Լեռնաձորում ուրան չկա՞

Լեռնաձորում ուրան չկա՞
Սյունիքում հակաուրանյան շարժման նախաձեռնողները՝ «Ազատամարտ» կոմիտեի ու «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի ներկայացուցիչները, մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էին, որ պայքարը գուցե ժամանակավորապես ակտիվ չլինի: Մինչ այդ, նրանք ուրանի հանքերի շահագործման դեմ հավաքված 13 հազար 850 ստորագրությունները  դեռեւս անցած դեկտեմբերին ուղարկել էին ՀՀ կառավարություն: Ի դեպ, Լեռնաձորում ուրանի հետախուզաորոնողական աշխատանքներ իրականացնող «Աբվան» ընկերությունը դեկտեմբերի վերջին հորատող տեխնիկան հանել էր տարածքից ու տեղափոխել Երեւան։



Ընկերության տնօրեն Յուրա Գեւորգյանն այդ ժամանակ ասել էր, որ 2010 թվականի համար պայմանագրով նախատեսված որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Նշենք, որ անհայտ պատճառներով հրդեհվել էր հորատող մեքենան: Օրերս նախաձեռնողները ստացել են  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական պատասխանը: Ըստ գրության,  «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվել են օրենսդրությամբ սահմանված կարգով։



Հետազոտություններն իրականացվում են ժամանակակից սարքավորումներով ու մեթոդներով, որոնք կիրառվում են նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ այլ զարգացած երկրներում։  Ինչքան էլ զարմանալի է, բայց պաշտոնական գրության մեջ կարդում ենք, որ, «ըստ կատարված երկրաբանական եւ լաբորատոր աշխատանքների տվյալների, նշված տարածքում ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել։ 2011թ. ընթացքում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների շրջակայքում, որոնք գտնվում են մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորությունների վրա»:



Նախարարության աշխատակազմի ղեկավարը նաեւ նշել է, որ «քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չի հավաստվել օգտակար հանածոյի առկայությունը եւ չեն հաստատվել վերջինիս պաշարները, ապա «հանքավայր», որպես այդպիսին, գոյություն չունի, հետեւաբար չի կարող լինել նաեւ հանքավայրի շահագործման ծրագիր»: Ի դեպ, «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի տնօրեն Արմեն Փարսադանյանը սա չի համարում պայքարի ավարտ ու հաղթանակ: «Հստակ է, որ ուսումնասիրությունները շարունակվելու են, ու չի բացառվում, որ հենց նույն տեղանքում լինի: Երբ հորատող մեքենաները նորից մարզ բերվեն, պայքարն այլ փուլ կմտնի ու կթեժանա»,-ասաց Ա. Փարսադանյանը` ավելացնելով, որ ստորագրահավաքը շարունակվում է: