Ոստիկանությանն օգտագործում են ժողովրդի դեմ

Ոստիկանությանն օգտագործում են ժողովրդի դեմ
Հենց սկզբից պետք է նայել հարցին, թե ինչն է դրդում ՀԱԿ  երիտասարդներին դուրս գալ փողոց: Երբ քաղաքական դրդապատճառներով արդեն քանի տարի է մարդիկ բանտերում են պահվում՝ առանց որեւէ լուրջ մեղադրանքների, երբ 10 մարդ մահացավ, եւ 2,5 տարի է անցել, ու ոչ մի քրեական գործ չի հարուցվել... Սկիզբը այստեղ է: Երիտասարդները խուլիգանություն չեն անում, նրանք շատ ճիշտ դիրքորոշում են ցուցաբերում հանցագործ քաղաքական ռեժիմի դեմ: Իսկ սադրանքը միշտ էլ կլինի: Այդ ամենի սկիզբը 2008 թվականին կեղծված ընտրություններն են:



Գողացված իշխանությունն է պատճառը: Հայաստանում ընտրության ինստիտուտն արդեն վարկաբեկվել է: Խուլիգանությունների միջոցով «ընտրություններ» են իրականացնում, օգտագործում են այդ  նույն ոստիկաններին, որոնք՝ մի մասը սիրով, մի մասը ստիպված, մի մասը հավատով, անում են այդ գործողությունները: Դրդապատճառները տարբեր են, բայց, որ ոստիկանությանն օգտագործում են ժողովրդի դեմ, թշնամացնում ժողովրդի հետ, դա փաստ է:  Նրանք, ովքեր օրենքը պետք է պաշտպանեն, իրենց գործը պատվերի ձեւով են կատարում, ոչ թե օրենքից ելնելով:



Այստեղից էլ առաջանում է ողջ հակասությունը: Եթե ոստիկանությունը ժողովրդի կողքին կանգնի, նման խնդիրներ չեն ծագի: Նրանք նույնպես երկար չեն դիմանա: Ոստիկանության համար շատ անընդունելի է, որ երիտասարդներն ամեն ինչ կատարում են Սահմանադրության շրջանակներում, եւ ոստիկանությունն անընդհատ սադրանքներ է փնտրում: Այս իրավիճակը կտեւի այնքան ժամանակ, մինչեւ նորմալ ընտրություններ չանցկացվեն, մինչեւ հասարակությունը չունենա այն իշխանությունը, որին իրականում ինքն ընտրել է: Այլ ձեւ չկա: Հակառակ դեպքում այսպես էլ շարունակվելու է:



Հովհաննես ՄԱՐԳԱՐՅԱՆ

արվեստագետ