Գրողներն ապրում են «Գրական կյանքով»

Գրողներն ապրում են «Գրական կյանքով»
Երեկ Ժուռնալիստների միությունում, բավական նեղ շրջանակով, տեղի ունեցավ «Գրական կյանք» պարբերաթերթի շնորհանդեսը: Պարբերաթերթի գլխավոր խմբագիրը Ալեքսանդր Ղումաշյանն է, իսկ խմբագրական խորհրդի նախագահը՝ Աբգար Ափինյանը: Ներկաները կարեւորեցին նոր գրական թերթի առկայությունը՝ նշելով, որ «Գրական կյանքը» մրցակցության խնդիր չունի Գրողների միության հրատարակած «Գրական թերթի» հետ: «Գրական կյանքն» ունի բոլորովին այլ առաքելություն: «Պարբերաթերթի խնդիրն է գրական կյանքում վեր հանել, բացահայտել երեւելի անհատականությունների: Բացահայտել, թե ինչ գրողներ կան, ինչ գրքեր են հրատարակել, եւ գրական կյանքը դարձնել գրական կյանք:



Մեզ համար գրականության մեջ բոլորը հավասար չեն. կան խոշոր անհատականություններ, կան լավ ու երեւացող դեմքեր: Բայց մեր խնդիրն է նաեւ լուսաբանել գրական դաշտում տեղի ունեցող այլ իրադարձություններ, բացահայտել նոր անուններ, ուղղություններ»,- ասաց Աբգար Ափինյանը: Արդեն լույս է տեսել պարբերաթերթի 2 համար: Շնորհանդեսի մասնակիցները վստահ են, որ թերթն արդեն գտել է իր ընթերցողին: Եթե առաջին համարը լույս է տեսել 500 օրինակ տպաքանակով, ապա երկրորդը՝ 1700: «Գրական կյանքը» հովանավորներ չունի եւ առայժմ լույս է տեսնում բացարձակապես խմբագրակազմի միջոցներով ու թերթի վաճառքից գոյացած գումարով: Թերթն իր առջեւ խնդիր է դրել նաեւ միավորել իրարից օտարված գրականությունն ու հասարակությունը եւ վերականգնել գրական չափանիշները: