Թող ԵԱՀԿ-ն մի խումբ էլ Ադրբեջան ուղարկի

Թող ԵԱՀԿ-ն մի խումբ էլ Ադրբեջան ուղարկի
Հայ ուսանողները պահանջել են ԵԱՀԿ-ից խումբ ուղարկել Ադրբեջան` հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակը ուսումնասիրելու համար: Այս թեմայի շուրջ էին այսօր «Արմատ» ակումբում ասուլիս տալիս նախաձեռնության կազմակերպիչները՝ ԵՊՀ-ի ՈւԽ-ի նախագահ Ցոլակ Ակոպյանը, քարտուղար Հարություն Ազգալդյանը և նախագահության անդամ Վահագն Վարագյանը:



Նրանք նշեցին, որ սեպտեմբերի 15-ին 250-300 ուսանողներով նամակ են գրել և հանձնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, որտեղ նաև սպառնացել են՝ եթե իրենց նամակը արձագանք չգտնի, ուսանողական բողոքի ակցիա կկազմակերպեն հենց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց:



Իսկ պատճառն այն է, որ հոկտեմբերի 4-ին ԵԱՀԿ-ն պատրաստվում է հատուկ առաքելությամբ խումբ ուղարկել ԼՂՀ, որը պետք է ուսումնասիրի իբրև թե հայերի կողմից ոչնչացված ադրբեջանական մուսուլմանական հուշարձանները ԼՂՀ-ի տարածքում. «Փորձեցինք հենց նույն օրը Երևան ժամանած փորձագիտական խմբի հետ կապել մեր բողոքի ակցիան և բարձրացնել երկու հարց, նախ, թե ինչու ԵԱՀԿ-ն չի արձագանքում ԼՂՀ-ի սահմանների շրջակայքում ամեն օր ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից իրականացվող ռազմական գործողություններին,- նշեց Ցոլակ Ակոպյանն ու կարևորեց երկրորդ հարցը,- եթե ԵԱՀԿ-ն գտնում է, որ հայերը ոչնչացրել են ադրբեջանական մշակույթի կոթողները, թող նույն հաջողությամբ փորձագիտական խումբ ուղարկեն Նախիջևան, որ համոզվեն, թե ինչ են արել ադրբեջանցիները հայականան հուշարձանների հետ»:



Վահագն Վարագյանն էլ իր կողմից արձանագրեց, որ անմիջապես իրենց  հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձ արեց ԵԱՀԿ-ի հետ խոսել նորից պրովոկացիայի լեզվով. «Ադրբեջանական Armenia.az կայքում տեղադրվեց ադրբեջանական երիտասարդական կազմակերպությունների հայտարարությունը, թե իբր նման երևույթ չի եղել, և ադրբեջանական կողմը կարձագանքի պատասխան ակցիայով»:



Գործընկերոջ խոսքին Հարություն Ազգալդյանն ավելացրեց նաև իր դիտարկումը. «Ադրբեջանական կողմը պրոֆեսիոնալ ձևով այնպիսի ֆոտոշարք էր պատրաստել, որ 50 հոգանոց խումբը ներկայացրել էր 500 հոգանոց, իսկ մենք՝ գուցե վայրից էր կամ լուսաբանման խնդիր կար, չկարողացանք մեր իրական թիվը ցույց տալ»:



Բանախոսները նշեցին, որ երկու շաբաթից ավել է, ինչ իրենց գրավոր դիմումին պատասխան չի տրվել, բայց տեղյակ են, որ իրենց ակցիայի արդյունքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պատրաստվում է փաստահավաք խումբ ուղարկել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյանի շրջան, որտեղ պետք է արձանագրեն, թե ինչ է կատարվել հայկական պատմամշակութային արժեքների հետ: Երիտասարդները հույս հայտնեցին, որ երկու փաստահավաք խմբերի այցելությունների ընթացքում ԵԱՀԿ-ն ի վերջո կտեսնի, թե ովքեր են հայերն ու ովքեր են ադրբեջանցիները: