Լկտիության վերին ատյանի պահապանները

Լկտիության վերին ատյանի պահապանները
Բանակում խոշտանգված զինվորների ծնողները երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դռանը, Հանրապետության հրապարակում, ինչպես ամեն հինգշաբթի, երբ երկրի տերերը գալիս են Տիզբոն, վարչապետի նստավայր, էլի, լուծելու դարակազմիկ հարցեր: Սեւազգեստ, վշտից ու անարդարության զգացողությունից հյուծված, չարչարված մայրերը զինվորական հագուստով որդիների լուսանկարները կրծքներին սեղմած, արդեն քանի տարի սպասում են պատասխանի՝ Սեյրան Օհանյանի պատասխանին ու մինչ նրա պաշտոնը ստանձնելը՝ նախորդի պատասխանին: Իսկ սրանք, իրենց որդիների հաբռգած կերպարները, անձնական ունեցվածքը՝ "Ջիփերը", օրինական տիկնանց ու երեխաներին, կալվածքներն ու սոցիալական աստիճանն ի ցույց դրած, կարծես հատուկ են մղկտացնում "հայոց փառապանծ" բանակում խոշտանգված, մուրազները սրտներում մնացած ջահել տղերքի մայրերին: Մայրերին, որ գլխներին կանգնած չունենալով քուշկյանների գինեկոլոգիական ողջ անձնակազմը, ինչպես հաբռգածների հարսները, երկունքի ցավերի մեջ գալարվել, լույս աշխարհ են բերել, քիթները քարին քսվելով պահել-մեծացրել, ուղարկել են բանակ իրենց օջախի սյունը, որ Սեյրան Օհանյանը, նրա նախորդը, նախորդի նախորդը այդ երեխաների հաշվին ապահովեն իրենց ոլորտի գլխաքանակը, իսկ հարկ եղած դեպքում՝ հոշոտեն ու դիակները բերեն-շպրտեն մայրերի առաջ:



Կրկին ոլորտի ոչ թե հեղինակությունը փրկելու, այլ իրենց ենթակայության տակ պահելու, աթոռը հնարավորինս սեփական շահին ծառայեցնելու նպատակով է միայն, որ Սեյրան Օհանյանը կազմակերպում է հանրային շոու, հայտարարություններ է անում, թե մեղավորներին պատժելու է, ապահովագրվում է իրեն քծնողների հերթապահ՝ "Եթե հրաժարական տա, բան չի փոխվի, ավելի լավ է մնա, որ աշխատի ու շտկումներ անի" մթնոլորտ նետվող "գաղափարներով" ու գողեգող անցնում սպանված զինվորների ծնողների կողքով: Եթե պաշտպանության նախարարի հրապարակային հայտարարությունների մեջ կա մանանեխի հատիկի չափ անկեղծություն, ինչո՞ւ երեկ չմոտեցավ որդեկորույս մայրերին, չխոսեց նրանց հետ, չնայեց նրանց աչքերին ու ներողություն չխնդրեց, չխոստացավ դատարանի առաջ կանգնեցնել նրանց որդիների մահվան համար մեղավոր անձանց:



Ու եթե այդպես չեղավ, ինչպե՞ս  կարելի է գնահատել նրա իմիջը փրկելու նպատակով լրատվամիջոցներով բարբաջող ստորադասների վարքագիծը, եթե ոչ լկտիություն: Երեկ նրանցից մեկը, ծնողների խոսքերով՝ "ադյուտանտը", եկել-կանգնել է կառավարության շենքի աստիճանահարթակին, նայել որդեկորույս մայրերի ուղղությամբ ու ասել՝ "հլը տենամ նոր մարդ կա՞", ու ետ դարձել-գնացել: Չգիտենք, թե ինչ է զեկուցել շեֆին, բայց որդեկորույս մայրերի կողքին արդեն կանգնած էր վերջերս խոշտանգված սպայի՝ Արտակ Նազարյանի մայրը: