2011-ի առաջին ՏԻՄ ընտրությունները` Սյունիքում

2011-ի առաջին ՏԻՄ ընտրությունները` Սյունիքում
2011թ.-ի  հունվարի 9-ին Սյունիքի մարզի  Ձորաստան գյուղում տեղի կունենան համայնքի ղեկավարի, իսկ Անտառաշատ գյուղում` ավագանու հերթական ընտրություններ: Ըստ Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանի, Ձորաստանի համայնքի ղեկավարի համար առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, անկուսակցական Ավետիս Ավետիսյանը: Հիշեցնենք, որ վերջինս գյուղապետ է ընտրվել որպես ՀՅԴ անդամ, բայց մեկ տարի աշխատելուց հետո թողել է կուսակցությունը:



Անտառաշատ համայնքի ավագանու համար առաջադրվել է հինգ թեկնածու: Նրանցից մեկը «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ է, մյուս չորսն անկուսակցական են: Առաջադրված ավագանու թեկնածուներից մեկը կին է: Անտառաշատի համայնքի ղեկավար Արսեն Դավթյանը նույնպես ԲՀԿ անդամ է:  Հանձնաժողովի քարտուղարի խոսքով, Ամանորի օրերը ընտրական գործընթացին չեն խանգարի: «Գործող «Ընտրական օրենսգրքով» կազմվել է ժամանակացույցը, ու ընտրությունները կկայանան»,-ասաց Ռ. Հակոբյանը:



Ի դեպ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համապատասխան որոշմամբ, 2011թ. փետրվարի 20-ին Մեղրիի տարածաշրջանի Կուրիս եւ Գորիսի տարածաշրջանի Քարաշեն գյուղական համայնքներում նույնպես նշանակվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Կուրիսում կանցկացվեն համայնքի ղեկավարի, իսկ Քարաշենում` համայնքի ավագանու ընտրություններ: