Ռասիզմ դասական համերգից հետո կամ մի չափալախի պատմություն

Ռասիզմ դասական համերգից հետո կամ մի չափալախի պատմություն
«Դոմինգոյի ոտքը կոտրվեր՝ էս կողմերի վրա չերեւար»:

Փողոցային առեւտրով  զբաղվող եւ Բեգլարյանին հարգող տատի անեծքից



Երբ  առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 15-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում Սերժ Սարգսյանի վարած «ցեղապաշտական» քաղաքականությունը «ռասիզմ» անվանեց, կարծիքներ հնչեցին, որ «նացիզմ» եզրույթն ավելի տեղին կլիներ այս պարագայում: Բայց Երեւանի թխադեմ քաղաքապետի հրաժարականի լուրը եկավ փաստելու, որ Տեր-Պետրոսյանը՝ ինչ-ինչ, բայց եզրույթների ընտրության մեջ չի սխալվում, եւ Սերժ Սարգսյանի ռասիզմն արդեն կասկածի տեղիք  չի  տալիս:



Թերթերը այս սովորական ռասիզմը չնկատեցին եւ նախագահականի իրենց աղբյուրներին հղում անելով՝ շտապեցին տեղեկացնել, որ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պատճառը Սերժ Սարգսյանի թիկնապահին՝ ոմն Կնդոյի դեմքին հասցրած չափալախն է եղել: Ներկայացրեցին դեպքի մանրամասները, թե իբր Բեգլարյանը վիրավորվել է, որովհետեւ Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ նրա կնոջը իր նախընտրած նստատեղից, այն է՝ Ռիտա Սարգսյանի կողքից հանել են, եւ դրա համար է հանողին՝ Կնդոյին ապտակել: Եվ այդպես ապտակը քաղաքապետի հրաժարականի պատճառ դարձավ: Բայց արդյո՞ք սա էր Բեգլարյանին հեռացնելու պատճառը, թե՞ սա սոսկ պատեհ առիթ էր նրան այդ պատասխանատու պաշտոնից հեռացնելու համար եւ ռասիստական քաղաքականության հաջող քողարկում:



Հետեւություններ



Ամեն դեպքում, այս պատմությունից պետք է մի քանի հետեւություններ անել:



1. Դասական երաժշտությունն ազդում է մեր իշխանավորների հոգեբանության վրա եւ կործանարար հետեւանքներ ունենում ներիշխանական հարաբերություններում: Այդքան «ռաբիզ» համերգների ներկա եղան Սերժ Սարգսյանը, առաջին տիկինը եւ իշխանական ընտրանին: Ինչո՞ւ, ասենք, Սերովի կամ մյուսների ժամանակ նման աղմկոտ պատմություններ չեղան:



2. Ազապ քաղաքապետը էս տեսակ պատմության մեջ չէր ընկնի, ձեռքերին ազատություն չէր տա ու Սերժ Ազատիչի հետ խնդիրներ չէր ունենա: Այնպես որ, Երեւանին ամուրի քաղաքապետ է պետք:



ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԶԱՐԿ ՏՎԵՑ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆԸ



Այս աղմկոտ պատմության մեջ թերեւս շահեցին միայն լրատվամիջոցները: Փողոցներում ու շուկաներում, «Օդնոկլասնիկում» ու «Ֆեյսբուքում» ամենաշատ քննարկվող թեման էր դա: Արդեն երեկոյան, երբ ի լուր աշխարհի տարածվեց Գագիկ Բեգլարյանի հրաժարականի նորությունը, այցելուների քանակին չդիմանալով՝ շատ լրատվական կայքեր սկսեցին ծանր աշխատել, իսկ որոշներն էլ շարքից դուրս եկան: Առավոտյան ժամը տասին կրպակներում թերթերն արդեն սպառվել էին:



Կրպակից ծխախոտ էի գնում, երբ կրպակին 40-ին մոտ մի տղամարդ մոտեցավ ու կրպակի լրագրավաճառ կնոջն ասաց.



- Ներող կլնես, մորքուր ջան, էն, որ կրպակներ կան, որ թերթ են ծախում, էս էդ կրպակներից ա՞:

- Հա,-ասաց կինը,-թերթի կրպակ ա:

- Այսինքն թերթ եք ծախում:

- Թերթ, ամսագիր, ծխախոտ, թե պետք ա՝ հեռախոսդ էլ կարաս լիցքավորես:

- Չէ, ինձ գիտե՞ս ինչ ա պետք, մորքուր ջան, էն, որ Գագիկ Բեգլարյանին հանել են, է, դրա մասին ունե՞ս:

- Չէ,-ասաց մորքուրը:- Բոլոր թերթերը վաճառվել են:



Տղամարդը, որ իր կենսագրության մեջ առաջին անգամ էր թերթ առնելու, եւ չկար, որ առնի՝ «մանթո» ընկավ.

- Հա՞, բա ես էլ եկել էի թերթ առնեի, ասեցին՝ թերթում ավելի շատ բան կլինի գրած, քան թե...



Տղամարդը գլխահակ հեռացավ: Ես ու «մորքուրը» նայեցինք իրար ու ժպտացինք: Թերթավաճառ կինն ասաց, որ առավոտվանից այդպիսի շատ մարդիկ են եկել ու գնել իրենց կյանքի առաջին թերթը: Շատերն էլ, ընթերցանության նյութ չգտնելով, ձեռնունայն են գնացել: Այն, ինչ չկարողացավ անել մշակույթի նախարարության «Դարձ առ գիրք» փառատոնը, մի օրում արեց Գագիկ Բեգլարյանն իր հրաժարականով: