Համերգը հետաձգվել է թուրքական կողմից

Համերգը հետաձգվել է թուրքական կողմից
Երեկ մեր մամուլը հաղորդել էր, որ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը Թուրքիայում չի նվագի: Սեպտեմբերի 1-ին՝ Խաղաղության միջազգային օրը, նախատեսվում էր Ջիվան Գասպարյանի եւ թուրք երաժիշտ Յավուզ Բինգյոլի համատեղ համերգը, որը թուրքական կողմը չեղյալ է հայտարարել: Համերգին պետք է հնչեին "Սարը գելին" ժողովրդական երգի հայերեն եւ թուրքերեն կատարումները: Թուրքական ԶԼՄ-ները, անդրադառնալով չեղյալ հայտարարված համերգին, երեկ նշել են, որ  "Ստամբուլ 2010-եվրոպական մշակույթի մայրաքաղաք" կազմակերպությունը որեւէ պատճառաբանություն չի ներկայացնում:



Թուրքական ԶԼՄ-ները նման որոշումը պայմանավորում են հայ-թուրքական գործընթացի ձախողմամբ: "Ես պոլիտիկայով չեմ զբաղվում, ես ընդամենը արվեստագետ եմ, եւ ինձ համար բոլոր ժողովուրդները նույնն են: Թուրք ժողովուրդը սիրում է իմ երաժշտությունը, ես տարբերություն չեմ դնում՝ Թուրքիայո՞ւմ կնվագեմ, թե՞ Իտալիայում: Եթե իրենք արվեստը սարքում են պոլիտիկա, դա իրենց գործն է",-մեզ հետ զրույցում ստեղծված անհեթեթ իրավիճակն այսպես մեկնաբանեց անվանի դուդուկահարը: Ջիվան Գասպարյանը նաեւ ասաց, որ նման որոշումից զարմացած է նաեւ Յավուզ Բինգյոլը: Հիշեցնենք, որ սա Ջիվան Գասպարյանի առաջին համերգը չէր լինելու Թուրքիայում: Շուրջ հինգ անգամ նա հանդես է եկել թուրքական բեմում: