YouTube-ում տեղադրված տեսանյութում զինծառայողների նկատմամբ ճնշումներ կիրառող անձի ինքնությունը բացահայտվել է

YouTube-ում տեղադրված տեսանյութում զինծառայողների նկատմամբ ճնշումներ կիրառող անձի ինքնությունը բացահայտվել է




Երեկ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է Youtube-ում տեղադրված աղմկահարույց տեսանյութում հայ զինվորներին նվաստացնող անձը: Ըստ մեր տեղեկությունների, նա Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի հրամանատարի տեղակալն է, կոչումը՝ մայոր: Նրան արդեն  տեղափոխել են Երեւան՝ համապատասխան քննչական միջոցառումներ իրականացնելու նպատակով: ՀՀ ՊՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց այս տեղեկությունը, նշեց միայն, որ այսօր այդ կապակցությամբ կտարածի հաղորդագրություն:



Ինչ վերաբերում է նրան, թե ով է տեսանյութը տեղադրել Youtube-ում, ապա, չճշտված տեղեկություններով, նույն անձն է, որը տեղադրել էր Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի չմոնտաժված հատվածը, որում Ալբերտ Ազարյանը հայհոյում է թեկնածուին: Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտարարել էր, որ որոշել է գտնել ու պատժել տեսանյութի հեղինակին, ու նշենք, որ այդ հայտարարությունն առնվազն տեռոր է ու հետապնդում է բանակի արատները քողարկելու նպատակ, հակասելով մեղավորներին պատժելու մասին Սեյրան Օհանյանի հրապարակած ցանկությանը, հատկապես որ տեսանյութի «հերոսն» իրական մարդ է ու այլեւս հայտնաբերված: Ի դեպ, «Եղնիկները» ամենավատահամբավ զորամասն է, որտեղ երբեւէ ծառայած անձինք սոսկալի բաներ են պատմում այնտեղ արմատացած սովորույթներից: