Անվստահությո՞ւն համայնքների ղեկավարներին

Անվստահությո՞ւն համայնքների ղեկավարներին
Վերջին մեկ-երկու տարում Սյունիքի մարզխորհրդի նիստերը սովորաբար սկսվում են ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանի զեկուցմամբ։ Երեկվա նիստում եւս նա ներկայացրեց մարզի համայնքների կողմից 2010թ. բյուջեների սեփական եկամուտների ընթացիկ հավաքման, աշխատավարձերի պարտքերի մարման եւ առանձին համայնքներում բյուջեների վերանայման խնդիրները։



Ասաց, որ մի շարք  համայնքներում   եկամուտների կատարման   գործընթացը խիստ անբավարար է կազմակերպված,  ինչի հետեւանքով այդ համայնքներում արձանագրվում  են բյուջեի կատարման   ցածր   ցուցանիշներ:  Կան նաեւ աշխատավարձի պարտքեր: Նախորդ տարիներից պարտքեր ունեն  Արավուս, Բարձրավան, Հալիձոր, Հարթաշեն, Սվարանց, Ույծ, Տաշտուն, Մեղրի համայնքները: Ֆինանսական վարչության պետի հրապարակած տվյալներից Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի նյարդերը տեղի տվեցին: Նա, «խիստ վրդովված», ասաց. «Համայնքի ղեկավարները չեն ուզում վատամարդ դառնալ, ինչի պատճառով մարզի պատիվն է ոտնահարվում, ինչո՞ւ մենք պետք է նրանց տեղը պատասխան տանք» եւ առաջարկեց մարզպետին կազմել հանձնաժողով, որը նախապատրաստի այդ համայնքների ղեկավարներին անվստահություն հայտնելու գործընթացը:



Հենց նիստի վերջում Սուրիկ Խաչատրյանը  հրապարակեց հատուկ հանձնաժողովի կազմը, որը պիտի ոսումնասիրի այդ համայնքներում ստեղծված իրավիճակը, եւ եթե պարզվի, որ համայնքների ղեկավարներն են թերացել, ապա կսկսվի նրանց անվստահություն հայտնելու գործընթացը։ Համայնքների ղեկավարներից ոմանք պաշտոնանկության մտքից սարսափած շրջապատեցին փոխմարզպետին` «փորձելով հասկանալ իրենց գործած մեղքը»: Մարզպետն էլ խորհուրդ տվեց համայնքների ղեկավարներին «կշռադատել, թե չէ սիրուն չի ամեն անգամ նույն բանը ասել»:



Ապա տեղեկացրեց, որ հոկտեմբերի կեսերին Տաթեւի ճոպանուղու բացման առիթով մարզ են ժամանելու 400-ից ավելի հյուրեր մայրաքաղաքից ու արտերկրից, եւ համայնքների ղեկավարներին կոչ արեց բարեկարգել եւ մաքրել համայնքային ճանապարհները` հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու համար: «Հայաստանի նախագահը այդ օրը կարծիք է կազմելու բոլորիս աշխատանքի մասին, եւ շատ ցանկալի է, որ այդ գնահատականը լավ լինի, ոչ թե վատ»,-նախազգուշացրեց Լիսկան: