Ծառայողական շները` ցույց ցրելու հատուկ միջոց

Ծառայողական շները` ցույց ցրելու հատուկ միջոց
Դավիթ Հարությունյանի նախագահած ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 9-ին ընդունվել է եզրակացություն՝ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ: Ընդ որում՝ հանձնաժողովի անդամներին ծավալուն փաստաթուղթը բաժանվել է նիստից ընդամենը մեկ օր առաջ:



Ուշագրավ է, որ սույն եզրակացության մեջ հիմնականում խոսք է գնում ոստիկանության հատուկ միջոցների արդիականացման մասին, թե ոստիկանությունը միտինգ ցրելու համար ինչ հատուկ միջոց կիրառի՝ ռետինե փամփուշտներով, թե լուսարձակող: Օրինակ, հանձնաժողովը նկատել է, որ «ծառայողական շներ» հատուկ միջոցի տեսակները եւ դրանց ընտրելու չափորոշիչները սահմանված չեն ՀՀ օրենսդրությամբ, ուստի այդ առթիվ քննարկումները շարունակվում են:



Այսինքն՝ հետաքրքիր է ոչ թե ինչ քայլեր են արվել, որ մարտի մեկեր չլինեն, այլ՝ թե ինչ մահակով եւ որքան հարվածեն ցուցարարներին, որ ավելորդ դրսեւորումներ, զոհեր չլինեն կամ հնարավորինս քիչ լինեն: Ի դեպ, Դավիթ Հարությունյանը տվյալ նիստում փորձել է մեղմել հանձնաժողովի կողմից պահանջ-ձեւակերպումները, հայտարարելով, թե ինքը կոպիտ ձեւակերպումներին կողմ չէ: Հանձնաժողովի անդամ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «դեմ» է քվեարկել եզրակացությանը: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:



- Ինչպե՞ս եք գնահատում հանձնաժողովի եզրակացությունը:



- Սա ուղղակի մի փաստաթուղթ է, որը պետք է կազմվեր, քանի որ նման օրակարգ կար թե ՀՀ կառավարության, թե իշխող կոալիցիայի մոտ: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ պահանջներին, ապա դրանք ոչ թե նման մոնիտորինգ իրականացնելն է, այլ հստակ հարցերին պատասխան տալը: ՀՀ իշխանություններին ուղղված ԵԽ հստակ պահանջներ կան, որ վերաբերում են քաղբանտարկյալների ազատ արձակմանը, խոսքի ազատությանը, «Ա1+»-ի վերաբացմանը, իսկ մոնիտորինգի այս եզրակացության մեջ ես չեմ տեսնում այդ պահանջների ի կատար ածվելու մասին համապատասխան տեղեկատվություն:



- Ի վերջո, այս եզրակացությունն ինչ-որ բանով ավելի՞ է Նիկոյանի զեկույցից, որը քննադատության արժանացավ ԵԽ մոնիտորինգի նիստում: Վերջապես, այս եզրակացությունն ի՞նչ է արձանագրում:



- Ես կարող եմ ասել, որ սրանով իրենք ուզում են ցույց տալ, որ աշխատում են: Իրականում սա աշխատանքի նմանակում է: Իմ կարծիքով, իհարկե, իրենք փորձելու են այս ճանապարհով ասել, թե բարեփոխումներ են տեղի ունենում, ես կարծում եմ՝ սա նմանակում է ուղղակի: Փորձ է արվում ասել, թե Հայաստանում տեղի են ունենում բարեփոխումներ, մի բան էլ, դրանց մոնիտորինգ է արվում: Ինչպես օրինակ՝ ԵԽԽՎ մոնիտորինգի վերջին նիստում բարեփոխումների մասին խոսեց Դավիթ Հարությունյանը: Սակայն այս ճանապարհը ես չեմ կարծում, որ կարող է լուրջ ժողովրդավարական պրոցեսների հանգեցնել: Օրինակ՝ զեկույցում ընտրակաշառքի հետ կապված բավական դեկլարատիվ մի կետ կա՝ «խստացնել ընտրակաշառք երեւույթի դեմ պայքարը 2009-2011թթ.»:



Սա ուղղակի դեկլարատիվ հայտարարություն է, քանի որ իրականում այսօր բոլոր հեռուստաընկերություններով տեսնում ենք, թե ինչպես է Հանրապետական կուսակցությունն իրականացնում բարեգործական ակցիա՝ անվճար բուժօգնություն մարզի բնակիչների համար: Պարզ չէ, թե էդ գումարները որտեղից են գոյացել, ինչպես են տրամադրվում կուսակցությանը, պարզ չէ, թե որ բուժհիմնարկների հետ է համագործակցում, ինչ իրավապայմանագրային հարաբերություններ ունեն եւ ինչ իրավունքով են բոլոր հեռուստաընկերությունները դա լուսաբանում: Սա ուղղակի դասական ընտրակաշառքի ձեւ է, քանի որ արդեն, ըստ էության, սկսվել է քարոզարշավը:



- Այսինքն՝ իրականում շարունակվում է ժողովրդավարության իմիտացիան:



- Այո, միանշանակ: Ես այս եզրակացությամբ երկրում ժողովրդավարության առաջխաղացում չեմ արձանագրում: Իրականում ամեն մեկս պետք է զգանք՝ իրականում մեր երկրում ժողովրդավարական պրոցեսներ տեղի են ունենում, թե ոչ: Իսկ այս ամբողջ գործընթացում 2008-ից հետո մենք հասկանում ենք, որ ընդհակառակը, ժողովրդավարական հետընթաց է ապրում, անգամ անկախ, թե ինչ տիպի օրենքներ կփոխվեն: ...Այսօրվա դրությամբ էլ կարելի է ասել, որ ՀՀ օրենսդրությունն ունի բազմաթիվ բացեր ոստիկանական հատուկ միջոցների կիրառման հետ կապված:



Բայց դա չի նշանակում, որ եթե նույնիսկ ունենանք հստակ օրենսդրություն, այդ հատուկ միջոցները չեն օգտագործվի խաղաղ ցուցարարների դեմ: Մենք կարող ենք արձանագրել, որ 2008 թ. մարտի 1-ին գործողությունները տեղի են ունեցել ապօրինի, այսինքն օրենքը չի գործել: Ապօրինությունը ոչ թե բխում էր նրանից, որ կային օրենսդրական բացեր, այլ` որ իշխանությունը փորձում էին զավթել: Փորձում էին ապօրինի ձեւով պահել իշխանությունը: Սրա մասին է խոսքը: Եթե դա շարունակվի, ապա լավագույն օրենսդրությունն էլ մեզ չի օգնելու:



- Ասել է թե՝ այս զեկույցով փորձ է արվում օրինականցնե՞լ մարտի 1-ին տրված հրամանները, ասելով, թե հրամաններն օրինական են եղել, պարզապես օրենքի բացի պատճառով սխալ հատուկ միջոցներ են կիրառվել, ժամկետանց «չերյոմուխաներ» եւ այլն:



- Այս օրինագծով, իհարկե, փորձում են կարգավորել այդ իրավահարաբերությունները, բայց միանշանակ է, որ նույնիսկ այն պարագայում, երբ կային օրենքի բացեր, չէր կարելի թույլ տալ, որ մարտի 1 տեղի ունենար: Անկախ, թե «չերյոմուխան» հին էր, թե հին չէր, օրենքում հստակ կա, որ «չերյոմուխան» չէր կարելի օգտագործել նման վայրում: Կար կարգավորող նորմատիվ ակտ, բայց նույնիսկ այդ նորմատիվ ակտը չի օգտագործվել այն ժամանակ:



Ներկա օրենսդրությամբ հստակ է, որ ՀՀ զինված ուժերը չպետք է խառնվեն մեր քաղաքական գործընթացներին, մինչդեռ ՀՀ զինված ուժերը ներգրավված են եղել, եւ այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում եւ մամուլի ասուլիսում հայտարարում էր, թե՝ ես ստիպված էի օգտագործել բանակը: Եզրակացության մեջ կա փաստաթուղթ, որ հնացած «չերյոմուխաները» վերացվել են: Դա իհարկե լավ է, բայց չի նշանակում, որ մեկ այլ «չերյոմուխայով» չի կարելի կրակել մարդկանց վրա ու սպանել:



- Ասել է թե՝ իշխանությունն ի վերջո դասեր չի՞ քաղել մարտի 1-ից, եւ Հայաստանում շարունակվում է ժողովրդավարության իմիտացիան:



- Կարծում եմ, ոչ մի դասեր այսօրվա դրությամբ չեն քաղել: Եթե դասեր քաղած լինեին, ապա գոնե քաղբանտարկյալներ չէին լինի: Այսօր ժողովրդավարությունը նման իշխանությունների համար թշնամի է, դրա համար էլ պայքարում են դրա բաղադրիչների դեմ: Դրանց հիմնարարներից մեկն էլ խոսքի ազատությունն է: Ռեպրեսիվ համակարգի հետեւանք է, որ 10 մարդ զոհվել է  հրապարակում եւ դրա հետ կապված որեւէ մեկը չի դատապարտվել ՀՀ-ում: Եվ խոսել, որ ինչ-որ մոնիտորինգներ են իրականացվում, ինչ-որ բարեփոխումներ են տեղի ունենում, ես ուղղակի որպես ՀՀ քաղաքացի եւ ԱԺ պատգամավոր` ինձ վատ եմ զգում: