Ահագին մարդ եմ աշխատանքից ազատելու` փորի համար

Ահագին մարդ եմ աշխատանքից ազատելու` փորի համար
Որքան ակտիվանում են ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերը, այնքան ոստիկանապետն ավելի ոգեւորված է խոսում համակարգի բարեփոխվելու անհրաժեշտության մասին: Սակայն պարզվում է՝ այս համակարգի փոփոխություններով հատկապես տոչորված է երկրի վարչապետը, որը վերջերս ԵԱՀԿ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ բավականին օրիգինալ հայտարարությամբ է հանդես եկել այն մասին, որ փոփոխություններ պետք է իրականացվեն ոլորտում՝  հատկապես ոստիկանի սովետական մտածողությունը պետք է փոփոխություն կրի:



Մեզ հատկապես հետաքրքրեցին ոստիկանների մտածողության փոփոխության խնդիրն ու մեխանիզմները, ուստի օրեր առաջ, կառավարության շենքում հանդիպելով ոստիկանապետին, խնդրեցինք  նկարագրել, թե ինչ աշխատանքներ են տարվում ոստիկանի նոր՝ ժամանակակից կերպարի կերտման ուղղությամբ: «Փոփոխությունները շատ են, վերջերս Լեհաստանում եղա, պայմանագիր եմ կապել Լեհաստանի ներքին գործերի նախարարի հետ: Այս տարի ԵԱՀԿ նախահագողն իրենք են լինելու, եւ մեր կադրերի մի մասը ուսում են ստանալու, վերապատրաստվելու են Լեհաստանում՝ ԵԱՀԿ հաշվին»,-կրթամակարդակի ձեւավորման աշխատանքներից սկսեց ոստիկանապետը:



Իսկ ընդհանրապես սովետական մտածողության փոփոխության ուղղությամբ, պարզվում է, աշխատել են օրնիբուն: «Մենք օր-օրի դա փոխել ենք, կարծում եմ, որ էսօրվա ոստիկանը նախկին սովետական միլիցիայի ներկայացուցիչ չի, կարող է ժառանգորդն է, բայց ներկայացուցիչ չի»,-հավաստիացրեց Ալիկ Սարգսյանը: Այնուամենայնիվ հարց  է ծագում՝ որո՞նք են սովետական մտածողության այն հատկանիշները, որոնք բացասական են անդրադառնում ժամանակակից ոստիկանի աշխատանքի վրա:



Սովետական մտածողությունը  հատկապես ե՞րբ է խանգարում ոստիկանին, հետաքրքրվեցինք Սարգսյանից, բայց նա պատասխանելու փոխարեն պահանջեց. «Ինձ ասեք՝ Հայաստանում ո՞ր ոլորտում է ամբողջությամբ էդ մտածողությունը վերացել եւ ինչքանո՞վ է պահպանվել միլիցիայում: Ես չեմ հասկանում, թե սովետական մտածողությունը ինչ բան ա, ինչի եք վատացել էդ մտածողությունից: Էնքան ըտենց ասեցիք՝ սովետական մտածողություն, քանդեցիք ամբողջ համակարգը: Երկիրն էլ քանդվեց, սկսեցիք կառուցել նորից: Դա էն պատճառով, որ սկսեցիք մտածել՝ սովետական մտածելակերպ, սովետական երկիր: Անցյալի նկատմամբ չի կարելի էսքան անհարգալից լինել»:



Ապա թեմայից սկսեց թվարկել, թե երկիրն այդ տարիներին ինչ նախանձելի վիճակում է եղել: «Էս երկիրը 70-80 տարիների ընթացքում վատ վիճակում չի եղել ու նորմալ առաջընթաց է ունեցել, ժողովուրդն էլ ապրել է: Քանդեք, հիմնովին սովետական, տառերն էլ վերացրեք, էն, ինչ որ սովետական ժամանակահատվածում գրել ենք, ասեք՝ ամոթ: Ասեք՝ էն ժամանակ մեսրոպյան տառերով ենք գրել, էսօր եկեք նոր տառեր, նոր ժամանակներին հատուկ տառեր ստեղծենք: Ես հիվանդագին եմ վերաբերվում, որ շատ եք ասում սովետական: Էսօրվա ոստիկանը իր խնդիրներն ունի, էսօրվա պահանջներից բխող իր հստակ գործառույթներն ունի, էսօր բարեփոխումների փուլն ա ընթանում եւ կրթության, եւ տեխնիկական զինվածության առումով»,-վրդովված ասաց պարոն Սարգսյանը, ապա հավաստիացրեց. «Եկող  տարի էս ժամանակ դուք կունենաք  հստակ ոստիկանություն, ավելի ժամանակակից ոստիկանություն: Նույնիսկ համազգեստն ենք փոխում հիմա, որ քաղաքացու տպավորությունը ոստիկանից լինի բոլորովին  այլ»:



Հարցին, թե այդպիսով կփոխվի՞ հասարակության վերաբերմունքը համազգեստավորի հանդեպ,  որպես պատասխան՝ ցիտեց իր ունեցած վիճակագրական տվյալները. «Վստահության բարձրացման առումով մի քանի ոլորտներում լուրջ հաջողություններ ունենք, օրինակ անձնագրերի, վիզաների ծառայությունում ցուցանիշն ավելի բարձր է, հասել է մինչեւ 50 տոկոս, ինչը բարձրացել է 15-16 տոկոսից»: Շարունակելով արտաքին բարեփոխումների թեման՝ հավելեց, որ շատ շուտով ոստիկանների տեսքն էլ են հաշվի առնելու. «Հատուկ փորային համակարգ ունեցողները, հասակը խիստ ցածր լինելը... հաշվի եմ առնելու»:



- Իսկ վերահսկելո՞ւ եք, որ ընթացքում չդառնան հաստափոր:



- Դուք շատ փշոտ ակնարկեցիք, բայց ես՝ ոչինչ, չվիրավորվեցի, ոստիկանի փորը ընթացքում չի մեծանում, ինքը ըտենց հակում ունի, հազարավոր մարդկանց փորը մեծանում ա: Մի հատ բան միշտ հիշեք՝ ոստիկանը մեր սովորական ժողովրդի ներկայացուցիչն ա, մի առանձնացրեք: Սովորական մարդ ա, ձեր եղբայրն ա: Սովորական մարդ ա, ոնց որ ես, ոնց որ դու: Հունվարից հետո ահագին մարդ եմ աշխատանքից ազատելու նույն փորի համար:



- Բարձրաստիճաններն ավելի մեծ փորեր ունեն: Նրանցից ինչո՞ւ չեք սկսում:



- Եթե մարդը կաբինետային աշխատող ա, նստած հասել ա մեծ պաշտոնի, բարձր կոչում ունի, մի քիչ էլ փոր, հիմա բարոյական չի ընկնել նրա փորի հետեւից: Հասկանում եմ, որ վատ բան ա, բայց դե 50 տարեկան ա, ոչինչ: Թե չէ էդ տարիքում ատլետիկ կառուցվածքը նորմալ երեւույթ չի, ինչպես որ էդ տարիքում մազերն են, օրինակ, ներկում կամ պարիկ դնում: