Բաց նամակ Դօրիանին

Բաց նամակ Դօրիանին
Հարգելի պարոն կամ տիկին Դօրիան: Կարդացի Ձեր բաց նամակը՝ ուղղված ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին: Համաձայն լինելով Ձեր շատ որակումների հետ, կարծում եմ, որ Դուք շատ մեղմ եք բնութագրել պարոն Անանյանին՝ նրան անվանելով ինքնակոչ «Գրականության ղեկավար», որովհետեւ Անանյանը, «գրական չինովնիկ» լինելուց զատ, նաեւ խոշոր «մշակութային օլիգարխ» է, որ ՀԳՄ միջոցները մենաշնորհել ու տզրուկի պես ծծում է, որ չբավարարվելով Ծաղկաձորի եւ Սեւանի հանգստյան տների բերած եկամուտներով, գրականությունը զարգացնելու համար անցկացված հեռուստամարաթոնների արդյունքում հավաքված խոշոր գումարը ծառայեցնում է իր անձի փիառմանը եւ թոշակների տեսքով ընտրակաշառքներ բաժանելուն:



Այդ միջոցներն օգտագործում է որպես իր ջեբի փող, մսխում է դրանք՝ գրականամերժ միջոցառումներ կազմակերպելով կամ յուրացնելով: ՀԳՄ միջանցքներում խոսակցություններ կան, թե այդ փողից արդեն ոչինչ չի մնացել: Ձեր բաց նամակում մի հանգամանք  կա, որի հետ ես չեմ կարող համաձայնել: Դուք հավասարության նշան եք դնում Լեւոն Անանյանի, նրան սատարող ստորաքարշ միջակությունների եւ ՀԳՄ մյուս անդամների միջեւ: Լեւոն Անանյանը եւ նրան սատարող փողասեր մյուս «գրական չինովնիկները»  ամբողջ ՀԳՄ-ն չեն:



Ծանոթ չեմ Ձեր գրածներին, բայց կարծում եմ, որ Դուք մեծամիտ եք գտնվել` Ձեր բաց նամակում գրելով, թե ավելի շատ ընթերցող ունեք, քան թե ՀԳՄ բոլոր անդամները միասին վերցրած: ՀԳՄ անդամ են այնպիսի հանրահայտ գրողներ, ինչպիսիք են Մարինե Պետրոսյանը, Արփի Ոսկանյանը, Վիոլետ Գրիգորյանը, Արմեն Շեկոյանը, Լեւոն Ջավախյանը, Լեւոն Խեչոյանը եւ ուրիշներ: Պարոն կամ տիկին Դօրիան, չնայած Ձեր գրած տեքստերի մշտական «գովազդային արշավին» չեմ կարծում, թե Դուք ավելի ընթերցող ունեք, քան թե վերոհիշյալ գրողներից յուրաքանչյուրը: Իսկ եթե նույնիսկ այդպես է, կարծում եմ, որ Ձեր կողմից անհամեստություն է հայտարարել Ձեր ընթերցողների գլխաքանակի մասին:



ԲՈՅ-ԲՈւՍԱԹՈՎ