Ծաղկապատում են խնդիրները

Ծաղկապատում են խնդիրները
Չնայած Երեւանի ինտենսիվ ծաղկապատմանը, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ դպրոցներ անմխիթար վիճակում են: Դրանցից մեկն էլ Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցն է, որը հինգ-վեց տարի զրկված է երկու սպորտդահլիճներից, որտեղ արգելվել է  ֆիզկուլտուրայի դասերն անցկացնել՝ շենքի վթարային լինելու պատճառով: Սակայն ուսուցիչները ձեւը գտել են` ֆիզկուլտուրայի ժամերն անցկացնում են տեսականորեն, ձմռանը դասարանում՝ համեմատաբար մեծ դասասենյակներում հնարավորություն ունենալով գոնե մի քանի թեթեւ վարժություն անել, իսկ ամռանը՝ սպորտդահլիճի մարզահրապարակում, ինչն էլ 2003 թվականից լիարժեք չեն կարողանում օգտագործել ապօրինի շինարարության պատճառով:



Մարզահրապարակի եզրին կից տեղադրված խանութի տերը՝ Հովհաննես Ասատրյանը, տարիներ առաջ որոշում է ժամանակավոր կառույցը վերածել հիմնականի ու սկսում է շինարարություն ծավալել: Դպրոցի տնօրինությունից թույլտվություն է խնդրում շինարարությունը բակից սկսել՝ պատճառաբանելով, թե մայթեզրին կխոչընդոտի երթեւեկությանը: Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 2003 թվականի նոյեմբերից սկսում է աշխատանքները՝ ինքնագլուխ երկու-երեք մետր առաջ գնալով դեպի մարզահրապարակ:



Այս ապօրինությունը նկատելով՝ դպրոցի տնօրեն Հռիփսիմե Դավթյանն ահազանգում է պատկան մարմիններին, դիմում Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, որից հետո հանգստացնող պատասխաներ ստանում, թե շինարարությունը կասեցված է: Դա չի խանգարում, սակայն, որ խանութպանը պարբերաբար բահ ու քլունգով երեւա դպրոցի բակում ու ելույթներ ունենա իր ամենակարող լինելու մասին, ինչպես նաեւ հեռակա կարգով սպառնա, թե խանութի գաղափարն ամեն գնով գլուխ է բերելու: Բայց պարոն խանութպանն ընդամենը ի վիճակի է լինում ապագա կապիտալը վերածել աղբանոցի: Անավարտ շինությունը ճանապարհի կողմից նույնպես խնդիրներ էր առաջացրել, սակայն հարցը անցած տարի լուծվել էր ընտրությունների շնորհիվ:



Բեգլարյանի նախընտրական քարոզարշավի՝ մոտակայքում տեղակայված շտաբի տղաները հարցը լուծել են մայթը բարեկարգելով ու բախտի քմահաճույքին թողնելով դպրոցի մարզահրապարակի հարցը: Դե եթե մի ընտրատեղամաս էլ դպրոցում  տեղակայված լիներ, կասկած չկա, որ այդ հատվածն էլ կբարեկարգվեր: Հիմնարկեքով սկսված ու ավարտված կառույցի տերը թեեւ երկար ժամանակ է չի երեւում, սակայն աղբանոցն ու տարածքը շրջապատած "բորդյուրները", երկաթե ցցերը խիստ խանգարում են աշակերտներին: Դպրոցի տնօրինության տարբեր ուղղություններով գրված նամակներն էլ հիմնականում անպատասխան են մնում. վերջին նամակը քաղաքապետարան է ուղարկվել երեք օր առաջ:



"Կիսատ-պռատ, քանդված հատվածը մեր աշխատանքին շատ է խանգարում, թեեւ մինչ այսօր ոչ մի անգամ չի շարունակվել շինարարությունը, սակայն կիսատ մնալով՝ խնդիրներ է առաջացրել, մեր դարպասը վնասվել է, չվերանորոգեցին, մենք էլ չենք կարող, մարզահրապարակը չենք կարող օգտագործել, մեր ուժերով շինանյութն ենք ապամոնտաժել, սպորտդահլիճ չունենք, վթարային վիճակում են երկուսն էլ, հովանավորներ էլ չենք գտնում",-մտահոգված թվարկում էր դպրոցի տնօրեն Հռիփսիմե Դավթյանը: Վերոնշյալ խնդրի առնչությամբ փորձեցինք լսել քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետին:



Ասացին, որ նա արձակուրդում է, պետին ժամանակավոր  փոխարինող տեղակալ Հրայր Սարգսյանն էլ խնդրից տեղյակ չէր: Չնայած խոսքը մի քանի քմ տարածքի մաքրման ու մի դարպասի վերականգնման մասին է, սակայն "լրջագույն" խնդիրը արդեն յոթերորդ սեպտեմբերն է՝ լուծում չի ստանում: Նշենք, որ անհիշելի ժամանակներից գործող դպրոցը վերջին անգամ մասնակի վերանորոգվել է 1984 թվականին: