Տնօրենի պաշտպաններն ուսուցիչնե՞րն են

Տնօրենի պաշտպաններն ուսուցիչնե՞րն են
Հոկտեմբերի 2-ին Հրազդանի թիվ 11 դպրոցի ուսուցչուհի Լ. Թովմասյանը մեր թերթում հոդված էր տպագրել, թե երկար ժամանակ է` տնօրենն իր գլխավերեւում ճոճում էր աշխատանքից ազատելու սուրը, եւ ինքը, ճնշումներին չդիմանալով, աշխատանքից ազատվելու դիմում է գրել՝ նշելով իրական պատճառը: Դիմումը ստանալուց հետո դպրոցի տնօրենը զանգել ու հայհոյել էր Լ. Թովմասյանին ու պահանջել գրել նոր դիմում, ապա հանդիպելու պահանջ ներկայացրել:



Թովմասյանն իր հոդվածում նշել էր, որ տնօրենի այս պահվածքը պայմանավորված է իր ամուսնու հետ կատարվածով: Իր ամուսինը եղել է Հրազդանի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրենը, որին աշխատանքից ապօրինի ազատել է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Մի խոսքով` այս ապօրինությունների մասին  հոդվածը փոթորկել է թիվ 11 դպրոցի որոշ մանկավարժների հոգու անդորրը, եւ նրանք մի սրտաճմլիկ նամակով եկել էին խմբագրություն՝ Թովմասյանին համարժեք հրապարակային պատասխան տալու եւ իրենց տնօրենին դիֆերամբներ ձոնելու:



Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակը. «Ձեր թերթի 2010 թվականի հոկտեմբերի 2-ի համարում Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի հատուկ կրթության  ստորաբաժանման ուսուցչուհի Լ. Թովմասյանը «Մարզպետի ձեռագիրը կիրառում է տնօրենը» սադրիչ հոդված է տպագրել, որով վարկաբեկում է եւ Կոտայքի մարզպետին, եւ մեր դպրոցի տնօրենին: Դպրոցի եւ հատուկ կրթության ստորաբաժանման բոլոր աշխատողները վրդովված են այդ հոդվածի կապակցությամբ: Հոդվածում տեղ գտած «փաստերը» իրականությանը չեն համապատասխանում, նրանք միայն զրպարտում են (ծանոթ ձեռագիր է, որը մեզ համար նորություն չէ):



Մենք հասկանում ենք, որ Լ. Թովմասյանը շարունակում է իր ամուսնու՝ Հրազդանի թիվ 1 հատուկ (օժանդակ) նախկին դպրոցի տնօրեն Աբգար Գյուլումյանի՝ ՀՀ վերադաս տարբեր ատյաններին եւ լրատվամիջոցներին ապակողմնորոշելու գործընթացը: Ի դեպ, ավելորդ չենք համարում պարզաբանելու Հրազդանի  թիվ 1 հատուկ (օժանդակ) նախկին դպրոցի գործունեությունը Ա. Գյուլումյանի տնօրեն աշխատելու տարիներին: Այդ տարիներին դպրոցը, որը տեղակայված է Հրազդանի թիվ 8 մսուր-մանկապարտեզի շենքում, գտնվում էր հակասանիտարական, հակամանկավարժական պայմաններում, իսկ նախկին տնօրենի կողմից համարյա ոչինչ չէր արվում մարդկային խնամքի ու հոգատարության կարիք ունեցող երեխաներին օգնելու, ճիշտ կրթելու համար:



Մեկ տարուց ավելի է, որ տեղափոխվել ենք Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց, կառավարության որոշմամբ դպրոցը միացման ձեւով վերակազմակերպվել է Հրազդանի «Վ. Ա. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի: Ստեղծվել են ուսումնադաստիարակչական աշխատանքները ճիշտ եւ խելացի կազմակերպելու նորմալ պայմաններ: Անցած մեկ տարվա ընթացքում Ա. Գյուլումյանը իր տիկնոջ հետ մի քանի անգամ փորձել է պառակտել կոլեկտիվը, խոչընդոտել նրա աշխատանքները: Մեր նոր տնօրենը կայուն մարդ է, կիրթ, բանիմաց, խելացի, սիրված եւ հարգված Հրազդան համայնքի ուսուցիչների, աշակերտների կողմից (նա շուրջ վեց տարի Հրազդան համայնքի ավագանու անդամ է, որպես մանկավարժ՝ ԿԳ նախարարության եւ զանազան պատկան մարմինների կողմից արժանացել է բազում պատվոգրերի):



Ինչպե՞ս կարելի է գրչի մի հարվածով վարկաբեկել վաստակաշատ մանկավարժին: Աշխատանքից ազատման դիմում-գաղափարի հեղինակը ինքը՝ ուսուցչուհին է: Ճշմարտությունն այն է, որ իրեն «կայսրուհի» երեւակայելով՝ Լ. Թովմասյանը չէր կարողանում համակերպվել այս մտքի հետ, որ իր ամուսինը «կայսր» չէ, իսկ ինքը, ի տարբերություն իրենց համար երանելի նախորդ տարիների, պարտավոր է ենթարկվել դպրոցի ներքին կարգուկանոնին, ամեն օր կանոնավոր կերպով ներկայանալ աշխատանքի, դասարան մտնել, դաս պարապել, երեխաներ դաստիարակել (կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են):



Վիրավորվածի կեցվածք ընդունած ուսուցչուհին դպրոցական հարցերը տեղափոխել է ընտանիք եւ ստեղծում է առճակատման իրավիճակներ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ տնօրենը անցած մեկ տարվա ընթացքում դիտողություն անգամ չի արել Լ. Թովմասյանին, որեւէ միջադեպ, որեւէ վիճահարույց խոսակցություն չի եղել նրանց միջեւ: Ինչո՞ւ չեն սթափվում այդ մարդիկ, չէ որ մեր աշխատանքը բարդ է՝ աշխատում ենք մտավոր թերզարգացած տարբեր տարիքի երեխաների հետ, որոնք հոգատարության կարիք ունեն: Ինչո՞ւ չեն թողնում հանգիստ աշխատենք»: