Թողնել Լուկաշենկոյին միայնակ

Թողնել Լուկաշենկոյին միայնակ
Բելառուսի նախագահի թեկնածու, գրող Վլադիմիր Նեկլյաեւը կոչ է անում մյուս թեկնածուներին միասին հրաժարվել պայքարից՝ թողնելով ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առանց մրցակցի: «Նախընտրական փուլից պարզ դարձավ, որ այս ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին չեն համապատասխանելու, իմաստ չունի մասնակցել դրանց: Եթե մենք բոլորս միասնաբար հանենք մեր թեկնածությունները, դա ուժեղ քայլ կլինի»,- կարծում է Նեկլյաեւը:



Դեկտեմբերի 9-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ընդդիմությունն այժմ պետք է ուժերը կենտրոնացնի նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու եւ նոր ընտրություններ նշանակելու ուղղությամբ, որի ժամանակ Լուկաշենկոյին հնարավորություն չպետք է տրվի առաջադրվելու որպես թեկնածու: Բելառուսում դեկտեմբերի 19-ին կայանալիք հերթական նախագահական ընտրություններին մասնակցելու են 10 թեկնածուներ, որոնցից 8-ի հետ Նեկլյաեւը բանակցություններ է վարել՝ ընտրապայքարից միասնաբար հրաժարվելու ուղղությամբ, սակայն այս գաղափարը չի ընդունվել ընդդիմության բոլոր ներկայացուցիչների կողմից: