Բարեւ, Բարթլբի*

Բարեւ, Բարթլբի*
Ինչո՞ւ է անժամանակ տարածության մեջ գեղեցկության շուրթերին անկնթարթորեն հպվող ոգին հանկարծակի լռում: Ու՞մն է այդ վերջնական որոշումը` լռությանը թե ոգունը: Իսկ գեղեկության հմայքից կաթվածահար են լինում ոչ միայն ոգու ձեռքերն ու ոտքերը այլև նրա խոսքը, բայց շատ դեպքերում կաթվածահար լինողը խոսքի շարունակությունն է. դա ոգու պայքարն է ավելորդության դեմ, որովհետև խոսքը վերջնագիր է, իսկ վերջնագիրն բացարձակ է:







Կյանքը, որ ծնվում է լռությունից, ամբողջ կրքով սլանում է միմիայն դեպի լռության արգանդը` մահը: «Անհուն տարածությունների հավիտենական լռությունը սարսափեցնում է ինձ»,- գրում է Պասկալը, որ առիթ է տալիս Պոլ Վալերիին իր հոդվածներից մեկում քննադատել ու հակադարձել Պասկալի այս մտքին:Ես մտածում եմ, որ մահը հավիտենական լռության դուռը չէ, այն պարզապես մի սեւ մուտք է, որ տանում է դեպի հաջորդ լռություն, կամ լռության վերջնական ու ընդարձակվող տարածությունն է:



ԳՐՈՂԻ լռությունը նման է արարման լռությանը, իսկ արարման հմայքն ու ֆուգան տեսանելի ու լսելի է լռության մեջ... Մեծ պայթյունից հետո գալիս է Մեծ լռության ժամանակը...



Հերի՛ք տեսանք: Տեսիլքները հանդիպում էին ամենուրեք:



Հերի՛ք ունեցանք: Քաղաքների ժխորը` երեկոյան, ե՛ւ արեւի տակ,



ե՛վ միշտ:



Հերի՛ք ճանաչեցինք: Կյանքի կանգառնե՛րը: -Օ՜, ժխոր եւ տեսիլքներ:



Մեկնում նո՛ր սիրո եւ նո՛ր աղմուկի միջով:



Արթուր Ռեմբոյի այս՝ «Մեկնում» բանաստեղծությունն ասես հանճարի լռություն սլացող հավերժական վերադարձն է, եւ ընդհանրապես նրա պոեզիան` երկու լռությունների միջեւ (կյանքի եւ մահվան) որսած գեղեցկության ամենասքանչելի մեղեդիներից մեկն է: Ռեմբոն... «Նո՛ր սիրո եւ նո՛ր աղմուկի միջով»... ճաշակեց գեղեցկությունը ու անէանալով` դարձավ մայր լռության բջիջներից մեկը: Ամեն ինչ ասված է եւ ոչինչ ասված չէ, հետեւապես ամեն ինչ գրված է եւ ոչինչ գրված չէ, կամ ամեն ինչ պետք է գրվի եւ ոչինչ չպետք է գրվի: Ռեմբոյի լռությունն իր պոեզիայի հաստատումն է` նրա ճշմարտացիությունը... Ռեմբոն լռեց, երբ եկավ բառի խորհումը, բառի լռելու կամքը... «Դրանից հետո Ռեմբոյի մեջ մնաց լոկ ապրելու սովորույթը»,- գրում է Կորտասարը: Ո՞վ իմանա, զենք ու փամփուշտ վաճառելու ընթացքում ինչ բանաստեղծություններ է գրել Ռեմբոյի լռությունը... բայց այդ բանաստեղծություններն արդեն պատկանել են անխոսությանը. դրանք սղվելու եւ հնչվելու կոնտեքստից դուրս էին:



ԳՐՈՂԸ երբեք չի սպառվում. նա գնում է առանձնանալու` հեռանալով բառի պաթոսից, իսկ առանձնացումը լռության երկրային ճանապարհն է:... Եվ ցամաքած գետն է, որ հնարավորություն է ընձեռում քայլելու դեպի անհայտության հորիզոնը: Հանկարծակի եկած ամբոխն միաձայն ոռնում է` գուժելով արվեստագետի անշշունջության փաստը` մոռանալով, որ իր հյուսվածքներն ձևավորվել են հենց այդ արվեստագետի միս ու արյունով: Ամբոխն միշտ էլ երախտամոռ է,  հարձակվելով` նա անընդհատ կրկնում է նույն բառը` սովորույթի ուժով, առանց ճանաչելու ու հասկանալու դրա ձևն ու բովանդակությունը:



Բառը դուրս է թռչում նրա կոկորդից, տարածվում օդում, բայց երբեք չի վերադառնում: Ամբոխի բառը թիրախ չունի, որովհետեւ մեռած է ծնվում: Վիտգենշթայնի «Տրամաբանական-փիլիսոփայական երկի» վերջին աֆորիզմն է` «Ինչի մասին հնարավոր չէ խոսել, պիտի լռել»: Թերեւս կյանքում ավելի հեշտ է խոսել, քան լռել: Լռելու համար հեռանալ ու ոչնչանալ է պետք...



Փետրվարի 18-ից սկսած՝ Գոգոլը հրաժարվեց սննդից, ի ցույց դնելով ոգու վերջնական հաղթանակը մարմնի նկատմամբ. նրա մահն ասես բառի լիարժեքության ընդվզումը լինի կյանքի շարունակության դեմ. «Մավրն արեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ»... Մավրը պիտի հեռանա, չի՛ կարող չհեռանալ. նա անզոր է լռության կանչի դեմ, արվածի գիտակցումից կամ ենթագիտակցումից հետո մնում է վերջին քայլը` անցում լռության:



Գրողի լռությունը շուտով ավելի հուզիչ է դառնում, քան նրա գիրը, որովհետեւ այդ լռությունը դիմացինի համար անճանաչելի առեղծված է: Սելինջերի փախուստն ու առանձնացումը սեփական գիրն ինքն իր մեջ պարփակելու, ոչ մեկի համար չգրելու եւ անձնական լռությունը վերագտնելու` ոգու ամենահամարձակ որոշումներից մեկն է: Նա մահացավ 2010-ին, Քորնիշ անվանումով ամերիկյան փոքրիկ մի քաղաքում, բայց նա մահացել է դեռ 1953-ին, երբ բռնեց համրության ճանապարհը... Նրան լիովին հաջողվեց առանձնանալ ու ձերբազատվել մարմնից: Նա հենց ինքը դարձավ ԼՌՈՒԹՅՈՒՆ...: Սելինջերի «Ֆրենին» նովելի մեջ մի այսպիսի հատված կա. «Ինձ զզվեցրել է հավերժ այդ «ես», «ես»-ը` իմը, ուրիշինը... Ինձ զզվեցրել է այն, որ բոլորը մեծ բան անելու մարմաջ ունեն, ուզում են ամեն կերպ ինչ-որ մեկին հետաքրքիր լինել... Ինձ ամեն ինչ հոգնեցրել է. հոգնեցրել է, որ իմ մեջ խիզախություն չունեմ դառնալու ոչինչ»: Ասում են՝ երբ լրագրողները Քորնիշի բնակիչներից հարցնում էին Սելինջերի տան հասցեն, նրանք լռություն էին պահպանում:



Գրականության պատմության մեջ երեւի ամենահանճարեղ վեպերն ու բանաստեղծությունները գրվել են մտքում ու մնացել մտքի մեջ, ում միակ ընթերցողը լռությունն է: Ունենալ լռության պես ընթերցող՝ նշանակում է ունենալ Աստված, իսկ նրա հետ երկխոսելու միակ տարբերակը չխոսությունն է: Սեմյուել Բեքեթի «Շփում» պատմվածքն ավարտվում է հետեւյալ նախադասությամբ. «Եվ ինչ հրաշալի բան է ի վերջո կորած աշխատանքը եւ` ԼՌՈՒԹՅՈՒՆԸ: Եվ դու՝ ինչպես միշտ»: Անմոռանալի է սեւազգեստ Բեքեթի այն լուսանկարը, որտեղ նա նստած է մահճակալի եզրին` ձեռքերը ծնկներին դրած: Բեքեթն ասես նստած լինի լռության մեջ, նրա մարմինը դեռ այստեղ է, բայց հայացքն արդեն պատկանում է այլ աշխարհի. դա լռության հայացքն է...



Եվ ՎԵՐՋՈՒՄ, օրերից մի օր բառի նկատմամբ խոնարհումը, որ կզգաս ու կճանաչես դեռ մանկության աշխարհում, հետո գուցե կարտահայտվես, ու քեզ ընտրած բառերը կպատմեն քո երեւակայության ու կյանքի պատմությունը, որ՝ արդարացի թե անարդար, հասանելի կլինի բոլորին, ու քո բառերը կքննարկվեն որպես սովորական ձայներ, որպես պարզ մի իրողություն, կտեղափոխեն ու կանհետանան աղմուկի թեթեւամիտ ձեռքով, բառերդ, որ չեն հասկացվի որպես ոգու հպանքներ (թերեւս ծիծաղելի հնչող), որ բարձր կհայհոյվեն, կթափվեն խոզերի առաջ, ու քո բառերը, որ ոչ մեկի եւ ոչնչի համար նախատեսված չէին, ուղղակի դու սիրում էիր խաղալ նրանց հետ, իսկ նրանք սիրում էին քո վտանգավոր խաղը... հանկարծ կվախենաս ու կհրաժարվես նրանցից, կպատռես թղթերդ, կխմես թանաքի ողջ սրվակը, Պրուստի նման կփակվես սենյակումդ կամ դուրս կգաս, կքայլես դեռ մանկության աշխարհից դադար չտվող ձայնի ուղղությամբ, կմտնես բակ, կտեսնես ՆՐԱՆ` պատի տակ կծկված ու ծնկները կրծքին սեղմած... ձեռքդ մեղմ կիջեցնես ուսին ու կասես` «Բարեւ, Բարթլբի... բարեւ, իմ ԼՌՈՒԹՅՈՒՆ»...



*Բարթլբի - Հերման Մելվիլի համանուն պատմվածքի հերոսը



Արամ ՊԱՉՅԱՆ