Ռադիկալ փոփոխություն է պետք

Ռադիկալ փոփոխություն է պետք
Այսօր մենք ունենք այսպիսի բանակ, որովհետեւ իր ստեղծման օրվանից այն քողարկված է խեղճության շղարշի տակ: Մի տեսակ վախի մթնոլորտ կա բանակում: Խեղճացած զինվորը դուրս է գալիս բանակից եւ քաղաքացիական կյանքում չի կայանում, չի կարողանում դառնալ հասարակության լիարժեք անդամ: Նրա ենթագիտակցության մեջ միշտ այդ վախը մնում է: Մեր բանակին պետք են այնպիսի սպաներ, հրամանատարական կազմ, ովքեր չեն վիրավորի, նվաստացնի զինվորին: Նրան կվերաբերվեն այնպես, ինչպես իրենց սեփական "ես"-ին: Այս համակարգում լուրջ փոփոխություններ են պետք: Մեզ պետք են ինտելեկտուալ ու, ամենակարեւորը՝ մարդկային բարձր հատկանիշներով օժտված սպաներ: Թող մի քիչ անգրագետ լինեն, բայց տեսակով մարդ լինեն:



Ես կարծում եմ, որ  մեր բանակն այսօր լուրջ խնդիրներ ունի եւ սպայական կազմի հետ, եւ զինվորների հետ շփման հարցում: Սպան չի խոսում զինվորի հետ, ինչպես հավասարը հավասարի հետ, ինչպես մարդը մարդու հետ: Այն հրամանատարները, ովքեր կռվել են Արցախյան պատերազմի ժամանակ, շատ վատ են վերաբերվում զինվորներին, իրենց մուռը այսօրվա երիտասարդներից են հանում: Բայց չէ որ հենց այս երիտասարդներից է կախված մեր բանակի, երկրի ապագան: Հրամանատարն ասում է՝ ես քո համար հող եմ պահել, ու դու պիտի իմ ասածը անես: Այն, ինչ կատարվում է այսօր, անհանդուրժելի է: Բանակի կազմավորման օրվանից ոչինչ չի փոխվել, նույն բարքերն են: Ես չեմ հավատում, որ ասում են բանակում ինքնասպանություններ են լինում: Դրանք ինքնասպանություններ չեն, նույն սպանություններն են: Զինվորին հասցնում են այդ աստիճանին: Ինչո՞ւ են փորձում բանակը վախի մթնոլորտում պահել:



Ինչո՞ւ պիտի զինվորը սպայի կողքով անցնելիս վախենա: Պետք չէ զինվորին ծեծուջարդով կարգապահություն սովորեցնել: Այդ մթնոլորտը շատ վատ բաների է բերում: Ես չեմ կարծում, որ վախեցած զինվորը կարող է սահման պահել: Այդ զինվորը մտածում է միայն, թե երբ պետք է անցնի 2 տարին, որ տուն հասնի: Բանակում ամեն ինչ պետք է ռադիկալ փոխել՝ սպայական կազմից սկսած: Զինվորի վրա ձեռք բարձրացրած ոչ մի սպա չպետք է անպատիժ մնա: Վերջին դեպքերը հենց այդ անպատժելիության մթնոլորտի արդյունք են: Դա է պատճառը, որ այսօր շատ հայ տղաներ խուսափում են բանակից, բանակ են գնում արդեն նախօրոք տրամադրված: Ընկերները սովորեցնում են, թե իրենց ինչպես պահեն բանակում: Դա շատ վատ երեւույթ է: Զինակոչիկը չպետք է այդպես տրամադրված գնա բանակ, այլ պետք է մտածի, որ գնում է բանակ սահմանը  պաշտպանելու, որտեղ իրեն չեն ծեծի, չեն նվաստացնի, չեն ստորացնի: Մի քանի տարի վիճակը լավ է լինում, ասում են՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք, եւ հանկարծ մի շաբաթում միանգամից այդքան սպանություն: Հիմա էլ մեղադրում են, որ մամուլում շատ է գրվում այդ մասին, իբր դրանով պետականությունն ենք խարխլում: Բայց այդպես երեւի մենակ Հայաստանում են մտածում: Ինչ է, կոծկե՞նք ամեն ինչ, ծածկադմփո՞ց անենք: Չէ: Այսօրվա վիճակը հենց դրա արդյունքն է:



Արամ ՊԱՉՅԱՆ

արձակագիր