Ո՞ւմ մամայի արեւով են երդվել հավկիթ արտադրողները

Ո՞ւմ մամայի արեւով են երդվել հավկիթ արտադրողները
Անկեղծ ասած, միշտ եմ զարմացել, թե մեր երկրի ինչին էր պետք  այնպիսի անհեթեթ մի մարմնի գոյությունը, ինչպիսին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է: Ինչ է, փող ծախսելու եւ նույնիսկ՝ «ուտելու» առավել հարմար տարբերակ չկա՞ր, որ կառավարությունը որոշեց հատկապես ա՛յս ձեւով ծաղրել բոլորիս...



Ընդ որում` զավեշտն ու ծաղրը հենց այս մարմնի անվանումից է սկսվում: Բոլորն անգիր գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունում չկա, գոյություն չունի ազատ շուկա, հետեւաբար` նաեւ մրցակցություն, պաշտոնյաներն իրենք են ԱԺ բարձր ամբիոնից խոսում 40- 50% կազմող ստվերի, երկիրը կազմալուծող ոչ անգամ մոնոպոլիաների, այլ արդեն օլիգոպոլիաների եւ կոռուպցիայի մասին, աչք ունեն` տեսնում են, թե ոնց է մի գիշերում պանիրը համարյա կրկնակի թանկանում, բայց դեռ առանց ամոթի ինչ-որ անհեթեթ հանձնաժողովի, սրա վարած նիստերի, վարույթների եւ ընդունած ու ընդունվելիք որոշումների մասին են խոսում:



Իսկապես. ընդամենը մեկ օր առաջ Ազգային ժողովում պատգամավորները լուրջ-լուրջ դեմքով հարցեր էին ուղղում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին` հավկիթի շուկայի հետ կապված, եւ սա էլ նույնքան լուրջ դեմքով պատասխանում է, թե վարույթ են հարուցել եւ «այս պահին հավկիթի գների չհիմնավորվող  բարձրացում չեն հայտնաբերել»:



Ավելին` մարդը համարձակվում է պնդել, որ «հավկիթն ընդամենը 5 դրամով է թանկացել», որ իրենք «գների մշտական մոնիտորինգ են անում», իսկ ամենակարեւորը` «արտադրողները խոստացել են, որ մտադիր չեն տոներին ընդառաջ բարձրացնել հավկիթի գները»: Հետաքրքիր է` ինչպե՞ս են խոստացել, ասել են` մամայի արե՞ւ: Կամ` ազատ շուկայի ի՞նչ նոր գործելաոճ են որդեգրել արտադրողներն ու հանձնաժողովի նախագահը, որ սկսել են խոստումներով շփվել միմյանց հետ: Ենթադրենք` վաղը հավերի կերը տասը անգամ թանկացավ, ասելու են` հորս արեւ, չէինք ուզում, ներող կլինեք, բայց թանկացնելո՞ւ ենք: Կամ` ո՞վ է Շաբոյանը, որ գործարարը պիտի նրան խոստումներ տա, իրեն էլ թվա, թե գործ է անում, դրա դիմաց էլ աշխատավարձ է ստանում:



Վերջապես` եթե իսկապես «ամենօրյա գների մոնիտորինգ է արվում», հանձնաժողովականները չե՞ն տեսնում, որ հատկապես նախատոնական այս օրերին, ի հակառակ գործարարների «մամայի արեւի», հավկիթն իսկապես թանկացել է եւ` ոչ 5 դրամով: Օրինակ, «Արաքսի» «Գյուղական» կոչվող հավկիթը, որ նախկինում 40-45 դրամով էր վաճառվում, սկսել են վաճառել 65 դրամով, դե իսկ «Լուսակերտի» փորձերը` շուկան կարգավորել 50 դրամանոց հավկիթով, կրկին պսակվեցին անհաջողությամբ: Չնայած մեզ այստեղ պնդեցին, թե իրենք «շարունակում են նախկին գներով բաց թողնել ձուն, պիտի խանութների մեղքը տեսնել», փաստն այն է, որ մենք միայն գներն ենք տեսնում. թող «Լուսակերտը» բարի լինի` ինքը գնա-տեսնի, թե ինչն ինչոց է:



Ինչ վերաբերում է «Արաքսին», այստեղ ընդհանրապես հրաժարվեցին որեւէ հարցի պատասխանել: Կինը, որ ներկայացավ հաշվապահ, «իրեն շեֆի տեղ դրած» գոռգոռաց, հետո ասաց, որ «համ տնօրենը, համ փոխտնօրենը դուրս են եկել  գործով ու չեն գալու», հետո չգիտեմ, թե ինչ հեռախոսահամար տվեց, որտեղ «հեռախոսը հազում էր» մի գլուխ ու պատասխանող չկար, վերջն էլ ասաց` «էրկուշաբթի զանգի»: Ցավոք, լռում էին նաեւ երկու Խաչիկների հեռախոսները, ինչից կարող ենք ենթադրել, որ իշխանության ամենաբարձր ներկայացուցիչների կողմից քարուքանդ արված այս շուկան այդպես էլ ոչ ինքն է կարողանում ոտքի կանգնել, ոչ էլ սպառողին է գոհացնում:



Ավելին, կառավարության մինչ այժմ իրականացրած վարչական միջամտությունները քիչ էին, ուրբաթ օրը նաեւ տեղեկացանք, որ Տիգրան Սարգսյանը փոփոխել է ավելի վաղ իր կաբինետի կողմից ընդունված որոշումներից մեկը եւ որոշել է... կրկին երկարացնել նույն «Արաքս» թռչնաֆաբրիկային նախկինում տրամադրված արտոնությունը եւ երեք ամսով երկարաձգել է ԱՀ գումարների վճարումը` 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում: Որոշման համար, իբր, հիմք է ծառայել այն հանգամանքը, որ «Արաքսի»  ներդրումների ընդհանուր գումարը նախատեսված 874 մլն դրամից գերազանցելու եւ հասնելու է 2 միլիարդի, իսկ աշխատողների թվաքանակը հասնելու է 360-ի: Կառավարությունը նշում է, թե այս արտոնությունից օգտվելով` «ընկերությունը կշարունակի նախատեսված աշխատանքները, ձեռք կբերի ձվատու հավերի պահպանման նոր սարքավորումներ»:



Ինչպիսի՜ հայրական խնամք եւ հոգատարություն «Արաքսի» թռչունների նկատմամբ: Հետաքրքիր է` իսկ մյուսնե՞րն ինչ անեն, մանավանդ` փոքրերը. գնան գլուխները քարին տան միայն այն պատճառով, որ թռչունների բազմազանությունից վարչապետը հատկապես «Արաքսի» թռչուններն ու դրանց մսամթե՞րքն է նախընտրում: Հավկիթներն էլ` փեշքեշ: Ու այսքանից հետո մարդիկ դեռ ի վիճակի են լինում ոչ միայն  «ազատ շուկա» եւ «մրցակցություն» բառերն արտաբերել, այլեւ շաբոյանական Տնտեսական մրցակցության պաշտպանության` պետական անկապ հանձնաժողովի մասի՞ն հիշել...



Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ