Հարկադիր կատարման ծառայության ղեկավարն ամենազոր է

Հարկադիր կատարման ծառայության ղեկավարն ամենազոր է
2010 թվականի դեկտեմբերի 10-ին «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին` արդարադատության նախարարին աշխատանքից հեռացնելու պաշտոնական հիմնավորման հետ կապված.



«1. Ինչո՞ւ հեռուստալրատվամիջոցները պաշտոնապես չեն հրապարակել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի էթիկայի խախտման փաստի մասին լուրը, որպեսզի հասարակությունն ընկալի  հրամանագիրը:  «ԴԱՀԿ ծառայության մասին» ՀՀ օրենքում գրված է. «Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը,. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին»:



1. Ե՞րբ է խախտումը տեղի ունեցել, անցե՞լ է արդյոք այն վեց ամիսը, որի ընթացքում  պետք է նշանակվեր կարգապահական տույժը, կամ գուցե նախարարը պատրաստվում էր դիմել նախագահին` ծառայությունից ազատելու միջնորդությամբ:



2. Ի՞նչ է նշանակում էթիկայի կանոնների լուրջ խախտում, եւ ի՞նչ եք ակնկալել  նախարարից որպես հրապարակային պատիժ:



3. Արդյո՞ք էթիկայի կանոնները լրջորեն խախտած ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շարունակում է աշխատել իր պաշտոնում:



4. Ինչո՞ւ օրենքները խախտած պետական պաշտոնյաներն օրենքով չեն պատժվում:



5. Որպես պատգամավորներ, մենք կարող ենք վկայել, որ կառավարության անդամներից շատերն են իրենց աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարում եւ շատ ավելի վատ, քան արդարադատության նախարարը: Ինչքանո՞վ է արդարացի ՀՀ նախագահի հրամանագիրը` հատկապես  նրա  նկատմամբ»:



Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է. ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված են այն կարգապահական տույժերը, որոնք կարող են կիրառվել ԴԱՀԿ ծառայողի կողմից վարքագծի կանոնները ոչ պատշաճ կատարելու համար, իսկ 35-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի, այդ թվում գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմքերը, կարգն ու պայմանները:



Գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարին տրված հանձնարարականն անմիջապես հաջորդել է խախտման փաստին: Արդարադատության նախարարը կարող էր իր հայեցողությամբ կիրառել կարգապահական տույժերից որեւէ մեկը, այդ թվում՝ միջնորդել ՀՀ նախագահին` գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կիրառել «ծառայությունից ազատում» կարգապահական տույժը: Սակայն դրանից հետո ավելի քան մեկ ամիս արդարադատության նախարարի կողմից հանձնարարականի կատարման ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարվել:



Օրենսդրորեն գլխավոր հարկադիր կատարողի կողմից թույլ տրված խախտման բնույթն ու բովանդակութունը չի համադրվում արդարադատության նախարարի կողմից թույլ տրված խախտման առնչությամբ կիրառվող պատասխանատվության տեսակի ընտրության հետ: Խախտում թույլ տված երկու պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Միաժամանակ, «օրենքները խախտած պետական պաշտոնյաներին» չպատժելու վերաբերյալ Ձեր պնդումների առնչությամբ հայտնում ենք մեր պատասխանատվությունը՝ քննարկման առարկա դարձնել համանման դեպք»:



Պատասխանում հաստատվել է այն միտքը, որ նախարարի կողմից ծեծողին ուշացումով նկատողություն տալն ավելի մեծ մեղք է, քան ԴԱՀԿ պետի կողմից մարդ ծեծելը: Շարունակում ենք պնդել, որ ԴԱՀԿ ղեկավարն իր արարքի համար ոչ միայն պետք է հեռացվի աշխատանքից, այլեւ պետք է քրեական գործ հարուցվի նրա նկատմամբ: