Թիվ 18 հատուկ դպրոցն ապստամբո՞ւմ է

Թիվ 18 հատուկ դպրոցն ապստամբո՞ւմ է
Թիվ 18 հատուկ դպրոցի շուրջ կրքերը շարունակում են մնալ թեժ: Այն բանից հետո, երբ ԿԳ նախարարը Հ1-ով հայտարարեց, որ դպրոցի լուծարման մասին որոշում է կայացրել, եւ այն միացվել է "Փոքր Մհեր" կրթահամալիրին, վերջինիս աշխատակիցները գնացել են թիվ 18 դպրոց, սակայն նրանց ներս չեն թողել, պատճառաբանելով, թե տնօրենը տեղում չէ: Կրթահամալիրի աշխատակիցները համարյա ուժով են տարածք մտնել: Ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ դուռ ջարդելով: Մեզ զանգահարեցին "Փոքր Մհերից" եւ ասացին, որ թիվ 18-ի տնօրեն Ծովինար Գեւորգյանն ու նրա աշխատակիցները չեն ցանկանում հեռանալ, եւ եթե այսպես շարունակվի, իրենք կհրաժարվեն դպրոցը որպես մասնաճյուղ ընդունելու գաղափարից:



Դիմեցինք կրթության եւ գիտության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ որոշում է կայացվել թիվ 18 դպրոցի հետ կապված: "Որոշման նախագիծը կառավարությունում է: Ըստ դրա, թիվ 18 հատուկ դպրոցը վերակազմավորվում եւ դառնում է "Փոքր Մհեր" կրթահամալիրի մասնաճյուղ: Ընդունվելուց հետո կորոշվի՝  մանկավարժական կոլեկտիվը աշխատանքի տեղավորվելո՞ւ է, թե՞ ոչ: Բացառված չէ, որ միավորման արդյունքում պայմանագիրը լուծարվի, իհարկե, աշխատանքային օրենսգրքի սահմաններում",- պատասխանեցին տեղեկատվության վարչությունից: Հիշեցնենք, որ Ծովինար Գեւորգյանը, նշանակվելով թիվ 18 հատուկ դպրոցի տնօրեն, իր իսկ ասելով՝ հենց առաջին տարում 39 մանկավարժ է ազատել աշխատանքից: