Գող սիրտը դո՞ղ, թե՞ անմեղսունակի իրավունքով

Գող սիրտը դո՞ղ, թե՞ անմեղսունակի իրավունքով
Երեկ մի զվարճալի լուր էր շրջում հայաստանյան լրատվադաշտում: Ինչ-որ մեկը, միանգամայն անհասկանալի է, թե որ երկրից, «YouTube»-ում տեղադրել էր մի տեսանյութ ընդամենը 46 վայրկյան տեւողությամբ, որտեղ ամերիկահայ համայնքի անդամ ներկայացող մի անձ րոպեից էլ կարճ խոսակցություն է ունենում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Բոլորովին հնարավոր չէ հասկանալ, թե երբ է տեղի ունեցել եւ ինչին է վերաբերում խոսակցությունը: Միայն հասկանալի է, որ խոսակցությունը կայացել է 2008-ի սեպտեմբերից հետո, երբ հայ-թուրքական վերահաշտեցման գործընթացը մեկնարկել էր: Դրանից հետո ցանկացած պահի կարող էր խոսակցությունը կայացած լինել:



Բայդենի շուրթերից հնչում են բառացիորեն հետեւյալ բառերը. "What you should be giving to your community is that we are not backing off (Դուք պետք է հաղորդեք Ձեր համայնքին, որ մենք ետ չենք կանգնում)...The Turks have to come to realization of what the reality is (Թուրքերը պետք է հասնեն գիտակցելու, թե ինչպիսին է իրականությունը)... And we are to do this - the compromise that we were working at for a while (Եվ մենք պետք է դա անենք` փոխզիջումը, որի շուրջ մի շրջան աշխատել ենք)... Tell them that the Armenian President called me and said "Do not push a decision while we are in negotiations (Ասեք նրանց, որ Հայաստանի նախագահն է զանգել եւ ինձ ասել. «Առաջ մի մղեք որոշում, քանի դեռ մենք բանակցությունների մեջ ենք»)... We passed... Thatևs passed right now (Մենք անցկացրինք... այն հենց նոր անցավ)... So anyway... reality has a way of intruding." (Հետեւաբար, ամեն դեպքում... իրականությունը ներխուժելու հատկություն ունի):



Սրանք են տեսանյութի մեջ փոխնախագահ Բայդենի կողմից արտասանված նախադասությունները՝ բառացի: Ընդ որում «YouTube»-ում տեսանյութի ներքո խոսակցության տեքստային տարբերակ է տեղադրված, որն ընդհանուր առմամբ խոսքի ճիշտ վերծանում է, բայց մի ձեռնածություն արված է` Սերժ Սարգսյանի խոսքերը. «Do not push a decision while we are in negotiatons» («Առաջ մի մղեք որոշում, քանի դեռ բանակցությունների մեջ ենք»), սղագրված է «Look, do not force this issue now» (Նայեք այս հարցի ուղղությամբ հիմա մի ճնշեք):



Պարզից էլ պարզ է, որ այստեղ ցեղասպանություն չի հիշատակվում, թեեւ երեկ այս հոլովակը հենց այդպիսի աղմուկ էր առաջացրել, թե Սերժ Սարգսյանը խնդրել է ցեղասպանության հետ կապված որոշում չկայացնել: Սակայն «որոշում առաջ մղելը» կարող է վերաբերել ինչի ասես, կախված նրանից, թե Բայդենի հետ տեսագրված խոսակցությունը երբ է կայացել: Դա կարող էր վերաբերել հայ-թուրքական վերահաշտեցման ուղեցույցը հրապարակելուն, եթե տեսագրությունը  2009-ի գարնանն է արվել, կարող էր վերաբերել արձանագրությունները հրապարակելուն, ստորագրելուն, եթե 2009-ի աշնանն է նկարահանվել, կարող էր վերաբերել ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ցեղասպանության դատապարտման բանաձեւին, եթե 2010-ի գարնանն է նկարահանվել, վերջապես կարող էր վերաբերել արձանագրությունների վավերացման առնչությամբ որոշում պարտադրելուն, եթե 2010-ի աշնանը արված տեսագրություն է:



Մի խոսքով` ինտերնետային կիսատ-պռատ, նույնիսկ հայտնի չէ` մոնտաժված թե բնօրինակ մի տեսանյութ մի քանի ժամում իրար խառնեց ողջ Հայաստանն ու նախագահի ողջ աշխատակազմը: Սերժ Սարգսյանի` սովորաբար քարի լռություն պահպանող խոսնակը բանահյուսական արտահայտությամբ ուղղակի բլբուլ կտրեց: Արագ հերքում տարածեցին. «Հայաստանի Հանրապետության նախագահը երբեւէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ. կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը` բոլոր հանրային ելույթներում եւ պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եւ կոչ արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով»:



Հարց է ծագում. «Եթե գող` սիրտը դող» տարբերակը չէ, ո՞վ էր ցեղասպանության անունը տվել, որ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը շտապում է ցեղասպանության մասին ՀՀ նախագահին վերագրված ուղղակի թե անուղղակի արտահայտությունները ժխտել: Ասենք Հայաստանի ընդդիմադիր դաշտը եւ լրատվական աշխարհն առիթը բաց չեն թողնում Սերժ Սարգսյանի հետ կապված հարցերում աղմուկ բարձրացնելու:    Հետո՞... նախագահականում  հավաքվածների մտքով չի՞ անցնում, որ նախագահականի անունից են հերքում այն, ինչն ասված չէ: Իսկ եթե չասվածը հերքում են, այն էլ Սպիտակ տանը ձեռնոց նետելով, ուրեմն երկյուղում եւ վախենում են, թե ինչ-որ բան կասվի: Այլապես այդ ո՞ր երկրի նախագահականն է «YouTube»-ում դրված անհայտ ծագման տեսանյութին պատասխանում: Այն էլ պատասխանում ոչ թե ասված տեքստի, այլ սեփական շփոթության ու վախերի ենթատեքստում:



Եվ հետո` մարդ ինչ աստիճան պետք է շրջահայացություն չունենա, որ աշխարհով մեկ հայտարարի, թե երկու տարվա ընթացքում, այն էլ միջազգային ռեզոնանս ունեցող հայ-թուրքական վերահաշտացման գործընթացի օրոք իրեն այնքան են անտեսել, որ Սպիտակ տանից ընդամենը երկու անգամ են իր հետ խոսել: Դա՞ հանուն ինչի էր խոստովանում: Մի խոսքով, ցավալի է, որ ՀՀ նախագահականին կարելի է ծաղրուծանակի առարկա դարձնել ընդամենը մի համացանցային տեսանյութով: