ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար շանտա՞ժ են անում

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար շանտա՞ժ են անում
ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների շուրջ ծավալվող իրադարձություններից ու ներիշխանական խմորումներից ի հայտ է գալիս մի իրողություն, որ Հայաստանի ներիշխանական դաշտը վերածվել է հարթակի, որտեղ արդեն խոսում են շանտաժային մեսիջների լեզվով: Երեկ եւ նախորդ օրը ԲՀԿ-ն խորհրդի նիստ էր անում՝ համաձայնեցնելու փետրվարի 12-ի համագումարի օրակարգը: ՀՀԿ 20-ամյակի իր ելույթում Սերժ Սարգսյանը բացահայտ ակնարկեց ԲՀԿ-ին, որ եկել է ժամանակը կողմնորոշվելու իր հստակ պահանջի վերաբերյալ, այն է՝ հայտարարել հաջորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին:



Այնուհետեւ ԲՀԿ շրջանակներից լուրեր տարածվեցին, որ ԲՀԿ-ն պատրաստ է դուրս գալ կոալիցիայից, բայց պատրաստ չէ սատար կանգնելու մասին հայտարարություն անել: Այսօր կրկին կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալ-չգալու հարցը քաղաքական շրջանակներում քննարկվող թեմաներից է: ԲՀԿ-ն մի խնդիր ունի՝ ամեն ինչ անել, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին որեւէ հայտարարություն չանի: Չի բացառվում, որ եւ ԲՀԿ համագումարում  շրջանցեն այդ հարցը: Որոշ տեղեկություններով՝ կոալիցիայից դուրս գալու սպառնալիքով ԲՀԿ-ին հաջողվել է հասնել նրան, որ այս փուլում նրանից նման հայտարարություն այլեւս չի պահանջվում:



Երեկ մեր հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ին հաջողվել է Սերժ Սարգսյանից նման զիջում կորզել՝ կոալիցիայից դուրս գալու շանտաժի միջոցով, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց. «Չեմ կարծում, որ Հանրապետականի ղեկավարը իր անցած ուղիով տեղիք է տվել կարծելու, որ ինքը ճնշումների կամ ասեկոսների հիման վրա պետք է գնա զիջումների կամ որոշումներ կայացնի: Չեմ կարծում, որ դա ՀՀԿ-ի հետ շփվելու լավագույն տարբերակն է»: Մեր հարցին, թե ինչ հետեւանքներ կլինեն ՀՀԿ-ի համար, եթե ԲՀԿ-ն համագումարում հայտարարի կոալիցիայից դուրս գալու մասին, ՀՀԿ-ականն ասաց. «Չեմ կարծում, որ նման որոշում կկայացվի, իսկ եթե կայացվի, դաշտը կդառնա ավելի աշխույժ՝ քաղաքական առումով»:



ՀՀԿ հիմնադիրներից պատգամավոր Վազգեն Կարախանյանը մեր դիտարկմանը, թե Հանրապետականը կարեւոր զինակցի կկորցնի, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, այսպես արձագանքեց. «ԲՀԿ-ի հետ մենք լավ, լուրջ հարաբերություններ ունենք: Իմ համար ցավ կլինի ընդամենը: Ես կարծում եմ՝ Հանրապետականը կարող է նաեւ մենակ իր ուղեգիծը շարունակել եւ որեւէ խնդիր չունի, բայց մենք հավատարիմ ենք մեր սերունդների համերաշխությանը եւ մեր գործընկերների միասնական կամքի դրսեւորմանը, որեւէ խնդիր չենք տեսնում այն մարդկանց հետ, որոնք առողջ ընդդիմադիր զանգված ունեն, կարող ենք նաեւ նրանց հետ ճանապարհ գնալ, որեւէ խնդիր չեմ տեսնում, առավել եւս՝ ԲՀԿ-ի հետ»: Երբ ԲՀԿ-ն լքի կոալիցիան, չե՞ք կարծում, որ կոալիցիայի գաղափարը կիմաստազրկվի՝ հարցրինք հանրապետականին: «Ես ենթադրություններով չեմ խոսում: Այսօրվա վիճակով էդպիսի խնդիր չկա»,-հայտարարեց Կարախանյանը:



«Ինձ զարմացնում է վերջին օրերին մեր լրատվամիջոցների անբացատրելի աշխուժությունը՝ արհեստականորեն սրելու իրավիճակը, կապված ԲՀԿ-ի՝ կոալիցիայում մնալ-չմնալու խնդրի հետ»,- մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց ԲՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ պնդելով, որ չկա նման բան, եւ, ինչպես դեկտեմբերի վերջին Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցներում ասել է` շարունակում են կատարել կոալիցիոն պարտավորությունները, որոնք բխում են կոալիցիոն հուշագրից: «Ինձ զարմացնում է այն աշխուժությունը, որով շտապում են որոշ ուժեր եւ լրատվամիջոցներ մեզ դուրս բերել կոալիցիայի կազմից»: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ լուրերը հենց ինքը՝ ԲՀԿ-ն է տարածում: Թե ինչ նպատակով՝ ակնհայտ է:



Արամ Սաֆարյանը նաեւ ասաց, որ տեղեկություն չունի տոներից հետո Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին: Մեր հարցին, թե ԲՀԿ առաջիկա համագումարում հնարավո՞ր է որոշում կայացվի կոալիցիայից դուրս գալու մասին, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Միանշանակ ձեզ հայտարարում եմ, որ փետրվարին կայանալիք ԲՀԿ հերթական համագումարը մեր հերթական կուսակցական միջոցառումն է, եւ այդտեղ որեւէ արտառոց բան չի նախատեսվում եւ չի լինելու»: Միգուցե կոալիցիայից դուրս գալն արդեն այնքա՞ն էլ արտառոց չէ, հարցրինք ԲՀԿ-ականին: «Դուք սրամտում եք»,- ի պատասխան հայտարարեց Արամ Սաֆարյանը: ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը մեզ հետ հեռախոսազրույցում  հայտարարեց, որ բացակայում է Հայաստանից, արձակուրդում է եւ տեղյակ չէ որեւէ նման զարգացումից: ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) բացառեց կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հավանականությունը՝ հավելելով, որ ինքն այդ առթիվ տեղեկություն չունի:



Մեզ հետ զրուցած մյուս քաղաքական գործիչների մի մասը չէր հավատում, որ ԲՀԿ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից, մյուս մասը չէր բացառում, որ ԲՀԿ-ն կարող է իսկապես լքել կոալիցիան, բայց միայն Սերժ Սարգսյանի հետ համաձայնության արդյունքում: Ընդ որում՝ մեր զրուցակիցները չէին բացառում ԲՀԿ-ականների նկատմամբ հարկային, մաքսային հետապնդումների հնարավորությունը, որ ամեն ինչ լինի այնպես, «ինչպես կյանքում», եւ որ հասարակության մի հատվածը հավատա, որ ԲՀԿ-ն իրոք նեղացած է իշխանությունից ու ընդդիմություն է դառնում:



Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով՝ իշխանության ներսում խմորումները նոր չէ, որ առաջացել են, սեպտեմբերից սկսած՝ այդպիսի լուրեր պարբերաբար շրջանառվում են: «Եթե ԲՀԿ-ին ստիպում են արդեն այս պահից խոնարհվել եւ ընդունել կրտսեր գործընկերոջ անխուսափելիությունը, ամենեւին էլ պատահական չէ եւ բացատրվում է խորացող ճգնաժամով եւ այն իրողությամբ, որ գործող վարչակազմը՝ Սերժ Սարգսյանը, եւ այն դեղնակտուցների խումբը, որը որոշակի ազդեցություն է ձեռք բերել արքունիքում, պատրաստվում են ընտրություններում գցել ԲՀԿ-ին, պարզապես ձայներ խլել: Եթե Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարի, որ սատարում է Սերժ Սարգսյանին, նրան գցելը շատ հեշտ կլինի: Հակառակ դեպքում անհասկանալի է այդ պահանջը, քանի որ այլ թեկնածուի սատարելու խնդիր ԲՀԿ-ն չունի»,-տեսակետ հայտնեց քաղաքագետը:



ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ այսօր խնդիր կա նաեւ որպես ընդդիմություն ԲՀԿ-ն կայացնելու: «Իհարկե, կան ներքին դժգոհություններ, սեփականության վերաբաշխում, Քոչարյան-Սերժ հատվածում որոշակի անհամաձայնություններ, որի արդյունքում ԲՀԿ-ն նաեւ միանշանակ կողմնորոշվելու հնարավորություն չունի: Հիշում ենք նաեւ մեսիջները, որ Սերժ Սարգսյանն ուղարկել էր Գագիկ Ծառուկյանին, որ ժամանակն է կողմնորոշվել եւ հայտարարել, որ աջակցում է Սերժ Սարգսյանին:



Ես կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի վիճակն այնքան էլ դյուրին չէ. եթե նա հայտարարում է Սերժ Սարգսյանին սատարելու մասին, խորհրդարանական ընտրություններում, կարելի է ասել, ընդհանրապես զրկվում է ինքնություն գործելու հնարավորությունից: Կարծում եմ՝ Ծառուկյանն այս առթիվ բավական ծանր վիճակում է: Իսկ եթե նա ինչ-որ ձեւով համաձայնության է եկել Սերժ Սարգսյանի հետ եւ պատրաստվում է արտահերթ ընտրություններում ընդդիմությանը «սվինյու պադստավիծ», դա նշանակում է՝ արհեստական է ընդդիմություն դառնում, ինչպես ԱԽՔ-ի դեպքում, որ այս անգամ եւս ընդդիմությունից ձայներ խլվեն»:



Լյուդմիլա Սարգսյանը հավանական է համարում երկու վարկածն էլ եւ խորհուրդ է տալիս մի փոքր սպասել, տեսնել զարգացումները, «որից հետո շատ ավելի հստակ կլինի Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի դերակատարությունն էս գործընթացում»: «Միանշանակ է, որ ինչ խորամանկությունների էլ փորձեն դիմել իշխանությունները, այսպես թե այնպես, իշխանության սյուները թուլանում են, եւ ամեն մի փոփոխություն կամ նոր նշանակում մի հատվածի դժգոհություն է առաջացնում իշխանական թեւում»,-իշխանության ներսում կատարվող փոփոխությունների առթիվ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ շարունակելով.



«Դրանք պարտադրված քայլեր են, կարծում եմ: Դրսում չկարողանալով իրավիճակը լիարժեք վերահսկել, Սերժ Սարգսյանը փորձում է բարեփոխումների իմիտացիա ստեղծել: Սակայն տեսանելի է, որ դրանից ոչինչ չի ստացվելու, որովհետեւ արդյունքում ոչինչ չի փոխվելու՝ ներքաղաքական վիճակը չի խաղաղվելու, սոցիալական վիճակը չի թեթեւանալու, իսկ եթե իշխանության ներսում էլ որոշակի խմորումներն ավելի սուր բնույթ ստանան, միանշանակ է, որ իշխանությունը պիտի փլուզվի»: Ընդդիմության նպատակը, ըստ ՍԴՀԿ ատենապետի, եղել եւ մնում է «բռնապետական ռեժիմի տապալումը»: «Ես կարծում եմ՝ ընդդիմությունը շատ ուշադիր պիտի հետեւի իրադարձություններին եւ կարողանա առավելագույնս օգտագործել հնարավորությունները, որ խմորումների ընթացքում կստեղծվեն իշխանական դաշտում: Իշխանությունը թուլանում է»: