Մի՞թե կա ավելի լավ ժամանակ, քան հենց այս պահը

Մի՞թե կա ավելի լավ ժամանակ, քան հենց այս պահը
«Քաղաքացիական հասարակությունն անհրաժեշտ է կառավարությանը` որպես քննադատ, որպես գործընկեր, որպես պահանջներ ներկայացնող, որպես ուսումնական հիմք եւ որպես նորարարության աղբյուր: Կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը պետք է միասին աշխատեն, ինչպես նավակի թիերը:



Եթե թիերից միայն մեկն է գործի դրված, ապա նավակը կորցնում է ուղղությունը եւ չգիտես թե ուր կգնա»,- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երեկ Երեւանի պետական համալսարանում ելույթ ունեցավ «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» թեմայի շուրջ: Նա նշեց, որ կառավարությունները հաճախ սահմանափակում են քաղաքացիական հասարակության օրինական գործունեությունը` պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես դրսեւորվող հալածանքներով: «Որպես ամերիկացի՝ ես այն հիմնարար համոզմունքին եմ, որ երկրներն ավելի ամուր ու ավելի ծաղկուն կդառնան, եթե հասարակությունները լինեն բաց, իսկ կառավարությունները՝ արձագանքող»,- կարծում է Միացյալ Նահանգների դեսպանը: Մարի Յովանովիչն ընդգծեց, որ ազատության պայմաններում քաղաքացիական հասարակությունը կարող է սարեր շարժել, սակայն կառավարությունները երբեմն կուզենային, որ այդ սարերը հենց իրենց տեղերում էլ մնային: «Կառավարություններն այլեւս չեն կարող կանխել այն գաղափարների տարածումը, որոնք իրենց դուր չեն գալիս, ուղղակի արգելելով դրանց հայտնվելը ԶԼՄ-ներում: Լրատվությունն այլեւս միակողմանի հոսք չէ, եւ իշխանություն ունեցողները չեն որոշում, թե որ տեղեկությունը տարածել կամ որ գաղափարները վստահել մարդկանց»,- նոր մեդիա դերակատարությունը շեշտեց Մարի Յովանովիչը:



Նա ասաց, որ քաղաքացիական հասարակությանն իրավասություններով օժտելը ոչ միայն Հայաստանի ժողովրդավարության ու բարօրության առանցքն է, այլեւ կենսական նշանակություն ունի երկրի ազգային անվտանգության համար: «Իսկ իրավասություններով օժտելու համար մի՞թե կա ավելի լավ ժամանակ, քան հենց այս պահը»,- հռետորական հարց հնչեցրեց դեսպանը: Մարի Յովանովիչը արմատական փոփոխություններ անելու կոչ արեց` նշելով, որ դրա համար կպահանջվի օրենքի հետեւողական ու հավասար կիրառում բոլորի նկատմամբ` լինի հարուստ ու հզոր, թե աղքատ ու անհայտ անձնավորություն: «Դրա համար կպահանջվի, որ խաղաղ, օրինական հանրահավաքները չցրվեն ու չլինեն ոտնձգություններ դրանց հանդեպ»,- ՀՀ իշխանություններին հստակ մեսիջ հղեց ԱՄՆ դեսպանը, ապա խոսքն ուղղեց հասարակությանը. «Դուք չեք կարող ապրել ձեր ուզած երկրում, եթե չգործեք: Դուք կարող եք պարզ քայլեր ձեռնարկել կամ ավելի ծանրակշիռ քայլեր: Ապագան ձեր ձեռքում է»: