ՀՀ ՊՆ. Բաքուն իրավունք չուներ հրապարակել հայ զինվորների հարցազրույցն ու լուսանկարները

ՀՀ ՊՆ. Բաքուն իրավունք չուներ հրապարակել հայ զինվորների հարցազրույցն ու լուսանկարները




Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է երեկ` օգոստոսի 10-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների, մասնավորապես, APA, 1news.az, day.az կայքերի տարածած տեղեկությունը, որտեղ հրապարակվել են Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների հետ իբրեւ թե անցկացված հարցազրույցներն ու կայքերում տեղադրվել են նրանց լուսանկարները:



«Ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեղեկությունները` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային մարդասիր



ական իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, 1949թ. օգոստոսի 12-ին Ժնեւի երրորդ եւ չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 13-րդ եւ 27-րդ հոդվածներում ամրագրված դրույթները, որոնք սահմանում են, որ «հովանավորվող կամ պահպանության տակ գտնվող անձինք պետք է մշտապես պաշտպանված լինեն հասարակության հետաքրքրասիրությունից»:



Հետեւաբար, ադրբեջանական կողմը պետք է զերծ մնար նշված անձանց հասարակության ուշադրությանը ներկայացնելուց եւ կանխեր լուսանկարների տեղադրումը: Ընդ որում, պահպանության տակ գտնվող անձի համաձայնությունը` հանդիպել լրատվամիջոցների հետ, չի ազատում ադրբեջանական համապատասխան կառույցների ղեկավարությանը իր պարտավորություններից,



քանի որ Ժնեւի երրորդ եւ չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 7-րդ եւ 8-րդ հոդվածներով ամրագրվում է, որ «պահպանության տակ գտնվող անձինք ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նախատեսված են կոնվենցիաներով»:



Հրավիրում ենք միջազգային մարդասիրական կազմակերպությունների եւ հատկապես Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ուշադրությունն ադրբեջանական կողմի գործողությունների վրա` ակնկալելով այդ կառույցների պատշաճ արձագանքն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:



News.am