Սովորական դիզենտերիաներ են

Սովորական դիզենտերիաներ են
17-ամյա Արկադի Հովհաննիսյանը մեկն է այն վանաձորցիներից, որոնք արդեն մի քանի օր է` բուժվում են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում: Տղան նշում է, որ ձմերուկ ու խոզի միս է կերել ու թունավորվել: Սակայն հիվանդանոցում բուժվողների հետ զրույցում գրեթե բոլորն էլ 2 հավանական պատճառ էին նշում` ձմերուկն ու կաթնամթերքը: Մեր տեղեկություններով՝ մինչեւ օգոստոսի 20-ը հիվանդանոցում այնքան շատ հիվանդ է եղել, որ հիվանդասենյակները չեն բավականացրել, եւ եղել են դեպքեր, երբ միջանցքում են հիվանդներին տեղավորել: Հիվանդանոցում այս պահին բուժվում են տարբեր տարիքի մարդիկ:



Ինչպես նշում է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը, "ստաբիլ, սովորական, շարքային իրադրություն է հիվանդանոցում, կա 22 հիվանդ՝ թե մեծահասակներ, թե  երեխաներ, կան նաեւ կրծքի երեխաներ": Իսկ ախտորոշումը, բժշկի խոսքով, "դիզենտերիա, աղիքային այլ վարակներ եւ ուրիշ ոչինչ, այս 2 հիմնական ախտորոշումներն են": Վանաձորի գլխավոր ինֆեկցիոնիստը նման ասեկոսեները մարդկանց չիմացության արդյունք է համարում. "Որպեսզի կոնկրետացվեն այս կամ այն սննդով վարակված լինելը, պետք է լինի լաբորատոր հաստատում, եւ քանի որ այդպիսի բան չենք հայտնաբերել, ուրեմն նման բաները ասեկոսեներ են":



Երբ հարցրինք, թե այդ դեպքում ինչո՞ւ են շատերը կաթին վերագրում վարակը, եւ կա՞ն արդյոք մարզում համաճարակի բռնկման դեպքեր,  պատասխանեց. "Միանշանակ՝ ոչ, որպես օրենք՝ ջրի, կաթի վարակները պետք է բռնկման տեսք ունենան, այդ վարակը չի կարող լինել միայն այդ հատվածում: Երբ ասում են կաթից է, միշտ հարցնում եմ, թե էլ ի՞նչ ես կերել, եւ երբ մանրամասնում ես ուսումնասիրությունդ, դուրս ես գալիս մեկ այլ սննդատեսակի վրա, ու շատ հաճախ՝ մեր սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված եւ մարդու անձնական հիգիենայի պահպանման հնարավորությունները. որպես օրենք, շատ մարդիկ հենց իրենք իրենց աղտոտ ձեռքերով  վարակում են սնունդը:



Այսօրվա դրությամբ ճանճերը բավականին շատ են, որոնք կարող են նույնպես աղտ բերել ընտանիք": Նշենք, որ տարեսկզբից Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցն ունեցել է 500-ից ավելի հիվանդ, մոտ 300-ը՝ երեխաներ: "Մենք հիվանդների աճ չունենք, դեռ մի փոքր էլ հետ ենք մնում",- հանգստացրեց հիվանդանոցի տնօրենը:



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ