Աղանդավորը հայոց եկեղեցու պատմություն է դասավանդում

Աղանդավորը հայոց եկեղեցու պատմություն է դասավանդում
Սյունիքի մարզի դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ոչ մասնագետներն են դասավանդում: Ըստ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Զավեն Յազիչյանի՝ դասավանդում են անգամ երգի, ֆիզկուլտուրայի, կենսաբանության, ֆիզիկայի ուսուցիչները, որոնց դասաժամերը քիչ են ու չեն ապահովում մեկ դրույքը:



Դպրոցների տնօրեններն էլ նախընտրում են պակասը լրացնել այդ կերպ: Հոգեւոր հայրը  նույնիսկ hայտնաբերել է, որ գյուղական դպրոցներից մեկում  «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդում է աղանդավորական շարժման ներկայացուցիչը: «Դե պատկերացրեք ինչպես կդասավանդի, ինչ կբացատրի հայ աշակերտին»,-ասում է մեր զրուցակիցը: Նրա հավաստմամբ, առարկան ուսուցանողների համար առաջիկայում վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն: Արդեն պայմանավորվածություն  կա  Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի հետ:



Միաժամանակ, Սյունյաց թեմն աջակցության խնդրանքով դիմել է Սյունիքի մարզպետարանին: Հոգեւոր հայրը չի ժխտում, որ սյունեցիները ժամանակին հեռու էին հավատքից: Վերջին տարիներին տարբերությունն զգացվում է, մարդիկ սկսել են մկրտվել, եկեղեցի գնալ, նշել տաղավար տոները, մասնակցել ծիսակատարություններին: «Հիմա պատկերացեք, որ դպրոցներում աղավաղեն եկեղեցու պատմությունը, մատուցեն ինչպես պատահի, չկարողանան պատասխանել աշակերտների հարցերին: Պետք է դպրոցի՛ց հոգեւոր դաստիարակությունն ապահովել»,-ասաց նա: Ի դեպ, այդ առարկան դասավանդողները դժգոհում են, որ քահանաների աջակցության կարիքն ունեն, սակայն միշտ չէ, որ հաջողվում է նրանց դպրոց հրավիրել: Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահն այս հարցին խնդրում է ըմբռնումով մոտենալ: Չէ որ մարզում քահանաները  թվով քիչ են, ու նրանք դեռ պիտի պատարագ անեն, պսակադրություն, ինչու չէ՝ թաղման արարողություն: «Գուցե հարց ծագելու դեպքում հենց աշակերտների հետ եկեղեցի գնան»,-առաջարկում է Հայր Զավեն Յազիչյանը: