Չի տրտնջում, միայն վախենում է որ «կլարեն»

Չի տրտնջում, միայն վախենում է որ «կլարեն»
"Սենց, փող եմ հավքում, ապրում եմ: Ես մենակ ստե չեմ նստում, Թումանյան փողոցում էլ եմ նստում, տարբեր տեղեր եմ նստում: Բայց գիտես, չէ՞, միլիցեքը սաղ օրը գալիս ինձի բռնում եմ, ասում են՝ փող մի հավաքի: Ասում եմ՝ իմ օրվա հացը, օրվա դեղս կապահովե՞ս, որ չգամ",-պատմում է 29-ամյա Աշոտը: Նրան հանդիպեցի կառավարական 3-րդ շենքի (նախարարությունների շենք) առջեւ նստած: Նա մուրացիկ է եւ տառապում է փղախտ կամ ավշային ֆիլարիոզ կոչվող ծանր հիվանդությամբ: Հիվանդությունն ախտահարել է նրա ավշային համակարգը, ինչի պատճառով Աշոտի ստորին վերջույթները՝ մինչեւ գոտկատեղ,  այտուցված են ու խոցակալված:



"Առաջին անգամ, որ հիշում եմ՝ 7 տարեկանից էր:  Գիշերօթիկում եղած տարիներին բժշկի հսկողության տակ էի, բայց ոտներս բուժում էին, ձեռս էր ուռում, ձեռս բուժում ես, ոտս ա ուռում: Հիմա էլ եմ բժշկական հսկողության տակ: Առողջապահության նախարարությունը երկու անգամ ուղարկել է հիվանդանոց: Վերջին անգամ մի երկու ամիս առաջ եմ բուժվել: Բայց էլ երբեք հիվանդանոց չեմ պառկի, որովհետեւ բժիշկները նե՜նց լավ են տիրություն անում": Վերջին երեք տարիներին Աշոտի վիճակը ծանրացել է: Հիվանդությունն ավելի է սրվել:



Աշոտն ասում է, որ ծնողներ չունի: Նրա հարազատը մեկն է՝ Աստված: Մեկ ամսականից ապրել է մանկատներում, հետո տեղափոխվել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոց: 2006-2007 թվականներին "սխալ" է գործել ու կարճ ժամանակով հայտնվել կալանավայրում: Թե ինչ "սխալ" է եղել, Աշոտը չցանկացավ պատմել: "Չեմ ուզում ասել, ամոթ ա",-ասաց: Չպնդեցինք: Այժմ առաջին կարգի հաշմանդամ, մուրացիկ երիտասարդն ապրում է Էրեբունի զանգվածի հանրակացարանում՝ վարձով: Ամսական Աշոտը 25 հազար դրամ է վճարում: Հաշմանդամության համար պետության կողմից նրան վճարվող չնչին գումարն իհարկե չի բավականացնում: "Թոշակի գլուխը հողեմ, 11 հազար 200 դրամը տենամ ի՞նչ եք անելու:



Մի ամիս կարա՞ս ապերս: Չես կարա",-ասում է նա: Ոմանք օգնում են Աշոտին, մյուսները լուռ անտարբերությամբ անցնում: Օրական մոտ երկու հազար դրամ է հավաքում: Թոշակի ու բարեգութ մարդկանց օգնության շնորհիվ մի կերպ գոյատեւում է:  Բարերարներից օգնություն չի ակնկալում, որովհետեւ "ամեն մեկը իրա շահն ա հետապնդում էս աշխարհում": Ճակատագրի քմահաճույքին հայտնված երիտասարդը չի տրտնջում, միայն վախենում է, որ ոստիկանները հանկարծ "չգան-չլարեն" իրեն: "Թող էս մլիցեքի հարցը լուծեն, մնացածը ոչինչ: Տարածքից լարում են, ինչ ասես չեն ասում, շատ կոպիտ են վարվում: Հաշմանդամի հետ ըտենց չպետք ա վարվեն:



Ասում են՝ ստից ես եկել ստեղ կանգնել: Մեկն էլ ասում ա՝ եթե էլի էկել էս ստեղ նստել էս, ոտերդ կջարդեմ: Արա, ստեղ ոտ էլ չկա, սրա ի՞նչը պտի ջարդես: Էն ամենավերջին մարդը պտի ըլնի, որ իմ վրա ձեռք բարձրացնի, թեկուզ լինի մլիցա",-հիվանդ մարդու նկատմամբ օրենքի պաշտպանների "մարդկային" վերաբերմունքից է պատմում՝ շարունակելով. "Հետո էլ ասըմ են ցեղասպանություն: Որ կանգնի հիվանդին ասի ոտերդ կջարդեմ, էլ ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ օրենք":