Գայանեի առաջին եւ հետմահու ցուցահանդեսը

Գայանեի առաջին եւ հետմահու ցուցահանդեսը
Շնորհալի ստեղծագործողի կյանքը չի ավարտվում նրա ֆիզիկական մահով, նրա՝ մինչ երկրային մահն ապրած ժամանակն ընդամենը ստեղծագործական կյանքի առաջին փուլն է: Ամեն ապրողի` արվեստի գործը յուրովի ընկալելու պահին էլ սկսվում է արվեստագետի կյանքի երկրորդ փուլն իր վարիացիաներով: Այդպես հավերժական է նաեւ վաղամեռիկ արվեստագետ Գայանե Հովեյանի կյանքը: Դեռ շատ երիտասարդ տարիքում աղջիկը պետական հանձնաժողովի կողմից արժանացել էր Գեղարվեստի սալոնի ժողովրդական վարպետի կոչման:



Մինչ այդ ձեռագործության բոլոր ճյուղերի գաղտնիքներին տիրապետելու դժվար ճանապարհ էր անցել նախ Երեւանի Էրամջյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա` Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, որտեղ էլ հետագայում դասավանդեց գույնի կոմպոզիցիա: Ինչպես շատ տաղանդավոր մարդիկ, Գայանեն զոհվեց ավտովթարից, երեսունութ տարեկանում: Գայանեի մահից յոթ տարի անց նրա մայրը` տիկին Քնարիկը, դստեր ստեղծագործություններից շուրջ վաթսուն նմուշներ, ինչպես նաեւ պատվոգրերն ու դիպլոմները, նույնիսկ անձնական զարդերը նվիրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղին: Այստեղ կազմակերպվեց Գայանեի աշխատանքների առաջին ցուցահանդեսը՝ հետմահու:



Ստեղծագործությունների մեջ տեղ են գտել կարպետագործության, գորգագործության, շյուղագործության եւ հելունագործության նմուշներ: "Սա իմ աղջկա երազանքն էր` ունենալ ցուցահանդես, եւ այսօր նա այդ ցուցահանդեսն ունի,-ասաց Գայանե Հովեյանի մայրը:-Եվ կարծում եմ, որ թեկուզ վերեւից, բայց նա այս ամենը տեսնում է": Ասում են, թե Գայանեն արտակարգ անձնավորություն էր, համբերատար, աշխատասեր, դժվարություններից չէր վախենում: Գիշերն էլ չէր քնի, միայն թե աշխատանքը կատարյալ լինի: "Երբ քննական հանձնաժողովի ներկայությամբ քննություն էր հանձնում, բոլորը գովասանքի մեծ խոսքեր ասացին,-շարունակում է մայրը:-Գայանեն ամենից շատ ուրախացել էր նրա համար, որ բոլորը միաձայն, առանց քննության, իրեն ընտրել էին Գեղարվեստի սալոնի ժողովրդական վարպետ: Վեց ամիսը մեկ անգամ նրանք անցնում էին հերթական հարցազրույցը: Երբ նա ներս էր մտնում, ասում էին` "դու կարող ես գնալ, քո աշխատանքները կցուցադրվեն նաեւ ապագայում"":



1996թ. ԱՄՆ-ից ժամանած փոքր բիզնես հովանավորող հանձնաժողովը միաձայն Գայանեին գրանտ էր շնորհել: Եթե ծանոթ մեկը մայր էր դառնում, Գայանեն անպայման մանկական հագուստ էր կարում եւ նվիրում, չնայած ինքն ամուսնացած չէր եւ չէր զգացել մայր դառնալու երջանկությունը: Գայանե Հովեյանի եղբայրը քրոջ մասին պատմում է՝ նա շատ արվեստագետներից տարբերվում էր նրանով, որ ձգտում չուներ ապրել եվրոպական մշակութային քաղաքներում, քանի որ կարծում էր, որ իր արվեստի համար հումք է ծառայում հայկական միջավայրը: Սովորաբար տաղանդները կանխազգում են իրենց վաղաժամ մահը: Բայց Գայանե Հովեյանը երբեք չի խոսել մահվան մասին: Դա երեւում է նաեւ նրա ստեղծագործություններում. լույս ու արեւ, վառ գույների առատություն ու կյանք կա, ինչպես Գայանեի էությունն էր: