրների ԶԼՄ"ներին միավորողը նաեւ աղոտ տագնապի զգացողությունն է՝ կապված պատերազմի վերսկսման հնարավորության հետ։ Սակայն ադրբեջանական կայքերում ու բլոգներում էլ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ունեն "մի խրամատում գտնվելու" զգացողություն եւ հասկանում են, որ պատերազմը միշտ կռիվ է հասարակ մարդու դեմ։ Որքան էլ տարօրինակ թվա թուրքից հավերժական թշնամու կերպար կերտած կամ ադրբեջանցուն իբրեւ ռազմատենչ ու արյունարբու ընկալող հայերին, սթափ մտածող մարդիկ Ադրբեջանում էլ կան։ Ադրբեջանցի փիլիսոփա, Ագալար Մամեդովի "Բառի վախճանը" էսսեն այն մասին է, թե ինչպես են խրամատում հատնում բառերը, լռության արժեքը եւ բառերը վերագտնելու հույսի մասին է։