Սերոբի գաստրոլները Ախթալայում

Սերոբի գաստրոլները Ախթալայում
Կարդալով «Պեդոֆիլին բացահայտե՞լ են» հոդվածը



«Հրապարակ» 1.2.11թ.



ԱՐԱՐ 1



Սերոբը Լոռվա ձոր մտավ երկաթուղու մուտքից հարյուր տարի անց: Քաղաքակիրթ աշխարհի հարյուր տարվա փոշի կար նրա փխրուն ուսերին:



Սերոբի անունը առնականություն էր հուշում, արական ինչ-որ բան, բայց նա ուրիշ բան բերեց: Սերոբի հետ էր նաեւ Սերովբեն, ով թաքուն սեր ուներ հրեշտակների հետ: Նրա գալստյան շռինդից ցնցվեց խոր ձորը, ու միայն պախրեքը չէ, որ ծմակը փախան: Երկարավիզ ու երկարոտն կխտարները Լալվարի որսկանին չէին հուզում: Նրան գայթակղում էին չափահասության տարիքը տակավին չբոլորած մատղաշ պատանյակները:



Սերոբն իր գաստրոլները սկսեց «Ախթալա» պատմամշակութային համալիրից: Այդ հանդեսին բոլորն էին հանդիսատես: Բացի իշխանություններից: Նրանք աչք էին փակել: Ամոթի՞ց... Պղնձի հանքերը ոսկեհուռ թագ էին դրել ծերացող գլխին: Օլիգարխին ամեն ինչ կարելի էր, առավել եւս՝ Սերոբին: Այն, ինչ չէր կարելի Զեւսին, կարելի է եզին: Նրա անհագուրդ սերը միշտ վառ էին պահում Լոռվա պարմանիները, թեեւ նրան վայել էր Չոբան Չատնի նման կոշտ ու կոպիտ մի զռլամա:



Սակայն արեւմտյան հովերով քնքշացած նուրբ հոգին նախընտրում էր սիրտը պահ տալ միայն դեռահասներին: Այն լուռ գգվում էր սիրեցյալի ծոցում: Այդ ծոցը ծով էր անեզր բեմում: Եվ երբ բեմը բացվեց` արյուն էր ծորում բորբ սրտիկից: Վրիժառուի նետը անվրեպ խոցել էր սրտիկը: Բաց վերքից տաք գոլորշի էր բարձրանում:



(Վարագույր)



ԳՈՒՐԳԵՆՉԻԿԻ



ԳԱՍՏՐՈԼՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



ԱՐԱՐ 2



Սերոբը ծնվել է Սերոբից եւ ոչ միայն Սերոբից: Երեւանը երբ քաղաք էր, Լոռին մի մութ ձոր էր: Եվ բնական էր, որ Երեւանն էլ ուներ իր Սերոբը, ով, սակայն, Գուրգենչիկ էր հորջորջվում: Ի տարբերություն Սերոբի՝ նրա անունն ամեն ինչ ասում էր: Նա անթաքույց Սերոբ էր: Գուրգենչիկը, կանացի էդ տղամարդը, որ ձմռան ցրտին էլ փողոց էր ելնում բարակ վերնաշապիկով, որպեսզի հնարավորինս բաց ցուցադրի իր մարմնական բարեմասնությունները, մեծ շրջագայության էր ելել Մոսկվայում:



- Գուրգենչիկ,- հանկարծ լսվել էր թիկունքից:



- Օյ,- ուրախ բացականչել էր Գուրգենչիկը,- Երեւանում հանրաճանաչ էինք, այստեղ դարձանք պոպուլյար...



(Վարագույր)



ՀԳ - «Հրապարակ»-ի շնորհիվ այլեւս պոպուլյար է նաեւ Սերոբը: Հիմա նրան առնական շռամն էլ չի փրկի: Քաղաքական, հասարակական այրերն ու մայրերը, ինչպես նաեւ Սերոբներն ու Սերովբեները ամենուրեք փողի եւ կարողության շնորհիվ հանրաճանաչ են դառնում, կարող են եւ դառնալ դեպուտատ, բայց ոչ Գուրգենչիկի մասշտաբի պոպուլյար: Քանզի նրանք իրենց սերը մութ ծոցում են դատարկում: Քաղաքականությունը պոռնկություն չէ, պարոնայք: Պոռնկությունն է քաղաքականություն: Նրանց սերը հավակնություն ունի փրկելու մարդուն եւ ոչ միայն մարդուն: Աստված փրկի մեզ այդ սիրուց...



Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ