Որ Ալիևը չմտածի, թե ուժեղ է Հայաստանից

Որ Ալիևը չմտածի, թե ուժեղ է Հայաստանից
Դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովում Ղարաբաղյան խնդիրը լինելու է քննարկվող հիմնական հարցերից մեկը: Այսպիսի տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա դիտարկմամբ մեզ համար հիմնական բանակցային ֆորմատը ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է, իսկ թե արդյոք Ադրբեջանը կուզենա մնալ այս ֆորմատի մեջ, ժամանակը ցույց կտա. «Ակնկալիքներն այն են, որ Աստանան հանդես կգա որպես միջնորդ` այս բանակցային ֆորմատի վերահաստատման գործում»:



«Սիվիլիտաս» կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանի գնահատմամբ էլ Աստանայի գագաթաժողովը մեզ համար առնվազն կարևոր է այնքանով, որ Ստամբուլի 99թ.-ի գագաթաժողովից հետո, երբ  չհաջողվեց ընդունել վերջնական փաստաթուղթ, դրանից հետո բոլոր գագաթաժողովներում Ղարաբաղյան հարցը չի շոշափվել. «Գագաթաժողովները այն տեղը չեն, որ ընդունվում են կոնկրետ որոշումներ, բայց դրանք կարևոր են ուղենշային իմաստով»,- նշեց նա ու չբացառեց այն փաստը, որ համանախագահող 3 երկրները կարող են ներկայացնել մի նոր փաթեթ քննարկման համար, ինչպես եղավ օրինակ 2007թ.-ին Մադրիդում արտգործնախարարների հանդիպման ժամանակ. «Դա չի լինի նոր փաթեթ, այլ նորացված մի բան, որտեղ ամենայն հավանականությամբ տեղ կգտնեն տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման, ուժի սպառնալիքի կիրառման բացակայության մասին սկզբունքները»:



Փորձագետի կարծիքով, եթե Աստանայում փորձ արվի վերջնական փաստաթղթերից մեկում ամրագրել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Հայաստանը հաստատ կօգտագործի իր վետոյի իրավունքը, սակայն, ըստ բանախոսի, ամեն մի վետո ունի իր գինը, իսկ այդ գնի համար վճարում ենք հետագայում:



Թաթուլ Հակոբյանի համոզմամբ ԵԱՀԿ գագաթաժողովին պետք է գնալ ու մեր ձայնը լսելի դարձնել այդ ամբիոնից, որ հանկարծ Իլհամ Ալիևը չմտածի, թե ուժեղ է Հայաստանից ու պատերազմ սկսի: