Պետական ճաշ` ի նշան երկիրը ծնկի բերելու պատրաստակամության

Պետական ճաշ` ի նշան երկիրը ծնկի բերելու պատրաստակամության
Վերջին օրերին պաշտոնական քարոզչությունը  հասարակությանը ականջալուր էր անում ու փորձում հավատացնել, որ մեզ իր այցելությամբ պատվելու է ՌԴ նախագահ Մեդվեդեւը: Թեպետ միամիտին էլ է հասկանալի, որ առանց կենտրոնի՝ Կրեմլի տեխնոլոգների հուշարարության, մեր քարոզչամեքենան աշխատացնողների խելքը դժվար թե կտրեր Մեդվեդեւի գալուստը մեզ ներկայացնել ՀԱՊԿ երկրների ղեկավարների այցից առանձին: Չնայած այն բանին, որ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայք-էջում երբեք չի գրվում նրա "աշխատանքային գրաֆիկը", այս այցելության մասին հատուկ է նշված՝ Մեդվեդեւը գալիս է Սերժ Սարգսյանի հրավերով:



Հասկացել են, իհարկե, որ ՌԴ նախագահի պաշտոնական այցելությունը կարող է հարուցել Ադրբեջանի հիստերիան, եւ առանց այդ էլ ջախջախիչ հաղթանակներ արձանագրող ադրբեջանական տեղեկատվական դաշտը կհեղեղվի այցի "բուն նպատակը  բացահայտող" մեկնաբանություններով: Ուստի մտածել ու հանել են "ոսկե միջինի" բանաձեւը՝ Մեդվեդեւի այցելությունը կապել են ՀԱՊԿ գագաթաժողովի հետ ու նշանակել նախօրեին: Հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ մյուս երկրների նախագահների տրամաչափը, Ռուսաստանի համար առանձնակի բարդություն չի ներկայացնում Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահներին հանուն ռուսական շահի բերել Հայաստան, կերցնել-խմցնել, տանել Գառնի, Գեղարդ, Էջմիածին ու ծառայեցնել որպես շիրմա:



Հատկապես, որ ոչ Մեդվեդեւի այցելության պաշտոնական նպատակը, ոչ էլ գագաթաժողովի օրակարգը չի հրապարակվում: Սա տեղական նշանակության քարոզչության մեխն է՝ լղոզ ու ծածկադմփոց: Չնայած դեռեւս  գարնանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ օգոստոսին Երեւանում կայանալիք գագաթաժողովի օրակարգը դեռ որոշված չէ: Սա թեպետ անհեթեթություն է, որովհետեւ նման բան չի կարող լինել, բայց իրականությանը համապատասխանում է: Պատճառը Մեդվեդեւի այցի բուն նպատակը քողարկելու եւ Ադրբեջանին Ռուսաստանի դեմ չտրամադրելու խնդիրն է: Հասկանալի է նաեւ, որ ՌԴ նախագահն անձամբ, հենց այնպես, միայն "մի շարք պայմանագրեր" ստորագրելու համար չէր գա ֆորպոստ եւ եթե գալիս է, ուրեմն լուրջ հարց ունի լուծելու:



Իսկ ո՞րն է մեզ համար լուրջ հարցը, որը Ադրբեջանի համար էլ է լուրջ: Իհարկե Ղարաբաղը: Ռուսաստանը Ադրբեջանի հետ երբեք չի փչացնի հարաբերությունները, այն էլ՝ հանուն իր, կներեք արտահայտությանս համար, ռազմավարական գործընկերոջ, որն իբր Հայաստանն է: Միեւնույն ժամանակ, Հայաստանում պետք է հաստատի իր միանշանակ վերահսկողությունը: Ուստի Ղարաբաղի հարցը պետք է լուծի, չասենք հօգուտ Ադրբեջանի, ասենք հանուն իր շահի: Հիշենք, որ մինչ այդ Մեդվեդեւը Հայաստանի իշխանություններին պարտադրեց  ռուսական ռազմաբազայի ներկայությունը 49 տարով երկարաձգելու իր որոշումը, հետո իմացանք, որ մեր ռազմավարական գործընկերը մտադիր է մեզ հետ հակամարտող երկրին  վաճառել մոդիֆիկացված վերջին տարբերակի հակաօդային եւ հակահրթիռային C-300 համակարգերը:



Այսպիսով՝ ՀԱՊԿ-ին ապավինող Հայաստանը մնում է դեմ հանդիման ռուսական զենքով հզորացած Ադրբեջանին: Ամենեւին էլ պատահական չէր ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հայտարարությունը՝ "Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում":  Այնպես որ, նույնիսկ օրակարգի բացակայության պայմաններում ՀԱՊԿ գագաթաժողովը կոչված է լինելու նպաստել Մեդվեդեւին  լուծելու Ղարաբաղի հարցը:



Ինչ վերաբերում է ներքին սպառման պաշտոնական տեղեկատվությանը, միգուցե քարոզչամեքենայով արդուկված ազգաբնակչության մեծ մասի ուղեղներում հաստատվել է այդ "այցի կարեւորությունը", ու շատերն իրենց շոյված են զգալու, երբ Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ այցելի Ծիծեռնակաբերդ` "Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր" ու ծաղկեպսակ դնի "Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին", իսկ Սերժ Սարգսյանի անունից, ի պատիվ նրանց, ՀՀ նախագահի նստավայրում "տրվի պետական ճաշ", բայց սա լինելու է իրականությունը թաքցնելու ամենաանընդունելի պրոտոկոլը: