Թեւակոխել ենք Ռուսահայաստանի դարաշրջան

Թեւակոխել ենք Ռուսահայաստանի դարաշրջան
Հայ ժողովուրդը մեծ դժվարությամբ է ընտելանում անկախության գաղափարին: Իշխանությունն էլ ամեն ինչ անում է, որ «ես կբողոքեմ Մոսկվա» լյումպեն-մտածողությունն այնքան շատանա, որ մեծամասնության «հոժար կամքով» վերջնականապես վերածվենք ֆորպոստի: Բնական է, որ այդպիսի իշխանությունները ձեռնտու են Կրեմլին: Բնական է նաեւ, որ անկախության համար մաքառողները հենց Կրեմլի «դաբրոյով» պիտի կամ ոչնչացվեն ֆիզիկապես, կամ նետվեն բանտերը:



Ուստի 2008 թվականի մարտի 1-ը չէր կարող տեղի ունենալ առանց Դաշնության հրահանգի, հատկապես որ մինչ այդ ինքնահռչակված նախագահն այցելեց Մոսկվա, ու վերադառնալուն պես ժողովրդին համակեց մղձավանջը: Եթե մինչ օրս այդ մասին խոսում էին բոլորը, ներառյալ քաղաքագետները, ու այդ կարծիքները, այնուամենայնիվ, գնահատվում էին որպես սուբյեկտիվ կամ լավագույն դեպքում՝ ենթադրություններ, անցած շաբաթ Կովկասյան ինստիտուտում տեղի ունեցած քննարկման  ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի՝ գերտերության դիրքերից հնչեցրած կարծիքները փարատեցին բոլոր կասկածները:



«Ռուսաստանի քաղաքականության նոր միտումները Կովկասում. սպառնալիքներն ու հնարավորությունները տարածաշրջանի համար» թեմայով կլոր սեղանի ժամանակ դեսպան Կովալենկոն հայտարարեց, թե իր երկրի ղեկավարությունը հետաքրքրություններ ունի տարածաշրջանի բոլոր երկրներում, սակայն երբեք չի գնա երկխոսության Վրաստանի նախագահի հետ, քանի որ նա հանցագործ է, ու Հարավային Օսեթիայում բռնկված պատերազմում Սահակաշվիլու պատճառով սպանվել են Ռուսաստանի քաղաքացիներ՝ զինվորներ:



Ստիպված եղանք նրան հարցնել, թե այդ դեպքում ինչո՞ւ է իր երկրի ղեկավարությունը գրկաբաց ընդունում Հայաստանի նախագահին, եթե Ռուսաստանում այդքան բարոյական ու արժանապատվությունից ցածր հարց է քաղաքացիներին սրի մատնած նախագահի հետ երկխոսության մեջ մտնելը, չէ որ Հայաստանում էլ 2008-ի մարտի 1-ին քաղաքացիներ սպանվեցին խաղաղ ցույցի ժամանակ, իր ասածը չի՞ հաստատում արդյոք, որ Ռուսաստանը տարածաշրջանի երկրների նկատմամբ իրականացնում է երկակի չափանիշներ: Թեպետ հարցը շատ ուղղակի էր ու, անկեղծ ասած, դիվանագետից ակնկալում էր խուսափողական պատասխան, սակայն դեսպանը դրսեւորեց անթաքույց վերաբերմունք:



«Իսկ ո՞վ է ասում, որ Հայաստանում  մարտի 1-ին տեղի է ունեցել հանցագործություն»,-վրա տվեց դեսպանը: Ստիպված եղա հիշեցնել նրան, որ այդ հանցագործությունը տեղի է ունեցել իր դեսպանատան դռներին, ու պաշտոնական հաղորդագրությունն էլ վկայում է, որ զոհվել է 10 քաղաքացի: Դեսպանն արդեն ընկավ դիվանագետի բախչեքը ու սկսեց երկար-բարակ բացատրել, թե ամբողջ աշխարհում ընդունված է ցուցարարներին ծեծելով ցրելը, ձերբակալելը, երբ նրանք չեն ենթարկվում պաշտոնական հրահանգներին:



Մեր հարցին, թե նորմալ համարո՞ւմ է արդյոք պարոն դեսպանը խաղաղ ցուցարարների դեմ բանակը հանելու եւ նրանց կրակելու հրաման տալու հանգամանքը, Վյաչեսլավ Կովալենկոն պատասխանեց. «Եթե կիրառվել են միջոցներ, որոնք ուղղված են եղել հասարակական կարգի վերականգնմանը, եթե անհրաժեշտ է եղել հաստատել կարգ ու կանոն, իհարկե, պետք է կիրառել ուժ՝ նախազգուշացնելուց հետո թերեւս: Բայց դա պետք է անել օրենքի շրջանակներում: Իսկ ուժի կիրառությունը իշխանության վարքագծի նորմ է: Ես կարծում եմ, որ պետությունը պարտավոր է կիրառել ուժ՝ իշխանությունը պահպանելու համար: Սա իմ դիրքորոշումն է»:



Նրա պատասխանը ցանկացած մարդու, եթե, իհարկե, հոգեկերտվածքով ճորտ չէ, կրկին պիտի հիշեցնի մարտի 1-ից մինչ օրս հնչող պաշտոնական պարզաբանումներն ու հավաստիացնի, որ այդ ողբերգության սցենարը գրվել է Կրեմլում, իսկ դեսպան Կովալենկոյի «ես այսպես եմ կարծում»-ը իրականում իր երկրի դիրքորոշման արտահայտությունն է: Շարունակելով զրույցս ֆորպոստի իրական վերակացուի  հետ, հետաքրքրվեցի, թե ինչ է մտածում Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության մասին, ըստ որի՝ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում:



«Ռուսաստանը կարո՞ղ է լուծել ԼՂ հարցը, թե՞ այնպես կանի, որ երկարաձգվի status quo-ն»,-հարցրի: «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է հակամարտող կողմերի ձեռքում: Ինչպես վրաց-օսեթական կամ վրաց-աբխազական հակամարտության պարագայում է հարցի լուծման բանալին գտնվում վրացիների, աբխազների ու հարավ-օսեթների ձեռքում: Այլ բան է, որ կան երկրներ, որոնք ձգտում են օգնել, որ կողմերը գտնեն փոխընդունելի լուծումներ: Այս պարագայում Ռուսաստանը շահագրգռված է, որ գտնվի նման լուծում: Ռուսաստանը բնավ կողմնակից չէ, որ Հարավային Կովկասում բռնկվեն պատերազմներ, ու հետաքրքրված է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն երկու կողմին էլ: Ռուսաստանի համար կարեւոր է, որ Հարավային Կովկասում հաստատվի խաղաղություն»,- ասաց դեսպանը:



Սա թեպետ դիվանագիտական պատասխան էր, բայց կրկին մատնեց իմպերիալիստի դիրքորոշումը, որովհետեւ մի կողմից փորձում էր մեզ հավաստիացնել, թե իբր հարցը պիտի լուծեն կողմերը, մյուս կողմից նույնիսկ ջանք չթափեց՝ լղոզելու համար Ղարաբաղի գործոնը: Ֆորպոստում ՌԴ վերակացուն ուղղակի նշեց, որ կողմ հանդիսանում են Հայաստանն ու Ադրբեջանը, թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ  Ղարաբաղն ընդամենը ինքնորոշվել է ԽՍՀՄ Սահմանադրությամբ, Հայաստանի կազմում էլ չի եղել, ու Ադրբեջանն էլ պատերազմ է սկսել ԼՂ ժողովրդի, այլ ոչ թե Հայաստանի նկատմամբ:



Բայց այս պարագայում դեսպանին կշտամբելն անմտություն է, որովհետեւ Հայաստանի իշխանության ղեկին հայտնվածների կամքով ու ձեռամբ է գործընթացը հանձնվել Ադրբեջանին: Համենայնդեպս ազատագրված տարածքները հանձնելու մասին պայմանավորվածությունն առայժմ ուժի մեջ է: