Ես Քաջ Նազարը չեմ... պիտի երկար մտածեմ

Ես Քաջ Նազարը չեմ... պիտի երկար մտածեմ
Վերջին շրջանում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շուրջ կրքերը շիկանում են: Պատճառը մարտին կայանալիք ռեկտորի ընտրություններն են: Որպես ռեկտորի պոտենցիալ թեկնածուներ, շրջանառվում են «Գոյ» փորձարարական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանի եւ կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի անունները: Ու եթե վերջինիս հանդեպ արձագանքներն ավելի զուսպ են, ապա Արմեն Մազմանյանի դեպքում գնահատականները բուռն են, քանզի ավելի է հստակվում, որ իշխանությունների ընտրությունը կանգնել է հենց նրա վրա: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես է այս թեկնածությանը վերաբերվում թատերական եւ ընդհանրապես՝ մտավորական աշխարհը:



Դերասան Կարեն Ջանիբեկյանի խոսքերով, Արմեն Մազմանյանի՝ ռեկտոր նշանակվելը թատերական ինստիտուտի համար կլինի մահ. «Ինքը կարդացած, գրագետ մարդ է, բայց դա չի նշանակում, որ կարող է դառնալ ռեկտոր: Ուրեմն մարդ չկա, պետք է Արմեն Մազմանյանին նշանակե՞ն ռեկտոր, էս ի՞նչ խեղճ վիճակում ենք: Նրան կարելի է մաքսիմում՝ ռեկտորի օգնական նշանակել, որ թղթերը տանի-բերի:



Ցավոք սրտի, իրականությունը սա է՝ այսօր ոռաբնակներն ու պնակալեզներն են առաջ գնում: Ամենավատն էլ այսօր ինքն է բեմադրում. 5 հատ բեմադրություն եմ տեսել, 5-ն էլ՝ թափելու բան: Դավիթը գոնե արվեստը զգում է, կիրթ, կարգին տղա ա: Կուզեի Դավիթը լիներ»:  Դերասան Ազատ Գասպարյանը չուզեց հիմնավորել, թե ինչու Արմեն Մազմանյանին չի տեսնում ռեկտորի պաշտոնում. «Կասկածի տակ չեմ դնում ոչ մեկի արժանիքները, ուղղակի կուզեմ Դավիթ Մուրադյանը լինի. նա մեծ ինտելեկտի տեր է եւ կարո՛ղ է լինել ռեկտոր: Եթե 10 թեկնածու էլ լիներ, միեւնույն է՝ Դավիթ Մուրադյանի անունը կտայի»:



Գրող Հովհաննես Գրիգորյանը նույնպես ռեկտորի պաշտոնում տեսնում է Դավիթ Մուրադյանին. «Նա լավ տեղյակ է եւ թատրոնին, եւ կինոյին, եւ գրականությանը: Ամենակարեւորը՝ ինտելիգենտ, կարգին մարդ է: Արմեն Մազմանյանին հեռվից-հեռու գիտեմ՝ տաղանդավոր, օժտված մարդ է, բայց մի քիչ բռնկվող է, իսկ ինստիտուտի տնօրենը պետք է սթափ, սառնասիրտ, հավասարակշռված մարդ լինի: Նրան որեւէ թատրոնի գլխավոր ռեժիսոր կուզեի տեսնել, բայց ոչ՝ թատերականի ռեկտոր»:



Պարոն Մազմանյանի հետ կապվեցինք այն պահին, երբ, ինչպես ինքը նշեց, բեմում դերասանների հետ փորձ էր անում: Նա, այնուամենայնիվ, պատասխանեց. «Ինձ հետաքրքիր չի իմ մասին լուրերը: Ավելի տեղին է, որ շրջանառվեն իմ մասին այն լուրերը, թե ես, որպես ռեժիսոր, ինչով եմ զբաղված, որովհետեւ հենց այս վայրկյանին ես զբաղված եմ բանակի էդ բանը բեմադրելով: Ես վաղուց հայտարարել եմ, որ տեղյակ չեմ այդ խոսակցություններին, բայց նաեւ ասել եմ, որ՝ այո, մտածում եմ մասնակցել պետական որեւէ ՊՈԱԿ-ի տնօրենի սպեց-ծառայողի քննությանը, որպեսզի վերջապես արվեստում տնօրինեն արվեստի մարդիկ, ոչ թե ժելեզնադառոժնիկներն ու ինժեներները»:



Խոսելով ռեկտորի թեմայի շուրջ, պարոն Մազմանյանն անտեղյակ ձեւացավ, թե չգիտի էլ երբ են ընտրելու, բայց դա չէր խանգարել, որպեսզի նա տեղյակ լիներ ռեկտոր առաջադրվելու պայմաններին. «Ես, ինչքան գիտեմ, այնտեղ պայմաններ կան, իսկ ես իմ կարգավիճակով պրոֆեսոր չեմ»: Այսքանից հետո իր թեկնածությունն առաջադրելու մասին Արմեն Մազմանյանը դեռ չի մտածել, եթե որոշի՝ բոլորս կիմանանք. «Այս պահի դրությամբ չեմ առաջադրել, կգա օրը, կընտրվեմ՝ կիմանաք: Հետո՝ էս ի՞նչ բամբասանքներ են, որի շուրջ անընդհատ խոսում են. այսօր ավելի լուրջ խնդիրներ ունենք»: Իսկ այն հարցին՝ եթե իրեն առաջարկեն ռեկտորի պաշտոնը, կհամաձայնի՞, պատասխանեց. «Ես Քաջ Նազարը չեմ, որ ասեն՝ կուզե՞ս թագավոր դառնաս, ասեմ՝ բերեք կդառնամ: Ուղղակի, ի տարբերություն մյուսների, երկար կմտածեմ»:



Մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ ամեն ինչ արվում է, որ կանոնադրությունը փոխվի, որպեսզի չեղած պրոֆեսորական կոչումը հանկարծ չխանգարի նրան. «Այնքան հեշտ է ռեկտորի այդ ընտրովի ձեւը ներքին կարգով դարձնել նշանակովի՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ, ու վերջ»,- սա դերասաններից մեկի կարծիքն էր, ով իր խոսքերը հիմնավորեց նրանով, որ արդեն ինչքան ժամանակ է՝ սույն անձը պաշտոնի, դիրքի կռիվ է տալիս: Հատկապես զայրացած է բուհի դասախոսական անձնակազմը, որը դեմ է Արմեն Մազմանյանի թեկնածությանը, բայց իրենց անզոր են զգում՝ դե, Մազմանյանը կառավարությունում ազդեցիկ ընկերներ ունի, իսկ Դավիթ Մուրադյանի թեկնածությունն ավելի շատ «մասկիրովկայի» բնույթ է կրում:



Այցելեցինք նաեւ Թատերական ինստիտուտ: Ուսանողներից մեկը մեզ ասաց. «3-րդ մասի գողական տղու կերպարով, թրաշով ու թզբեհով ռեկտոր չեմ պատկերացնում ու չեմ ընդունում այդ տեսակը: Ռեկտորը նաեւ լավ հեղինակություն պետք է ունենա, իսկ Մազմանյանը չունի: Ինքն ուղղակի կապ չունի այս ինստիտուտի հետ»: Նրանց կարծիքով՝ Արմեն Մազմանյանի դեպքում թատերականը կդառնա լրիվ ուրիշ բուհ. ակնարկում էին կադրային փոփոխությունների վտանգը եւ շատ դասախոսների հետ նրա՝ ընդհարված լինելու փաստը:



Աշխատողներից մեկն էլ, նշելով Մազմանյանի բռնկուն բնավորությունը, նշեց ինստիտուտում ժամանակ առ ժամանակ խմած հայտնվելու փաստը: Հանդիպեցինք նաեւ ներկայիս ռեկտոր Հրաչյա Գասպարյանին, ով ծանոթ էր դասախոսների եւ ուսանողների տրամադրություններին. «Հասնում են լուրեր, որ սրան չեն ուզում, նրան են ուզում: Բայց ինչ ասեմ. այս մեկը ոչ ադեկվատ է, այն մյուսը շատ է խոսում, ես էլ իդեալական ռեկտոր չեմ եղել, բայց ես կարողանում էի ինձ զսպել, պիտի էմոցիաներդ տանը թողնես ու գաս այստեղ աշխատես: Իսկ այդ մարդիկ կարո՞ղ են զսպաշապիկ հագնել. կասկածելի է, դրա համար էլ շատերը չեն հավատում»:



Հրաչյա Գասպարյանը ծանոթ էր նաեւ շրջանառվող անուններին եւ եղածներին ավելացրեց եւս մեկը՝ ինստիտուտի դեկան Նարինե Սարգսյան, ով, ռեկտորի խոսքերով, գիտի ինստիտուտի ներքին խոհանոցը, բայց՝ «կգա մի մարդ, ով իր հետ կբերի իր կառույցը, իր մարդկանց, եւ հարցը կլուծվի: Խմորումները, խոսակցությունները շատ են, ծանոթ, բարեկամ, քաղաքական գործիչ՝ բոլորը խառնվել են իրար, բայց մի հատ մտածեք՝ ո՞ւմ եւ ինչի՞ համար եք խառնվել»: Ռեկտորի պաշտոնում առաջադրվել ցանկացողներին պարոն Գասպարյանը հիշեցրեց ինստիտուտի կանոնադրության մասին, որտեղ հստակ գրված են պայմանները՝ պրոֆեսորի կոչում, մեթոդական գործեր, մանկավարժական փորձ:



Հարցին, թե Արմեն Մազմանյանին տեսնո՞ւմ է ռեկտոր, Հրաչյա Գասպարյանը պատասխանեց. «Եթե ես ասեմ այն, ինչ մտածում եմ՝ սխալ կլինի: Բայց մի բան կարող եմ ասել. թող մարդիկ մինչեւ իրենց առաջադրելը, մի հատ մտածեն, թե ինչ գործ է սա, իսկ ռեկտորը հիմնականում պարտականություններ են, ոչ թե իրավունքներ: Թող մտածեն. գալիս են ռեկտոր դառնան՝ մի քար ավելացնելո՞ւ, թե՞ հեղափոխություն անելու համար: Զզվում եմ այն մարդկանցից, ովքեր հեղափոխություն են անում, որովհետեւ մեր փոքր երկիրը հեղափոխությունների, էքսպերիմենտներ անելու տեղ չի: Դու պիտի մտածես՝ պատրա՞ստ ես արդյոք քո գրիչը, քո թատրոնը 5 տարով մի կողմ թողնել եւ քրտնաջան աշխատել, թե՞ ընդամենը քեզ աթոռն է հետաքրքրում: Եթե աթոռն է հետաքրքրում, դա կընկնի գլխիդ»:



Երկուշաբթի օրը բուհի Մեծ խորհրդի ընտրություններն են լինելու. 50:50 տարբերակով 12 հոգու ներկայացնելու են կառավարությունն ու կրթության եւ գիտության նախարարությունը, մնացած 12 հոգին լինելու են բուհի դասախոսական եւ ուսանողական կազմից՝ 6:6 քվոտայով: Գործող ռեկտորը նշեց, որ ինստիտուտի դասախոսներից 3-ը հանդես են գալիս կառավարականի կողմից՝ Ռուբեն Գեւորգյանց, Սոս Սարգսյան, Երվանդ Ղազանչյան, նրանցից բացի, լինելու են նաեւ մշակույթի փոխնախարարը, ԱԺ պատգամավորներ Կ. Աճեմյանը, Ա. Սահակյանը:



Հրաչյա Գասպարյանը կարեւորեց մի հանգամանք եւս. «Արվեստի բուհերի դեպքում պետք է մի քիչ զգույշ լինել, չպետք է բռնակալություն անել, դա իր հետ բերում է դեսպոտիզմ, իսկ ամենակարեւորը՝ կորցնում ես հավատդ: Վատ բան է, երբ սկսում ենք դեմոկրատիա խաղալ: Պետք է հստակեցնել. եթե ուզում եք անել ընտրովի՝ արեք ընտրովի, ոչ մեկը չպիտի խառնվի, եթե չէ՝ նշանակովի դարձրեք: Ես համաձայն եմ՝ թող նշանակեն ու, գործը չանելու դեպքում, փոխեն այդ մարդուն»:



Ինչեւէ, թատերական զարգացումները Թատերական ինստիտուտի ներսում դեռ շարունակվելու են: Ավելին՝ մեզ շատերը խոստացան իրենց խաղաքարտերը բացել, բայց՝ խորհրդի ընտրությունից հետո, որն էլ հետագայում ռեկտորի հետ պայմանագիր է կնքելու: