Որպեսզի պարը չդառնա գրաբար

Որպեսզի պարը չդառնա գրաբար
Գագիկ Գինոսյանին պարի հետ կապել է իր ուսանողական ընկերը, ում սիրած աղջիկը հաճախել է պարի խմբակի։ Ամոթխած սիրահարը խնդրել է Գագիկին ընկերակցել իրեն ու պարի գնալ։ Ընկերոջը չնեղացնելու համար ապագա կիբեռնետիկը համաձայնվել է՝ հույս ունենալով, որ պարուսույցն իրեն չի ընդունի։ Բայց պարուսույցը Հայրիկ Մուրադյանն է եղել եւ տղային ընդմիշտ կապել է պարին։ Ուսանողական տարիներին Գագիկը գրել է մի արձակ բանաստեղծություն, որի մեջ այսպիսի տող է եղել. «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»։



Ու որպեսզի պարը գրաբար չդառնա, նա այսօր էլ շարունակում է իր ուսուցչի գործը. շրջում է գյուղից գյուղ, պարեր է հավաքում, վերականգնում, գրառում եւ վերադարձնում ժողովրդին՝ 2001-ին իր ստեղծած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ջանքերով։ Գինոսյանի համար ազգային պարը միայն պար չէ, այլ մեր ազգի լինելիության գրավականը։ Եվ խմբի պարապմունքներն էլ, իր իսկ խոսքերով, ավելի շատ գաղափարախոսական են։ Բնականաբար հարցազրույցի ժամանակ Գագիկը հաճախ էր մեջբերումներ անում Նժդեհից։ Խումբը չի մեկուսացնում իրեն հասարակական կյանքից եւ մասնակցում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» բողոքի ակցիային։



Արդեն հինգ տարի է, ինչ «Կարինը»  «Նարեկացի» արվեստի կենտրոնի եւ «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի շնորհիվ ցանկացողները կարողանում են անվճար սովորել հայկական պարերը։ Ու քանի որ ցանկացողները շատացել էին, ամռանը նրանք որոշեցին դուրս գալ արվեստի կենտրոնի «ընդհատակից» եւ պարապմունքներն անցկացնել բացօթյա։ Ամռանը Կասկադով անցած մեր ընթերցողներից շատերը հնարավոր է այդ պարապմունքների ակամա ականատեսը դարձած լինեն կամ, ինչու ոչ, մասնակիցը։ Հիմա էլ քաղաքապետարանը սպորտային դահլիճ է տրամադրել խմբին՝ լուսավորչական առաքելությունը շարունակելու համար։



-Դրամապաշտության այս դարում Դուք իրականացնում եք մի ծրագիր, որի նպատակը դրամ վաստակելը չէ։ Պիտի որ շատ լուրջ նպատակ ունենաք։



- Նպատակը մեկն է՝ ժողովրդին վերադարձնել իր մշակույթը, որի մասին հեռուստատեսությամբ եւ մամուլով, պաշտոնական եւ ոչ պաշտոնական ամբիոններից հայտարարվում է, որ մեր նոր սերնդին հետաքրքիր չէ։ Ես երջանկահիշատակ Հայրիկ Մուրադյանի աշակերտն եմ եղել, ով գյուղերից հավաքում էր մեր պարերն ու երգերը, որ մարդիկ բերել էին Արեւմտյան Հայաստանից։ Եվ փորձում եմ պարզապես շարունակել իր առաքելությունը։ Այն ժամանակ Հայրիկ Մուրադյանին մշտապես եթեր տրամադրվում էր։ Ընդամենը երկու հեռուստաընկերություն կար, որոնք չէին անտեսում ազգային մշակույթը, իսկ հիմա մոտ քսանն են, որոնցից շատ քչերը, շատ հազվագյուտ դեպքերում եւ ոչ դիտվող ժամերին ներկայացնում են ազգային մշակույթ։



- Հեռուստատեսություններն ուղղորդվում են բիզնես-շահով եւ հաշվի են նստում ռեյտինգի հետ։ Արդյո՞ք Ձեր նշած փաստն արդեն իսկ չի վկայում, որ ազգային մշակույթի եւ առհասարակ մշակույթի պահանջարկը մեր հասարակության մեջ իսկապես քիչ է։



- Ոչ, սուտ են ասում։ Գովազդն ուղղված է հիմնականում երիտասարդ սերնդին՝ նրան, ով փողը ծախսում է։ Իսկ երիտասարդությունը հիմնականում հետաքրքրվում է մեր մշակույթով։ Ով որ ամռանը եղել է Կասկադում, կվկայի, որ գալիս էին հիմնականում երիտասարդները։ Եթե նույնիսկ չասենք հարյուր կամ հիսուն տոկոսն են հետաքրքրված, եթե նույնիսկ երեսուն տոկոսն է, դա արդեն մեծ թիվ է գովազդատուի համար։



- Այսինքն ազգային մշակույթի դեմ պետական ծրագի՞ր է իրականացվում, եթե նկատի ունենանք, որ հեռուստատեսությունները ղեկավարվում են պետության կողմից։



- Չէի ասի՝ պետական, բայց կասեի, որ սա օտարի քաղաքականություն է, որին եթե չեն սատարում, ապա չեն էլ խոչընդոտում մեր պետական այրերը։ Իրականում պետությունը ոչ թե պիտի չխանգարի, այլ ինքը պետք է մտահոգված լինի իր քաղաքացուն դաստիարակելու հարցով, որովհետեւ մարդը, որ իր մշակույթը, իր հոգեւոր արժեքները չի գնահատում, պոտենցիալ դավաճան է։ Եվ այն ազգերը, որոնք կորցրել են իրենց մշակույթը, վերացել են։ Մենք ցեղասպանությունից հետո չվերացանք, որովհետեւ չկորցրեցինք մեր մշակույթը, մեր տեսակը։ Դա մենակ երգ, պար չէ, դա մեր տեսակն է։ Մարդը, ում համար կարեւոր չի ինչ լեզվով է խոսում, ինչ երգ է երգում, արդեն իսկ կորած մարդ է, որովհետեւ տեսակ չունի։



- Դուք պնդում եք, որ ժողովուրդը հետաքրքրված է իր մշակույթով, ուրեմն ժողովրդական երգն ու պարը հնարավոր պիտի լինի զարգացնել նաեւ առանց պետական աջակցության...



- Նժդեհն ասում է՝ մենակի առաքելությունը դատապարտված է։ Գերխնդիրն այսօր վաղվա քաղաքացի դաստիարակելն է։ Եվ դա չպիտի լինի անհատների ուսերին, այլ պետության։ Անհատը կարող է միայն սերմնացան լինել։ Ցորենը մինչեւ չմեռնի, նոր հասկ չի ծլի։ Բայց հողն էլ պիտի հող լինի։ Հայաստանը ճահիճ է։ Երբ որ քարը նետում ես ջուրը, ալիքը երկար գնում է։ Ճահճի մեջ ալիք չի լինում։ Այստեղ շատ դժվար է արձագանք գտնելը։ Բայց ճահիճներն էլ տորֆանում են։ Կոպիտ բան եմ ասում՝ լավ բերք ստանալու համար նաեւ թրիք է հարկավոր։ Պետք է ուժ ունենալ եւ էդ ճահիճը տորֆ դարձնել, էդ կեղտը, որ այսօր լցված է այստեղ, դարձնել պարարտանյութ։ Ամեն ինչին լուծում կա, ցանկություն է պետք։



- Ձեր ծրագրերին աջակցում է ԱՄՆ դեսպանատունը։ Այսինքն գլոբալացման հիմնական մեղավորը՝ ԱՄՆ պետությունը, առավել շահագրգռված է մեր տեսակի պահպանմամբ, քան մե՞ր պետությունը։



- Այդպես չի կարելի ասել։ Մեր շատ ծրագրեր հաստատվում են մշակույթի նախարարության կամ այլ գերատեսչությունների կողմից,  խումբը գործում է կրթության եւ գիտության նախարարության մշակույթի կենտրոնում։ Ես չեմ ուզում մարդկանց վրա բարդել մեղքը, որովհետեւ սա համակարգային խնդիր է։ Շատերը կուզենային աջակցել, բայց չեն կարող։ Սահմանափակ գումար է հատկացվում բոլոր ոլորտներին, որոնք նույնպես վատ վիճակում են։ Երբ որ երկրի նախագահը իր պաշտոնական հյուրին՝ մեկ այլ երկրի նախագահին տանում է ջազ լսելու, այստեղից գալիս  են բոլոր ողբերգություննեը։ Որովհետեւ այդ հյուրը իմ ազգի հյուրն է, իր հյուրը չի։ Եթե կգա իր տուն, կարող են միասին պորտապար էլ պարել։ Բայց նա իմ երկրի հյուրն է, եւ ինքը պարտավոր է ներկայացնել իմ ազգի մշակույթը։ Նա ինչպես  զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, այնպես էլ ի պաշտոնե մշակույթի պաշտպանն է։ Եվ ինքը պարտավոր է էդ մշակույթը զարգացնել, հովանավորել, սատարել, քաջալերել։ Իսկ նախկին նախագահը հայտարարում էր, որ մշակութային դաշտն ազատ է, ում կարիքը կա, նա էլ զարգանում է։ Ով մի քիչ հողից հասկանում է կամ երբեմն իջնում է հողի վրա, հասկանում է, որ բաց թողած դաշտում միայն մոլախոտ է աճում։ Այսօր վաստակավոր արտիստի կոչում է ստանում մարդը, որ նոտա չգիտի ու երգում է, կամ մարդիկ, որ երգում են թուրքական մեղեդիներ հայերեն բառերով։  Եվ հակառակը՝ շատ ավելի մեծ վաստակ ունեցող, հարյուրավոր երգեր վերականգնած Խորեն Պալյանը ոչ մի կոչում չստացավ։



- Եթե սա նպատակաուղղված քաղաքականություն չէ, ուրեմն անգրագիտության հետեւանք է։ Այնուհանդերձ ո՞ր տեսակետին եք առավել հակված։



- Կա մշակութային ինտերվենցիա։ Չեմ կարծում, որ վերին օղակներում որոշիչ դեր խաղացող մարդիկ չեն հասկանում, որ եթե որոշ պետություններ շահագրգռված են Հայաստանը տնտեսապես շրջափակելու, ռազմական մեկուսացման ենթարկելու հարցում, շահագրգռված չեն Հայաստանի մշակութային ինտերվենցիայով։ Մի չինացի փիլիսոփա ասում է՝ եթե ուզում ես գրավել պետությունը, նախօրոք ոչնչացրու նրա մշակույթը։ Մշակույթից զորեղ զենք չկա, եւ միակ զենքը, որ հնարավոր չէ ժողովրդի ձեռքից խլել, դա ժողովրդական մշակույթն է։ Ժողովուրդն ինքն է իր դամբանականը գրում, եթե հավատում է, որ իր ձեռքը զենք չկա։



- Դուք առաջարկ եք ներկայացրել կրթության եւ գիտության նախարարությանը դպրոցում ազգագրության ժամեր մտցնելու մասին, որի ընթացքում կուսուցանվի նաեւ ազգային պար։ Ի՞նչ արձագանք եք ունեցել։



- Կրթության նախարարը ստորագրել է հրամանագիրը՝ որպես լրացուցիչ կրթություն։ Զանգվածաբար ներմուծելը ռեալիստական չէ, որովհետեւ էդքան մասնագետ չկա։ Ճիշտ կլինի, որ էքսպերիմենտալ ձեւով ստուգվի, նոր ներդրվի դպրոցներում։ Հիմա պաշտպանության նախարարության հետ ենք ծրագիր իրականացնում, եւ ռազմական ինստիտուտում արդեն ուսուցանվելու է ռազմապար, քանի որ այն դարեր շարունակ հայ զինվորի դաստիարակության մասն է եղել եւ լուծել է մի քանի խնդիր՝ եւ ոգեղենության, եւ ճարպկության, եւ զենքերն օգտագործելու հմտության, եւ ֆիզիկական պատրաստվածության։



- «Կարինը» մասնակցում էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» բողոքի ակցիային։ Մեր տեսակի գոյությանը միայն օտարալեզու դպրոցների վերաբացումը չի, որ սպառնում է։



-  Մենք բոլոր ազգային նախաձեռնություններին կողմնակից ենք եւ ժամանակը ներելու դեպքում մասնակցում ենք։ Բոլոր միջոցառումները, որ ազգայինին դեմ են, բոլորի դեմ խոսել ենք՝ եւ «ազատագրված տարածք»  տերմինի հետ կապված, եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, եւ Ջավախքի հետ կապված։ Հայ մտավորականի կոչումը իր ազգի խիղճը լինելն է։ Տարբեր վեճեր եմ ունեցել վայ-մտավորականների հետ, որ ասում են՝ ես իմ երաժշտությունը գրում եմ, իմ նկարը նկարում եմ, ինձնից էլ ուրիշ  բան չպահանջեք։ Իրենք շփոթում են «արվեստագետ» եւ «մտավորական» հասկացությունները։ Իրենք միգուցե լավ արվեստագետ են, բայց ոչ մտավորական։ Մտավորականը այն մարդն է, որ ապրում է ազգի հոգսերով ու խնդիրներով։



- Դուք որոշ չափով կանխեցիք իմ հաջորդ հարցը։ Ընտրությունների օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես են իշխանությունները իբրեւ մտավորական օգտագործում շոու-բիզնեսի աստղերին։ Կարելի՞ է նրանց համարել մտավորական։



- Ծիծաղելի կլիներ, եթե Կոմիտասը պատկաներ որեւէ կուսակցության կամ կատարեր կուսակցական պարտականություններ։ Ես չեմ բացառում, որ կուսակցություններում կան մտավորականներ եւ լավ մտավորականներ, որոնք ուղղակի փորձում են այդկերպ հարցեր լուծել, բայց եթե մարդը կառավարելի է կուսակցության կողմից, արդեն մտավորական չի։  Մտավորականը բացարձակ անկախ պետք է լինի։  Մեր խումբը որեւէ կուսակցության չի հարել, որեւէ քարոզարշավի չի մասնակցել։ Մշակույթը չպիտի քաղաքականացվի։ Անընդունելի է, որ ժողովրդական արտիստը կարող է կանգնել բեմի վրա եւ գովերգել պատգամավորին, եթե անգամ կարծում է, որ դա շատ լավ մարդ է։ Լավ մարդը ինքը պիտի թույլ չտա, որ մշակույթը խառնվի այդ գործընթացին։