Կավատների հետ չենք համագործակցում

Կավատների հետ չենք համագործակցում
Երեկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը՝ Տիգրան Փոստանջյանին  ձերբակալեցին: Նրան կանչել են Ազգային անվտանգության ծառայություն եւ 3 ժամ հարցաքննելուց հետո ձերբակալել:



Նախաքննության մարմինը դա մեկնաբանել է նրանով, որ Փոստանջյանը «կարող էր խուսափել քննությունից կամ անօրինական ազդեցություն գործադրել տուժողների նկատմամբ»: Հիշեցնենք, որ Տ. Փոստանջյանը մեղադրվում է նրանում, որ 2010թ. սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 հազար դրամ վարձատրություն՝ ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար: Սակայն Փոստանջյանները համոզված են, որ դա հաշվեհարդար է, եւ իշխանություններն այդկերպ փորձում են լռեցնել ակտիվ պատգամավորին:



Այս պատմության մեջ տարօրինակը նաեւ այն է, որ այս գործով զբաղվում է ԱԱԾ-ն՝ դատախազը գործն ԱԱԾ է ուղարկել: Երեկ քննիչն արգելել է տեսակցել Տիգրանի հետ, եւ Զարուհի Փոստանջյանին ու «Ժառանգության» պատգամավորներին արգելել են մտնել մեկուսարան: Մինչդեռ օրենքը թույլ է տալիս: «Մենք իրավունք ունենք ցանկացած ժամի մուտք գործել ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայր: Սա խոսում է ամեն գնով ճնշում գործադրելու, վախեցնելու մասին: Միանշանակ է, որ այս ամենն իմ դեմ է, ոչ թե եղբորս»,-հավելեց Զարուհին:



Հարցին՝ եթե եղբոր դեմ հետապնդումները դադարեցնելու դիմաց իրեն որոշակի պահանջներ ներկայացնեն, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Մենք այնպիսի դաստիարակություն ենք ստացել, որ մեր հայրենիքը, մեր խիղճը, մեր ազնվությունը որեւիցե կերպ սակարկելի չէ: Մենք կավատների հետ գործարքների մեջ չենք մտնում: Մեր պատասխանը լինելու է իրենց գործունեությանը համարժեք»: